Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսեց 15 զինծառայողների հրկիզվելու, դրանից առաջ էլ Հայաստանին եւ Արցախին պատած դժբախտությունների օրինաչափության մասին: Նա մասնավորապես, ասաց. «Քանի Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է, Հայաստանում սուգը, ողբերգությունը օրինաչափություն է: Ամեն օրվա մի զարհուրելի, ողբերգական տեղեկություն ստանալը արդեն դարձել է օրինաչափություն: Ու այս մեծ ողբերգության մեջ իշխանության ձեռքբերումն այն է, որ մենք արդեն Արցախի մասին, որ Արցախում արդեն 43-րդ օրն է՝ մարդիկ շրջափակման մեջ են՝ չենք խոսում: Այսինքն, մի ծանր ողբերգություն ծածկում է մի ուրիշ ծանր ողբերգության մասին լուրը: Ու դա տեղի է ունենում ամեն օրվա ռեժիմով:
Ասում են՝ ՊՆ N զորամասի կացարան: Բայց որեւէ մեկը, որ նայում է այդ լուսանկարները, մտածում է՞, որ դա կացարան է եղել, որ դա զինվորների կեցության վայր է եղել: Դուք նայեք, թե ինչ զորանոցներ են բացվել Նիկոլ Փաշինյանի՝ գրիչի մեկ հարվածով ադրբեջանական տիրապետության տակ անցած հայկական Քարվաճառում, թե Արցախի շուրջ սահմանային ինչ զորամասեր են բացվել: Բա 2020 թվականից մինչեւ հիմա հայրենիքը պաշտպանող զինվորականների համար տարրական կենցաղային պայմաններ չպիտի ստեղծվեի՞ն: Այսինքն, այդ պայմաններում հրդեհը, փլուզումը, շնչահեղձ լինելը օրինաչափությո՞ւն պետք է համարել, այլ ոչ թե դժբախտ դեպք: Ասես, դիտավորյալ արած լինեն: Եվ ինչ լկտի պրոպագանդա են տանում այդ ուղղությամբ
Հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը, որի հանձնարարությունը բացի կեղտոտ իշխանական, թշնամական քարոզչությունից, չես հասկանում, թե որն է, մանավանդ, որ դիվանագետի ֆունկցիաների մեջ չի մտնում առհասարակ ռազմական գործից իրազեկված լինելը, մեկնաբանություններ անելը, պաշտոնապես հայտարարեց, որ այդ վայր, որը չեմ կարող կացարան կամ զինանոց անվանել, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, զինվորները տեղափոխվել են սեպտեմբերի 13-14-ից հետո, որովհետեւ այդ օրերին է իրենց հիմնական զորանոցը վնասվել: Ու պարզվում է, որ նրանք 2020 թվին Քարվաճառից են տեղափոխվել այնտեղ: Այսինքն, ավելի քան երկու տարի է, զինվորները այդ պայմաններում են եւ նրանց ծառայության պայմանները բարելավելու ոչ մի ջանք չի իրականացվել:
Ես ավելի վաղ լրատվությունը նայեցի: 2022 թվականի հուլիսին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է 2-րդ բանակային զորամիավորում, որի կազմի մեջ գտնվել է վաշտը, եւ ծանոթացել է զինվորների կեցության, սննդի եւ այլ պայմաններին: Ստացվում է, որ ըստ պաշտոնական լրահոսի, Սուրեն Պապիկյանը կոնկրետ այդ հատվածում զինվորների ծառայության պայմաններին տեղյակ է եղել: Եվ համարել է նորմալ պայմաններ, որովհետեւ պաշտոնական լրահոսում չի գրված, որ Սուրեն Պապիկյանին անհանգստացրեց զորամասերի վիճակը, նա տվեց հանձնարարություններ՝ կարճ ժամկետում թերությունները վերացնելու համար: Այդպես պետք է եղած լիներ չէ՞: Իսկ այսօր ԱԺ նախագահը ցինիկաբար ասում է, թե զինվորների պայմանները շատ լավն են եղել»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ