ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Լոռու մարզի Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով քաղաքացու վնասվածք ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2023թ. հունվարի 22-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն մարզի Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի տներից մեկի ջեռուցման համակարգը պայթելու հետևանքով կան տուժածներ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված տանը ջեռուցման գազի կաթսային զուգահեռ տեղադրված է եղել նաև ինքնաշեն կաթսա՝ նախատեսված փայտով ջեռուցման համար, որի ջրի շրջանառությունը կարգավորվել է հիշյալ գազի կաթսայի ջրի պոմպի միջոցով: 2023թ. հունվարի 22-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, նշված հասցեի 51-ամյա բնակչուհին ինքնաշեն կաթսան փայտ գցելու նպատակով մտել է սենյակ և նույն պահին նշված կաթսայի պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք՝ ներառյալ ձախ ձեռքի ամպուտացիա:
Նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր, այդ թվում նաև անվտանգության կանոնների հնարավոր խախտման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե