Լրահոս
Օրվա լրահոսը

Սուր շնչառական վարակները կարծես թե նահանջում են

Հունվար 23,2023 15:50

Դեկտեմբեր ամսից ավելի սրված սուր շնչառական վարակներով պայմանավորված, Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական սոմատիկ ու թերապեւտիկ բաժանմունքներն աշխատում են ծանրաբեռնված գրաֆիկով:

Թեեւ նախորդ շաբաթ հիվանդությունը փոքր-ինչ հետընթաց է արձանագրել, մասնագետները բարձրաձայնում են, որ քաղաքացիները շարունակում են զբաղվել ինքնաբուժությամբ, ինչն էլ իր հերթին բարդացնում է իրավիճակը:

Թիրախային խմբում հատկապես մինչեւ 18 տարեկան երեխաներն են ու 65 տարեկանից բարձր խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք. «Թիրախային խումբը 0-ից 3 տարեկան երեխաներն են, իհարկե այն երեխաները, որոնք կարիք ունեն հոսպիտալացման: Պարզապես խոսքը վերաբերում է հոսպիտալացման անհրաժեշտությանը, այսինքն` բարդություններով դեպքերին: Դա կլինի համառ ջերմությունը, շնչարգելությունը, երեխաների մոտ ուղեկցող վիճակները՝ փսխումային սիմպտոմ, երբեմն նաեւ աղիքային սիմպտոմի ձեւով դրսեւորումներ, որոնք պայմանավորված են վիրուսային ծագումով»,-ասում է ՎԲԿ-ի մանկաբույժ Իդա Կիրակոսյանը, միաժամանակ նշելով, որ բաժանմունքը եւ՛ հոսպիտալացված դեպքերի առումով, եւ՛ դիմելիության առումով կրկնակի ցուցանիշներ է գրանցել. «Եղել են օրեր, որ 34 մահճակալ հագեցվածությամբ բաժանմունքում ստիպված հոսպիտալացվել են 60 եւ ավելի թվաքանակ հիվանդներ: Վերջին ամիսներին, ինչու չէ նաեւ տարիներ շարունակ բաժանմունքն աշխատում է գերհագեցված պայմաններում: Գրեթե միշտ մահճակալների եւ հիվանդաքանակի թիվը չի համապատասխանում»:

Այս պահին հոսպիտալացված հիվանդների թիվը 40 է: Իսկ գերակշռողը մինչեւ 1 տարեկան երեխաներն են:
Իսկ ՎԲԿ-ի թերապեւտ Անահիտ Թամրազյանը լրագրողների հետ զրույցում նշում է, որ իրենց բաժանմունքում այս պահի դրությամբ բուժում են ստանում հիմնականում միջին տարիքի մարդիկ. «Մեծահասակները մի քիչ ուշացած են եղել: Ծանր ընթացք են ունենում ուղեկցող հիվանդություններ ունեցողները՝ դիաբետիկները, ճնշում ունեցողները: Ներկա պահին բաժանմունքում ունենք 25 հիվանդ, որից 20-ի մոտ կան եւ՛ բրոնխիտ, եւ՛ թոքաբորբ»:

Մասնագետները նշում են, որ հիվանդության աճ նկատվել է դեկտեմբերի կեսերին, այս պահին նկատում են արդեն վիրուսի հետընթաց:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031