Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվտանգ և ավելի «կանաչ»». 47 մանկապարտեզը Երևանի էներգաարդյունավետության ծրագրով վերակառուցված ու վերաբացվել է

Հունվար 23,2023 13:42

Երևանի հ.47 մանկապարտեզը կառուցվել է 1975թ.: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով շենքն ամբողջությամբ վերակառուցվել ու վերանորոգվել է:

«Մանկապարտեզն այս տարիների ընթացքում մասնակի նորոգվել էր, բայց հիմնովին՝ երբևէ: Տանիքից կաթում էր, խմբասենյակներն ու միջանցքները, որքան էլ տաքացնեինք ու էլեկտրաէներգիա ծախսեինք, միևնույնն է, մեծ դժվարությամբ էինք կարողանում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանը»,-պատմում են մանկապարտեզի աշխատակիցները:

Հանդիսավոր բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մացեյ Չուրան, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հյուրեր:

«Էներգաարդյունավետության նոր միջոցառումները մեր մանկապարտեզներն ավելի հարմարավետ և անվտանգ կդարձնեն: Ծրագրի 1-ին փուլով նախատեսված է 12 մանկապարտեզի նորոգում և ևս 3-ի վերակառուցում՝ հաշվի առնելով այդ շենքերի սեյսմիկ վիճակը։ Սա 3-րդ վերանորոգված մանկապարտեզն է այս ծրագրով, իսկ ընդհանուր նախատեսված է 15 մանկապարտեզ»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

«Վստահաբար, կարևորագույն բաղադրիչն այն բովանդակությունն է, որը մեր երեխաները ստանում են այս պատերի ներքո, բայց, իհարկե, կարևոր է նաև միջավայրը։ Մանկապարտեզների առումով աշխատանքների  ծավալը աննախադեպ է։ Ունենք նաև նոր մանկապարտեզներ, որոնք նորոգվում ու հիմնանորոգվում են քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով, բացի այդ ունենք կառուցման ծրագրեր, մասնավորապես, Ծարավ աղբյուր թաղամասում»,-ընդգծել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

47 մանկապարտեզը 15-ից 3-րդ վերանորոգվածն է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Շենքը նախ ամրացվել է, ապա ջերմամեկուսացվել: Փոխվել են դռներն ու պատուհանները, անցկացվել է օդափոխման համակարգ: Շինարարության ընթացքում ամբողջությամբ փոխվել են նաև խմելու ջրի և կոյուղատար համակարգերն ու էլեկտրական մալուխները: Ծրագրով տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, մանկապարտեզն ունի նաև արևային ջրատաքացուցիչ, ինչը կապահովի մշտական տաք ջուր:

«Մեր համագործակցության հիմնական ուղղություններն են՝ կլիմայի փոփոխությունը, էներգախնայողությունն ու կրթությունը: Ինչ խոսք, չկա ավելի կարևոր բան, քան էներգաարդյունավետ, անվտանգ միջավայր ստեղծելը երեխաների համար: Սա ԵՄ-ի կարևոր և հստակ հանձնառությունն է մեր արժեքավոր՝ Team Europe գործընկերությանը, որն ուղղված է կյանքի որակի բարելավմանը՝ միաժամանակ լրացուցիչ օգուտներ բերելով տնտեսությանն ու հասարակությանը»,-նշել է Հայաստանում ԵՄ դեսպանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 15 մլն եվրո է: Այն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի վարկային և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության դրամաշնորհային միջոցներով, որի ամենամեծ ներդրողն է Եվրամիությունը: Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը ֆինանսավորվում է նաև համայնքային բյուջեից: Առանձին դրամաշնորհ է տրամադրել ՄԱԶԾ-ի Կանաչ կլիմայի հիմնադրամը: Ծրագրով հարկերը համաֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։

Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան նշել է. «Անվտանգ և ավելի «կանաչ» շենք. վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրմամբ Երևանի մանկապարտեզների էներգաարդյունավետության, կառուցվածքի և մատչելիության համալիր բարելավումը Երևանի քաղաքապետարանին կօգնի նվազեցնել ածխաթթու գազի արտանետումը և բարձրացնել կայունությունն ու կենսունակությունն այս ձմռանն ու նաև դրանից հետո: Սա արդյունավետ համագործակցության լավ օրինակ է»:

«Գեղեցիկ վերանորոգված շենք, որը փոփոխություն է մտցնելու մանկապարտեզ հաճախող երեխաների և տարածքի բնակիչների կյանքում: Կլիմայի փոփոխությունը բարդ մարտահրավեր է։ Շենքերն ամենամեծ էներգասպառողներն են, իսկ այս ծրագրով մինչև 50 տոկոսով կնվազի մանկապարտեզի էներգասպառումը»,-նշել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին։

Մանկապարտեզն իր ավելի քան 300 սաների համար դռները կբացի մարտից: Շենքը հարմարեցվել է նաև սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց համար։

Ծրագրով ևս 35 մանկապարտեզում կիրագործվեն էներգաարդյունավետության առանձին միջոցառումներ: Ծրագիրն էապես կնպաստի էլեկտրաէներգիայի խնայողությանը՝ տարեկան 1305 տոննայով նվազեցնելով նաև CO2-ի արտանետումը:

«Նախատեսվում է կնքել նոր համաձայնագիր, որի համաձայն կնորոգվի 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա: Մենք շարունակում ենք բոլոր ջանքերն ու նվիրումը ներդնել Երևանի համար նոր էներգաարդյունավետ նախագծերի զարգացման գործում»,- նշում է Լևոն Հովհաննիսյանը:
Քաղաքային իշխանությունը մտադիր է առաջիկա տարիներին լուծել ոչ միայն նորոգման, այլև հերթագրման խնդիրը:  Շենքային պայմանների բարելավումը որոշ մանկապարտեզներում հնարավորություն կտա ավելացնել հաճախող երեխաների թիվը: Կկառուցվեն նաև նոր մանկապարտեզներ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Վերջին տարիներին նորոգված մանկապարտեզների պատուհանները ներկվում են Լգտպ գույներով՝պատահականություն է թե ծրագիր – – –

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031