«Մեր գնահատմամբ՝ այս ողբերգության մեղավորը եւ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Երկրորդ մեղավորն ու պատասխանատուն Սուրեն Պապիկյանն է։ ՀՀ սահմանադրության համաձայն՝ ԶՈՒ-ն կառավարության ենթակայության ներքո է, հետեւաբար՝ նման տապալման պատասխանատուն կառավարությունն է իր ղեկավարով»,-«Համախմբում» շարժման եւ համակիրների կազմակերպած՝ ՀՀ կառավարության դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցի ժամանակ այսօր հայտարարեց շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նա հիշեցրեց, որ սահմանադրության համաձայն՝ պաշտպանության նախարարն իրականացնում է ԶՈՒ կառավարումը, եւ անդրադարձավ Գեղարքունիքի մարզում 15 զինվորների մահվան դեպքին․ «Ողբերգության իրական, խորքային պատճառը կապված չէ հրդեհային անվտանգության կանոնների հետ։ Դա ուղղակի վարկած է, որը շատ արագ շրջանառեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանատվությունից խուսափելու եւ հանրային արձագանք ստեղծելու նպատակով։ Այդ խուսափումն ուղղորդում է նախաքննությանը՝ տանելու այն հունով, որը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում ողբերգությունը չէր լինի, եթե վաշտը տեղակայված լիներ զորանոցային պայմաններում»։
Մենուա Սողոմոնյանն արձագանքեց նաեւ այս օրերին հնչող հարցադրումներին, թե զորանոցային պայմաններ ապահովելու համար գուցե գումար չկա․ «Եթե «Եվրատեսիլի» համար կա 5 միլիարդ, եթե 500 000 դոլարով վարչապետի եւ տիկնոջ համար նոր մեքենաներ են գնվում, եթե հրապարակը շքեղ զարդարում են, ապա զինվորների համար նորմալ պայմանների գումար չկա՞։ Կա։ Եթե չեն ծախսվում, նշանակում է, որ պաշտպանությունը եւ բանակը կարեւոր չեն իշխանության համար։ Կուզեի փակել բոլոր այն բերանները, որոնք կասեն, թե մենք այս ողբերգությունը շահարկում ենք քաղաքական նպատակներով։ Հասարակությանը կոչ ենք անում դիրքորոշում հայտնել, որ հաջորդ անգամ այս դժբախտությունը չլինի իմ կամ ձեր որդու, եղբոր հետ»։
Կարդացեք նաև
Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ՝ բանակի աստիճանական կազմաքանդումը Նիկոլ Փաշինյանի օրակարգն է․ «Մի քանի օր առաջ մի հանճարեղ միտք ասաց նա, թե ռուսական ռազմական ներկայությունը սպառնում է մեր անվտանգությանը։ Այդ նույն տրամաբանությամբ նա առաջ է տանում միտքը, որ եթե բանակ չունենանք, կլինենք անվտանգ։ Այլապես չկա բացատրություն նրան, թե ինչու 4,5 տարում փոխեց չորս պաշտպանության նախարար, ԳՇ պետ։ Այս ողբերգությունը բանակի աստիճանական կազմաքանդման կետերից մեկն է, որով հանրության շրջանում ուզում են վախ ու անվստահություն սերմանել բանակի հանդեպ։ Չտրվեք այս կեղտոտ սադրանքին։ Մենք բանակին վստահում ենք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ