Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆ նախարարը որեւիցե ձեւով այս ամեն ինչի հետ չի կարող կապ ունենալ». Ալեն Սիմոնյանը՝ զորամասի հրդեհի ու իր վարկածի մասին

Հունվար 23,2023 14:08

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհին, կրկնեց նույնը, ինչ ասել էր վարչապետ Փաշինյանը. «Իմ ունեցած տեղեկություններով, գիշերը քնած են եղել, իրենցից մեկը որոշել է, որ կրակը պետք է ավելի ուժեղացնի եւ 5 լիտրանոց տարայով լցրել է, բռնկվել է ու այդ իրավիճակից, վախից շպրտել է ու ամբողջ սենյակը այրվել է: Չեմ ուզում շատ բաներ պատմել, որովհետև զուտ անձնական զրույց է եղել, թող նախաքննությունը գնա»: Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ բոլոր մեղավորները քրեաիրավական պատասխանատվության կենթարկվեն:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ միգուցե ՊՆ նախարարն էլ քաղաքակա՞ն պատասխանատվության ենթարկվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «ՊՆ նախարարը որեւիցե ձեւով այս ամեն ինչի հետ չի կարող կապ ունենալ, որովհետեւ իր գործառույթի մասով ինքը իր մասով ամեն ինչ արել է ու քաղաքական այդ սակարկումները ՊՆ նախարարի վերաբերյալ սին եմ համարում, որովհետեւ այն բարեփոխումները, որ Պապիկյանը անում է, նաեւ այն պատասխանատվությունը, որ վերցրել էր իր վրա՝ որպես փոխվարչապետ, պատերազմից հետո նա այդ վիճակում համաձայնություն է տվել բանակը վերցնել ու սկսել բարեփոխումներ»:

Հարցին՝ ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, գուցե բա՞ց ենք թողել ինչ-որ բան՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե դուք ամեն ինչ եք բաց թողնում, որովհետեւ լավը ձեռնտու չի ասել. «Բարեփոխումները՝ սկսած անձնակազմի փոփոխությունից, վերջացրած կահավորումից, որը բոլոր տեղերում փոխվել եւ փոխվում է, մենք դրսից նաեւ տարբեր որակի եւ տարբեր բարձր մակարդակի կահավորում ենք ներմուծելու ՀՀ»:

Դիտարկմանը, որ եթե մոդուլային կացարանի մասին է խոսքը, ապա դա հնարավոր էր սեպտեմբերին էլ բերել, ոչ թե ճոխ ծախսեր անել, օրինակ, ինչպես վարչապետի անձնակազմը ծախսում էր վերելակի համար, դուք՝ ծառայողական մեքենայի վրա, պատգամավորների պարգեւավճարների համար՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «ՀՀ-ն գումարի որեւէ խնդիր չունի բանակի վրա ծախսելու ու որեւէ դեպք չի եղել ու չկա 2018-ից սկսած, որ մենք որեւէ գնում չկատարենք: Ուստի այդ բոլոր օրինակները, որ բերում եք՝ սկսած գրիչի վրա ծախսելուց, վերելակով ու մեքենայով վերջացրած, այնպես չի, որ կա գումար, որ ընտրություն է կատարվում բանակի վրա ծախսենք, թե վերելակի ու ընտրում ենք վերելակը»:

Ըստ Ալեն Սիմոնյանի, հրդեհված կացարանի ամենամեծ խնդիրն այն է եղել, որ այնտեղ չեն պահպանվել անվտանգության կանոնները, մասնավորապես՝ պատուհանները եղել են ճաղավանդակներով, ուստի այդ կանոնների խախտման համար պատասխանատվության են ենթարկվելու: Բայց երբ մարդիկ խոսում են քաղաքական պատասխանատվության մասին, Ալեն Սիմոնյանի խոսքով՝ եթե Պապիկյանի բարեփոխումները չլինեին, նման պատահարներ շատ ավելի շատ կարող էին լինել. «Այնուամենայնիվ, դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա՝ անընդունելի եմ համարում»:

Իսկ թե ինչու էին առանց ծառայողական քննության պատասխանատուներ կարգում ու պաշտոնանկ անում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ եթե ինֆորմացիայի տիրապետում են, մարդիկ կան, որ այնտեղ են եղել ու պարզ է մեծ հաշվով, թե ինչ է եղել. «Նման որոշում կայացնող մարմինը գտել է, որ ճիշտ է այդ ճանապարհով գնալ: Ես ասում եմ այն, ինչ իմ զրույցի ընթացքում տեղեկացվել եմ զինվորների հետ հանդիպելուց հետո: Անփույթ բան է եղել, 5 լիտրանոց տարան վերցրել է ու լցրել փեջի մեջ»:

Լրագրողները հիշեցրին, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ գրառում էր արել ոչ մարտական պայմաններում բանակում 2 զոհ ունենալու հետ կապված ու ասել՝ ամեն զոհի հետեւում պատասխանատուներ կան, ուստի հարցին՝ հիմա ի՞նչ է փոխվել, մտածում եք սա՞ էլ կարող է իշխանությունը շատ հանգիստ մարսել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ախր համեմատականները տեղին չեն, մեծ քանակով շատ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ պաշտոնանկ են արվել: Էդ ձեր ասած ժամանակում քանի՞ նման դեպք գիտեք, որ բարձրաստիճան զինվորականների շարան է պաշտոնանկ արվել»: Դիտարկմանը, որ նման ողբերգություն չի եղել՝ Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Ուրիշ ողբերգություն է եղել, խի որ 2-3 հոգի իրար կրակում, սպանում են…Պատահար է տեղի ունեցել: Հիմա դրանից հետո քրեական պատասխանատվություն կա, պաշտոնանկություններ կան: Քաղաքական գործառույթի բացակայություն կա, դրա համար քաղաքական պատասխանատվություն չկա»:

Այդ դեպքում, եթե քաղաքական պատասխանատվություն չկա, ինչո՞ւ էին զինվորները հայտնվել ոչ թե զորամասում, այլ այդ խրճիթում՝ Սիմոնյանը պատասխանեց, որ այդ կացարանում բոլոր անհրաժեշտ հարմարությունները կան, բայց անվտանգության կանոնները չեն պահպանվել ու դա խրճիթ չի եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031