Քիչ անց Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստը։ Այն կանցկացվի հունվարի 23-27-ը։
Լիագումար նիստի առաջին օրն՝ այսօր, Վեհաժողովը կընտրի ԵԽԽՎ նախագահին ու փոխնախագահներին։ Վեհաժողովի լիագումար նիստերի ընթացքում նախատեսված են Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի, Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտրիրի ելույթները։
ԵԽԽՎ օրակարգում քիչ առաջ թարմացում է կատարվել։ Մի շարք հարցերի թվում ընդգրկված է նաև «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով ընթացիկ հարցերի քննարկում կամ հրատապ ընթացակարգով բանավեճ կազմակերպելու հարցը։
Վեհաժողովը վաղը կայանալիք լիագումար նիստի ընթացքում՝ Ստրասբուրգի ժամանակով 11։30-ին որոշում կկայացնի՝ այս հարցով քննարկում կազմակերպե՞լ, թե՞ ոչ։
Կարդացեք նաև
Սակայն արդեն հայտնի է, որ եթե Վեհաժողովը կողմ քվեարկի այս թեմայով քննարկման կազմակերպմանը, դա լինելու է առանց եզրափակիչ փաստաթղթի քննարկման։
Հրատապ ընթացակարգով բանավեճի կազմակերպման համար առաջարկվել են նաև հետևյալ թեմաները՝ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի իրավական և մարդու իրավունքների ասպեկտները», «Վերջին շրջանի լարված դրությունը Պրիշտինայի և Բելգրադի միջև», «Ինչպես բարելավել Եվրոպայի խորհրդի համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ՝ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման և պաշտպանության միջոց, այդ թվում՝ Բելառուսում և Ռուսաստանի Դաշնությունում», «Հարձակումներ հանրային ծառայությունների աշխատակիցների վրա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ