Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճի մասին՝ մեկ գավաթ սուրճի շուրջ

Հունվար 23,2023 09:30

Պորտուգալիայի Կոիմբրա քաղաքի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ կոֆեինն ու սուրճի պոլիֆենոլները նվազեցնում են լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության բարդությունների հավանականությունը 2-րդ տիպի դիաբետ ունեցող մարդկանց շրջանում։

Նրանք համարում են, որ կոֆեինը, պոլիֆենոլներն ու սուրճի այլ միացությունները պայքարում են լյարդի բջիջների օքսիդացման սթրեսի դեմ։

Հետազոտությունը հիմնվել է մասնակիցների տվյալների ու նրանց մեզի 24 ժամյա ուսումնասիրությունների վրա, որոնց շնորհիվ որոշվել են կոֆեինի և այլ միացությունների մակարդակները։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։

Ճարպակալում, դիաբետ և լյարդի հիվանդություններ

Հետազոտության հեղինակ դոկտոր Ջոն Գրիֆիտ Ջոնսն ու նրա գործընկերները նշել են․ «Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության և 2-րդ տիպի դիաբետի ռիսկի գործոնները շատ հարցերում համընկնում են և ներառում են ճարպակալումը, հիպերտրիգլիցերիդեմիան, ինսուլինի նկատմամբ դիմադրողականությունը, լյարդի, ճարպային հյուսվածքների բորբոքումը»

Կենսակերպի ու սննդակարգի փոփոխությունները ողջ աշխարհում են հանգեցրել ճարպակալման խնդրի տարածման։

Nature Reviews Cardiology ամսագիրը հայտնում է, որ օրգանիզմում ճարպի ավելցուկը «դիաբետի զարգացման ամենամեծ վտանգի գործոնն է»։

2-րդ տիպի շաքարային դիաբետն առաջանում է, երբ օրգանիզմը չի կարողանում անհրաժեշտ ձևով արտադրել կամ օգտագործել ինսուլին հորմոնը։ Այդ վիճակի պատճառով արյան մեջ բարձրանում է գլյուկոզի մակարդակը, իսկ բջիջներին բավարար քանակով շաքար չի հասնում, ինչն անհրաժեշտ է օրգանիզմն էներգիայով ապահովելու համար։

Անառողջ լյարդ

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը լյարդի առավել տարածված հիվանդություններից մեկն է, որը սերտորեն կապված է ճարպակալման, ինսուլինառեզիստենտության և 2-րդ տիպի շաքարային դիաբետի հետ։ Հիվանդությունը զարգանում է, երբ լյարդում չափից ավելի ճարպ է կուտակվում՝ մեծամասամբ ֆիզիկական անբավարար ակտիվության ու անառողջ սննդակարգի պատճառով։

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը խրոնիկ հիվանդություն է, որի բարդությունները կարող են բավականին լուրջ խնդիրների հանգեցնել, ինչպիսիք են լյարդի ցիռոզը, ֆիբրոզը և այլն։ Հիվանդությունը հաճախ է զարգանում առանց ախտանշանների։

Սուրճի մետաբոլիտների ազդեցությունը

Մինչ այս ուսումնասիրությունը սուրճի օգտագործման, 2-րդ տիպի դիաբետի ու լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության միջև կապն ուսումնասիրող հետազոտություններն իրականացվել են՝ ելնելով այն հարցաթերթիկների տվյալներից, որոնք լրացվել են մասնակիցների կողմից։

Թեև այդ տվյալները հաստատում էին սուրճի օգտակարությունը, սակայն դրանք նաև ուղեկցվում էին հակասական եզրահանգումներով։ Վերջին տարիների հետազոտություններում ուսումնասիրվում էին սուրճի միացությունների ծավալը մեզի և օրգանիզմի այլ հեղուկների կազմում։

Այդ հետազոտություններում սուրճի մետաբոլիտները՝ օրգանիզմում սուրճի ճեղքման արգասիքները կապվել են 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ, հնարավոր է՝ օրգանիզմում լիպիդների՝ ճարպերի նյութափոխանակության մոդուլյացիայի հաշվին։

Կոիմբրայի համալսարանի փորձագետների անցկացրած հետազոտությանը մասնակցել են միջին տարիքային խմբում գտնվող 156 կանայք ու տղամարդիկ։ Բոլոր մասնակիցներն ունեցել են ճարպակալում, նրանցից 98-ը՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ։

Յուրաքանչյուրը մեզի 24-ժամյա նմուշները ներկայացնելուց զատ օրագիր է վարել սուրճի ու սննդակարգի վերաբերյալ՝ չմոռանալով նշել նաև կոֆեին պարունակող այլ մթերքների, օրինակ շոկոլադի օգտագործման մասին տվյալները։

Հետազոտողները վերլուծել են մեզի նմուշներում առկա կոֆեինային ու ոչ կոֆեինային մետաբոլիտները, ներառյալ՝ պարաքսանտինը, թեոֆիլինը, կոֆեինաթթուն և այլն։ Նրանք նաև հետևել են յուրաքանչյուրի քաշին, ուսումնասիրել արյան ու լյարդի տվյալները։

Այս հետազոտությունն ապացուցում է, որ սուրճի ճեղքման արգասիքները կարող են կանխել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության զարգացումն ու բարդությունները։

Հետազոտության ուժեղ կողմերն ու սահմանափակումները

Հեպատոլոգ Լիյուն Յուանը հետազոտությունում որոշակի սահմանափակումներ է տեսնում։
Առաջին հերթին, դոկտոր Յուանը նշել է, որ հետազոտության մասնակիցների թիվը մեծ չի եղել, սակայն ավելի մեծածավալ հետազոտությունները նույնպես հաստատել են սուրճի լյարդապաշտպան պոտենցիալը։
Թեև տվյալ ուսումնասիրությունը սուրճի օգտագործման նախընտրելի քանակ խորհուրդ չի տալիս, սակայն ինչպես նշում է դոկտոր Յուանը․ «Որոշ հետազոտություններում օրական 3 և ավելի բաժակ սուրճի օգտագործումը լյարդը պաշտպանող ավելի լավ արդյունք է ցույց տվել, քան օրական ավելի քիչ քանակով սուրճի օգտագործումը», իսկ այ սուրճը քաղցրացնելը բոլորովին այլ թեմա և դոկտոր Յուանը հիշեցնում է․ «Խուսափեք սուրճին շաքար ավելացնելուց»։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031