Լրահոս
Օրվա լրահոսը

Ոլորտներ կան, որտեղ ունենք զրո պաշտպանություն․ ԲՈԿ նախագահ

Հունվար 23,2023 15:21

«2022թ հաստատված թեկնածուականների թիվը մի փոքր գերազանցում է նախորդ երկու տարիներին հաստատված թեկնածուականների թվին։ Այն 166 է, որն, ըստ էության, հավասար բաշխվել է բնական եւ հումանիտար թեւերում։ Սովորաբար այդպես չի լինում։ Հումանիտար թեւում միշտ 20-30 տոկոսով ավելի թեկնածուական պաշտպանություններ են լինում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը (լուսանկարում)։

Նրա խոսքով․ «Այս տարի մի կողմից բնագիտական թեւն էր ավելի ակտիվացել, մյուս կողմից՝ հումանիտար թեւն ավելի պասիվացել էր՝ նախորդ տարվա համեմատ, այդ պատճառով հետաքրքիր վիճակագրություն ունենք»։

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը այլ տվյալներ էլ ներկայացրեց, մասնավորապես նշեց այն ուղղությունները, որոնց գծով շատ են եղել պաշտպանությունները․ «Բնական գիտությունների թեւում դա ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանական եւ տեխնիկական գիտություններն են, որտեղ ամենաշատ պաշտպանություններն ենք ունեցել, իսկ հումանիտար թեւում՝ տնտեսագիտությունը, բանասիրությունը եւ իրավագիտությունը»։

Ինչ վերաբերվում է պասիվությանը՝ այլ ոլորտներում, այս մասին էլ ասաց․ «Ոլորտներ կան, որ ընդհանուր հաստատված թեկնածուականների քանակը զրո է եղել, օրինակ` գյուղատնտեսական, անասնաբուժական եւ դեղագործական գիտությունները՝ բնական գիտությունների թեւում, իսկ հումանիտարում՝ փիլիսոփայությունն ու հասարակագիտությունը։ Ընդ որում, գյուղատնտեսության ոլորտում ոչ վաղ անցյալում՝ 7-8 տարի առաջ տարեկան 20 հաստատված թեկնածուական ենք ունեցել։ Ուստի ներկայիս ցուցանիշը, որ արդեն երկրորդ տարին է ունենք, բավականին անհանգստացնող է»։

Կարեն Քեռյանը հիշեցրեց, որ նախորդ տարի ձեւավորել էին մասնագիտական խորհուրդներ, ինչի արդյունքում 8 մասնագիտական խորհրդի կազմ չէր հաստատվել․ «Այդտեղ եւս բավականին հետաքրքիր վիճակագրություն ունենք։ Մասնագիտական խորհուրդներում բնագիտական թեւում մասնագետների, գիտնականների միջին տարիքը բարձր է, մոտ 67, իսկ հումանիտարում՝ 57 է։ Գյուղատնտեսության ոլորտում մասնագետների տարիքն էլ ավելի բարձր է։ Այսինքն, խնդիրները բավականին խորքային են, ուստի հարկավոր է այդ ուղղությամբ հստակ քաղաքականություն իրականացնել, այլապես մենք տվյալ ոլորտներից զրկվելու եզրին ենք կանգնած»։

Դրական առումով էլ նշեց, որ բնագիտական թեւում մասնագետներից յուրաքանչյուրը վերջին 5 տարիներին միջինը 11 հոդված է ունեցել․ «Այդ հոդվածներից 5-ը Web of Science-ում կամ Scopus-ում, այսինքն` միջազգային ընդունելի պարբերականներում է հրապարակվել։ Ինչ վերաբերվում է հումանիտար թեւին, այնտեղ հոդվածներն ավելի շատ են, միջին քանակը 14 է մեկ մասնագետի հաշվով, բայց Web of Science-ում, Scopus-ում հրապարակումների քանակը շատ ավելի ցածր է, քան բնագիտական թեւում եւ կազմում է ընդամենը 0,64՝ մեկ մասնագետին բաժին ընկնող հոդվածների թվով։ Այս խնդրի մասին եւս շատ է խոսվել, եւ այստեղ էլ հստակ փոփոխությունների անհրաժեշտություն ունենք» ։

Նա անդրադարձավ նաեւ աստիճանաշնորհման կանոնակարգի մշակմանը, որը, ԲՈԿ նախագահի ձեւակերպմամբ, կարգավորել է ողջ դաշտը, թե ովքեր կարող են գիտությունների թեկնածու, դոկտոր դառնալ, տվյալ մասնագիտական խորհրդում ընդգրկվել ու գիտական աստիճան շնորհել։ «Մեր համակարգը խորհրդային համակարգ է, եւ դրանից եվրոպականի անցում կատարելու անհրաժեշտություն կա»,-ընդգծեց Քեռյանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031