ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ, ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ
և ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ՝ ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Հայաստանում և Սփյուռքում ապրող սիրելի հայրենակիցներ,
Ադրբեջանը, կոպտորեն խախտելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, 2022թ․ դեկտեմբերի 12-ին կեղծ «բնապահպանական» պատճառաբանությամբ փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Դրանով Ադրբեջանը անտեսել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 13-րդ (Ազատ տեղաշարժվելու իրավունքը)․ 18-րդ (Մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը)․ 25-րդ (Կենսամակարդակի անհրաժեշտ սպասարկման իրավունքը), 26-րդ (Կրթության իրավունքը), ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 1-ին (Ժողովուրդների ինքնորոշման և իրենց բնական հարստություններն ու հնարավորություններն (ռեսուրսներ) ազատ տնօրինելու իրավունքը) հոդվածների պահանջները: Սա այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանը բռնագրավել է Արցախի Հանրապետության տարածքի 75% (43 բնակավայր), ավելի քան 35,000 բնակիչները դարձել են գաղթականներ։
Արցախի ամբողջ բնակչությունը՝ շուրջ 120 000 հայ, որից 30000 երեխա, հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ կանգնելով մարդկային (հումանիտար) աղետի առաջ։ Փակ է ոչ թե ուղղակի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, այլ՝ Արցախի կյանքի ճանապարհը։ Այդտեղով են իրականացվում պարենի, սննդամթերքի, դեղորայքի և, առհասարակ, բոլոր տեսակի մատակարարումներն Արցախ։ Ադրբեջանի նպատակը հայ բնակչությանը նվաստացնելն է, տեղաբնակ (էթնիկ) զտումներ իրականացնելը, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկելը, Արցախը վերջնականապես հայաթափելը։
Խախտված են քաղաքացիների ազատ տեղաշարժվելու, կրթություն, սնունդ և բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքները։ Շրջափակված Արցախն Ադրբեջանի նախահարձակ սպառնալիքների պատճառով վաղուց զրկված է նաև օդային ճանապարհից: Ադրբեջանն Արցախում ստեղծել է մարդկային (հումանիտար) աղետ, որի հետևանքով՝
Կարդացեք նաև
-Բնակիչները զրկված են առաջին անհարժեշտության սննդամթերքի, դեղորայքի ձեռք բերման հնարավորությունից, այդ թվում` նորածիների համար հավելյալ սնունդ։
-Բժշկական օգնության կարիք ունեցող անձինք զրկված են Հայաստանի համապատասխան բուժհաստատություններում բուժում ստանալու հնարավորությունից։
-Երեխաները չեն կարողանում հաճախել մանկապարտեզ ու դպրոց՝ պայմանավորված սննդի սակավությամբ ու էլեկտրաէներգիայի խափանումներով։
-Ձմեռային ցուրտ պայմաններում Արցախը պարբերաբար հոսանքազրկվում է․ Ադրբեջանը՝ Հայաստանից սնուցվող բարձրավոլտ գիծը Աղավնո- Բերձոր հատվածում վթարի է ենթարկել և մինչ օրս խոչընդոտում է վերականգնողական աշխատանքների կազմակերպումը։ Այժմ ներքին սահմանափակ հնարավորությունների (ռեսուրսներ) հաշվին է իրականացվում էլեկտրականության ապահովումը։
– Ադրբեջանը անջատել է Հայաստանից եկող գազամուղը՝ Արցախի բնակչությանը մատնելով ցրտահարման։
– Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող համացանցային և բջջային կապի մալուխները։
-Շրջափակման պատճառով կիսվել են ընտանիքները՝ մի մասը Հայաստանում է, մյուս մասը՝ Արցախում։ Ավելին՝ Հայաստանի Հանրապետությունում մնացած մեր ուսանողները զրկվել են կրթության իրավունքից։
– Շրջափակման պատճառվ կրճատվել են հազարավոր աշխատատեղեր․․․
Ադրբեջանի այսպիսի գործողությունները հանցագործություն են ամբողջ մարդկության ու մարդկայնության դեմ և պետք է խստորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից:
Հաշվի առնելով ստեղծված աղետալի իրավիճակը` Արցախի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի (այս պահին խախտված են համալսարանում սովորող շուրջ 1600 ուսանողի և 60 աշխատակցի իրավունքները) գիտական խորհուրդը, ուսանողական խորհուրդը պրոֆեսորադասախոսական, ուսանողական ողջ համակազմի անունից կոչ ենք անում ձեզ բարձրաձայնել և անել հնարավոր ամենը՝ Արցախը անհապաղ ապաշրջափակելու և Ադրբեջանի կողմից հերթական ցեղասպանությունը կանխելու համար։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ