Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք չպետք է ընդունեք այդ առարկությունը, դա դեմ է կարգին․ Լաչինի միջանցքը փակ է և ունի աղետալի հետևանքներ»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Սամադ Սեիդովի առարկության առիթով

Հունվար 23,2023 19:11

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում միակ պատվիրակը, որը դեմ արտահայտվեց Լաչինի միջանցքի շրջափակման հարցով քննարկման կազմակերպմանը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն էր։ ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը հայտարարեց, որ ԵԽԽՎ նախագահության կողմից առաջարկ է եղել այս հարցով ընթացիկ հարցերի քննարկում կազմակերպել և հարցրեց՝ դեմ անձինք կա՞ն։ Ոչ մեկը չարձագանքեց։ Այնուհետև նախագահն ասաց, որ առարկություններ չկան, ուստի հարցը դրվում է քվեարկության։ Այս բանից հետո ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության նախագահ Սամադ Սեիդովը հայտարարեց, թե առարկություններ ունի։ Նրան տրվեց խոսքի իրավունք։

 

Նա հայտարարեց․ «Այսօր մենք ականատես եղանք որոշ խնդրահարույց հարցերի, որոնք տարօրինակ են ինձ համար։ Ես դեմ եմ այս հարցով ընթացիկ հարցերի քննարկում կազմակերպելուն, քանի որ այդ ամենը ճիշտ չէ։ Ես գիտեմ՝ կլինեմ փոքրամասնություն, բայց պիտի ասեմ, որ սա ճիշտ չէ։ Լաչինի միջանցքը բաց է։ Հենց այդ է պատճառը, որ երբ դուք քննարկման վերնագրում գրում եք շրջափակում, սա չի համապատասխանում իրականությանը։ Այս պատճառով էլ ես դեմ եմ և ունեմ փաստեր։ Ես դեռ հնարավորություն կունենամ դրանք ձեզ ներկայացնելու, ցույց տալու, որ ճանապարհը բաց է և ոչ մեկը չի պատրաստվում այն փակել։ Բայց որոշ ուժեր ուզում են ցույց տալ հակառակ իրավիճակը, դա է պատճառը, որ ես դեմ եմ այդ քննարկմանը»։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Սամադ Սեիդովի առարկությունը նախագահությունը չպետք է ընդունի, քանի որ ԵԽԽՎ նախագահի հարցից հետո՝ ո՞վ է դեմ, ոչ մեկը չէր արձագանքել։ Դա դեմ է կարգին։ Այնուհետև Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Լաչինի միջանցքը փակ է և այն ունի աղետալի հետևանքներ։ Դա հումանիտար ճգնաժամ է, և այդ հարցն անպայման պետք է քննարկվի»։

Այնուհետև հարցը դրվեց ԵԽԽՎ քվերկության։ Այն ընդունվեց ձայների 91 «կողմ», 13 «դեմ», 13 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քննարկումը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ հունվարի 26-ին՝ լիագումար նիստի երկրորդ հատվածում՝ Ստրասբուրգի ժամանակով ժամը 17։00-ից հետո, Երևանի ժամանակով ժամը 20․00-ից հետո։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031