Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի անկախության միջազգային ճանաչումը հրամայական է. Ստեփան Հասան-Ջալալյան

Հունվար 23,2023 12:34

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈւՄԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆ Է

2023թ. հունվարի 19-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է Արցախի Հանրապետության շրջափակման մարդասիրական հետևանքների մասին բանաձև, որտեղ, մասնավորապես, արձանագրել է հետևյալը. «Եվրոպական խորհրդարանը…3. Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը…»:

Մեջբերումից պարզ է դառնում, որ Եվրոպական խորհրդարանն առաջնային է համարում ոչ թե արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք համարվող Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, այլ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքներին ու անվտանգությանը վերաբերող հարցը:

Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանը ևս այս տեսակետին է: Վերջինս, 2022թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ-ում խոսելով  ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման մասին, մասնավորապես, հայտարարել է հետևյալը. «Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»:
Այսինքն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի՝  ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման հարցում առաջնահերթ նշանակություն ունի արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը, այլ ոչ թե՝ Արցախի կարգավիճակի հարցը:

Անհրաժեշտ է նշել, որ նման մոտեցումը հակասում է վերջերս ընդունված միջազգային իրավական ակտերից մեկին:

2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացման մասին» վերնագրով ռեզոլյուցիա (որոշում), որի 1-ին կետի համաձայն՝ Գլխավոր ասամբլեան «հաստատել է, որ բոլոր ժողովուրդների ինքնորոշման համընդհանուր իրականացումը…հանդիսանում է մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման և պաշտպանության ու այդ իրավունքների պահպանման և խրախուսման հիմնարար պայման»:

Մեջբերումից պարզ է դառնում, որ մարդու բոլոր իրավունքները կարող են արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե իրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Համաձայն ՄԱԿ-ի կողմից 1966թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերի՝ մարդն ունի բազմաթիվ իրավունքներ, մասնավորապես` կյանքի իրավունք, ազատ տեղաշարժի իրավունք, ազատորեն կարծիք արտահայտելու իրավունք և այլն:

Այսպիսով, 2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված ռեզոլյուցիայի (որոշման) 1-ին կետի համաձայն՝ միջազգային դաշնագրերով սահմանված մարդու իրավունքները չեն կարող արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե չիրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Այս իմաստով ամենևին էլ պատահական չէ, որ թե՛ «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և թե՛ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի կողմից ընդունված միջազգային դաշնագրերի 1-ին հոդվածներում սահմանված է հետևյալը. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը:»:

Այսպիսով, Արցախի կարգավիճակի փոխարեն Արցախի հայության իրավունքներն ու անվտանգությունն առաջնահերթ համարելու մասին Նիկոլ Փաշինյանի՝ վերը մեջբերված հայտարարությունը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի ընդունած վերոնշյալ բանաձևի արձանագրումը հակասում են 2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված ռեզոլյուցիային (որոշմանը):

Մինչև միջազգայնորեն չճանաչվի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, հնարավոր չի լինելու արդյունավետ կերպով երաշխավորել և պաշտպանել արցախահայության մնացյալ բոլոր իրավունքները:

Ասվածն ավելի առարկայական է դառնում Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի համատեքստում: Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածի՝ օկուպանտ Ադրբեջանի կողմից արգելափակման հետևանքով զանգվածաբար խախտվել են Արցախի Հանրապետության քաղաքացիների բազմաթիվ իրավունքներ, մասնավորապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը, որը սահմանված է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածով:

Եթե միջազգայնորեն ճանաչված լիներ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, ապա դա հիմնարար երաշխիք կհանդիսանար արցախահայության մնացյալ բոլոր իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքի, արդյունավետ երաշխավորման և պաշտպանության համար:

Հետևաբար, Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031