ԵՄ Խորհուրդն այսօր համաձայնություն է տվել Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում Հայաստանում ստեղծել Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն (EUMA): Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորումը և ապահովել այնպիսի միջավայր, որը կառուցողական կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից հովանավորվող ջանքերի համար: Այս մասին ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:
«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծմամբ նոր փուլ է սկսվում Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության գործում: ԵՄ-ն կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին և հանձնառու է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնանպատակի ուղղությամբ»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ EUMA-ն կիրականացնի կանոնավոր պարեկություն և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի ԵՄ-ի ընկալումը տեղում իրավիճակի վերաբերյալ: Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում։
EUMA-ի նախնական մանդատը կլինի երկու տարով, իսկ նրա գործառնական շտաբը կլինի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը՝ EEAS-ի կառավարիչ տնօրենը: Առաջիկայում կնշանակվի տեղում գործողությունները ղեկավարող առաքելության ղեկավար։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ