«Մեր այս գործողությունն իրականում ուշացած է։ Վաղուց պետք է բողոքեինք ու հանգիստ չտայինք այս կառավարությանը, որովհետեւ նրա օրոք բանակը դարձել է երկրի խորթ զավակը։ Իշխանությունը քայլ առ քայլ բանակը քանդում է, կոտրում ոգին ու կարողությունները։ 44-օրյա պատերազմի ժամանակ այս իշխանությունն իր գործողություններով բանակին մենակ թողեց թշնամու դեմ»,-«Համախմբում» շարժման եւ համակիրների կազմակերպած՝ ՀՀ կառավարության դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցի ժամանակ այսօր հայտարարեց շարժման անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Ցույցի մասնակիցները պարզել էին Գեղարքունիքի մարզում մահացած 15 զինվորների լուսանկարները։
Ավետիք Չալաբյանի խոսքով՝ պատերազմի ժամանակ ավելի քան հազար սպա զոհվեց, իսկ պատերազմից հետո իշխանությունը շարունակեց կոտրել բանակի ողնաշարը հանդիսացող սպայակազմը․ «Հարյուրավոր քրեական գործեր կան սպաների դեմ։ Մեզ փորձում են համոզել, թե իբր սպաներն են պարտվել այդ պատերազմը։ Շատ սպաներ դուրս են գալիս բանակից, որովհետեւ եթե մնան, հաջորդ քրեական գործն իրենց է հասնելու։ Այս ողբերգության օրն ութ բարձրաստիճան սպաներ հեռացվեցին՝ առանց ծառայողական քննության, եւ պատասխանատվության սլաքն իշխանությունն ուղղեց նրանց։
Կարդացեք նաև
Վարչապետի աթոռին նստածն էլ հայտարարեց, թե բոլորի պատասխանատվությունը գիտեն, եւ նրանք իրենց պատիժը կստանան։ Առաջինը դու քո պատիժը պետք է ստանայիր, որովհետեւ հեռացվածներից շատերն անմիջական պատասխանատու չեն եւ մեղք չունեն, որ զինվորները մնացել էին այդ ախոռում։ Պատերազմից հետո անգամ գրավոր պայմանավորվածություններով թշնամուն զիջվեցին տարածքներ ու ճանապարհներ, բանակն ի՞նչ անի։ Բանակը կռվել է ու պահել այդ հողը, իսկ դու տվել ես։ Նախկինում լավագույն ռազմավարական դիրքերում մեր զինվորներն էին, իսկ հիմա՝ թշնամին։ Բանակը քո ձեռքում ի՞նչ անի: Իսկ թշնամին շատ լավ գիտի, որ մեր բանակին անընդհատ մեջքից են խփում՝ այ այս շենքից, ու բանակը չգիտի՝ թշնամո՞ւ դեմ կռվի, թե սրանց»։
Ավետիք Չալաբյանը շեշտեց՝ թշնամին մեկ ամսում իր առաջ եկած տարածքներում կահավորում է դիրքերը, ճանապարհներ կառուցում, իսկ մեզանում ոչինչ չի արվում, որովհետեւ բանակին հարվածում է հենց մեր իշխանությունը․ «Այս շենքում նստած մարդը, որը քաղաքական հոգեվարքի մեջ է, պետք է հեռանա, իր քաղաքական հոգեվարքը մեր կյանքերի հաշվին է։ Քո հետեւից ավելի լավերն են գալու։ Ժողովուրդը չպետք է վախենա, որ նա գնա՝ նախկիններն են գալու։ Ոչ։ Ժողովուրդը նախկիններին չի ընտրելու։ Նոր մարդիկ են գալու, ժողովրդի արգանդը չի չորացել»։
Ավետիք Չալաբյանի խոսքով՝ իշխանությունը մնացել է այն պատճառով, որ ժողովրդի մեծ մասը չի ուզում նախկինների վերադարձ եւ Փաշինյանին ընտրել է ոչ թե նրա արժանիքների համար, այլ նախկիններին հեռացնելու․ «Փաշինյանից ազատվելու ճանապարհը հետեւյալն է․ բոլորով պետք է այս իշխանությանն այլընտրանք կառուցենք։ Մարդիկ չպետք է այլեւս հարց տան, որ եթե Փաշինյանը չլինի, ի՞նչ կլինի։ Մարդիկ պետք է համոզվեն, որ քաղաքական համակարգն ունակ է ստեղծել այլընտրանք, եւ մենք հետեւողականորեն գնալու ենք այդ ճանապարհով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ