Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն այդ տնակների մասին առավոտից գիշեր չէր խոսի»․ Գեղամ Մանուկյան

Հունվար 23,2023 17:02

Ինչպես հայտնել էինք, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում կազմակերպել էր դռնփակ աշխատանքային քննարկում՝ ՀՀ զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների վերաբերյալ, սակայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրություն էր ուղարկել, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել կամ ներկայացուցիչ ուղարկել։ Հրավերը հարգել եւ ներկայացուցիչ էր ուղարկել միայն ֆինանսների նախարարությունը։

Քննարկման բաց հատվածում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզում 15 զինվորի մահվան դեպքին, հայտարարեց․ «Բոլորի աչքի առաջ դժբախտ դեպքին նախորդել է Անդրանիկ Քոչարյանի մի հայտարարություն, որ նոր տարուց առաջ ընդդիմադիր պատգամավորները եղել են առաջնագծի տարբեր հատվածներում եւ դրանից հետո «սակավախոս դարձել»։ Նա ակնարկել էր, թե մենք այնպիսի լավ վիճակ ենք տեսել, որ խուսափում ենք բարձրաձայնել։ Տեղի ունեցավ այդ դժբախտ դեպքը, եւ այսօր էլ իշխանությունը շարունակում է ոչ թե խնդիրներ լուծել, առաջնագիծ կահավորել, այլ սեփական հեղինակությունը փրկելով է զբաղված։ Վերջին աղմկոտ օրինակն իտալական մոդուլային տնակներն են։ Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն դրա մասին թերեւս առավոտից գիշեր չէր խոսի»։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ ովքեր որ ծանոթ են առաջնագծի պայմաններին, գիտեն, որ նման մոդուլային տնակներ վաղուց արտադրվում են ՀՀ-ում եւ տեղավորվում որոշ հատվածներում․ «Դրանք, ցավոք, ժամանակավոր են, ոչ թե ամրակայված կացարաններ են։ Փոխարենն իշխանությունն այս օրերին պարեկների շնորհանդեսներով է զբաղված, Իջեւանում ճոխ խնջույք է անում։ Պարեկային ծառայությունը խայտառակ վիճակում է․ Երեւանի ծառայության համար նոր գնված թանկարժեք մեքենաների պարկի 23%-ը խափանված կանգնած է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031