Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս բանաձեւի հիման վրա Եվրամիության գործադիր մարմնի պաշտոնյաները կարող են ավելի առարկայական ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա»

Հունվար 23,2023 13:30

Արմեն Վարդանյանը իրատեսական է համարում, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Լաչինի միջանցքը կբացվի:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը «Առավոտի» հարցին՝ իրատեսական համարում ե՞ք առաջիկա շաբաթվա ընթացքում Բերձորի միջանցքի բացումը, պատասխանեց՝ այո: Հիշեցրինք, որ նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել՝ մոտ օրերս Լաչինի միջանցքի հարցը կլուծվի, Եվրոպական խորհրդարանը բանաձեւ ընդունեց, որում պահանջներից մեկն էլ հենց այս հարցն էր: Արմեն Վարդանյանն այս առիթով ասաց. «Կարծես թե Լաչինի միջանցքի բացման հետ կապված բանակցություններ են ընթանում: Վերջին օրերին էլ եռակողմ հանդիպում է եղել Արցախի տարածքում՝ ԼՂ-ի, Արբեջանի եւ Ռուսաստանի ներկայացուիցչների մասնակցությամբ: Նաեւ սպասվում է, որ առաջիկա օրերին կլինի Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցը. Բլինքենը կզանգահարի Ալիեւին: Սա եւս մեծ ճնշում կապահովի, որպեսզի վերջինս բացի միջանցքը»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ակնկալել Եվրոպական խորհրդարանի բանաձեւից, մանավանդ, որ նման բանաձեւերը իմպերատիվ, պարտադիր կատարման բնույթ չունեն, արդյոք այս բանաձեւն է՞լ կնպաստի Լաչինի միջանցքի բացմանը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այս բանաձեւն ուղղակի ազդեցություն չունի, բայց անուղղակիորեն մեծ ազդեցություն կարող է ունենալ: Եվրախորհրդարանի բանաձեւերի հիման վրա է Եվրահանձնաժողովը շատ հաճախ քաղաքականություն մշակում եւ իրականացնում: Բնականաբար, այս բանաձեւի հիման վրա Եվրամիության գործադիր մարմնի պաշտոնյաները կարող են ավելի առարկայական ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի նա բացի Լաչինի միջանցքը: Այս առումով անուղղակիորեն այս բանաձեւերը կարող են մեծ ազդեցություն ունենալ»:

Մեր փաստմանը՝ Եվրախորհրդարանի պատգամավորներից շատերը նաեւ այս հարցում եվրոպական քաղաքականության մեղավորությունն են տեսնում եւ հարցին՝ եթե անգամ իրենք են տեսնում այս խնդիրը, արդյոք հնարավո՞ր է այս իրավիճակում եվրոպական կողմից մեծ սպասելիքներ ունենալ, քաղաքագետը պատասխանեց. «Եվրոպան էլ միատարր չէ: Տարբեր երկրներ են, որոնք ունեն իրենց շահերը, եւ հաճախ դժվար է լինում ընդհանուր համաձայնության հասնել ամենատարբեր հարցերում: Այս համատեքստում միասնականություն ապահովելը դժվար է լինում եւ բարդ: Դա եվրոպական բյուրոկրատիայի առանձնահատկություններից է: Իհարկե, որոշ եվրոպական երկրներ Ադրբեջանի հետ ունեն սերտ հարաբերություններ: Մոտ տասը երկիր գազ է ստանում Ադրբեջանից, կան երկրներ, որոնք դեմ են Ադրբեջանի դեմ կոշտ միջոցներ կիրառելուն: Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, ԵՄ-ն կարող է ավելի առարկայական ճնշումներ գործադրել Ադրբեջանի նկատմամբ: Շատ կարեւոր է ԵՄ երկու առանցքային երկրների՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիրքորոշումը: Այս հարցում կարծես թե ակնհայտ հայանպաստ դիրքորոշում է որդեգրվել, Գերմանիայի կողմից էլ կան կոչեր, հորդորներ Ադրբեջանին, որ նա բացի Լաչինի միջանցքը: Կարծում եմ՝ այս երկու երկրների կոշտ դիրքորոշումը կարող է իրավիճակ փոխել»:

Արմեն Վարդանյանը, խոսելով եվրոպական դիտորդական առաքելության մասին, ասաց. «Կարծում եմ՝ դիտորդները, եթե տեղակայվեն ՀՀ-ի սահմանին, բավականին արդյունավետ եւ զսպող գործոն կլինեն Ադրբեջանի համար»:

Նաեւ հետաքրքրվեցինք՝ իրատեսական համարո՞ւմ է, որ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն կուղակվի Լաչինի միջանցք, քանի որ բանաձեւում նման պահանջ կա, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Փաստահավաք առաքելության մասով մի քիչ թերահավատ եմ, կարծում եմ՝ այլ ձեւերով ճնշում կբանեցվի Ադրբեջանի վրա»:

Արմեն Վարդանյանը համամիտ է, որ եթե Լաչինի միջանցքը բացվի էլ, միշտ էլ ռիսկը կա, որ Ադրբեջանը կրկին կգնա սադրանքների, հետեւաբար հարցրինք՝ ի՞նչ պետք է անի հայկական կողմը, ինչպե՞ս պետք է օգտագործի այսօրինակ բանաձեւերը: Մեր զրուցակիցը նշեց. «Իհարկե, այդ ռիսկը միշտ էլ կա, դրա համար դիվանագիտությունը պետք է ավելի ակտիվ աշխատի: Պետք է թակենք բոլոր դռները, քանի որ նման բանաձեւերը մեզ համար շատ կարեւոր հաղթաթուղթ են: Մեր տեսակետները պետք է առաջ մղենք, եւ միջազգային հանրությունը Ադրբեջանին անկյուն մղի: Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը շատ կարեւոր փաստաթուղթ է, եւ ճիշտ աշխատելու դեպքում կարող ենք նմանատիպ փաստաթղթերի միջոցով մեզ համար դրական արդյունքներ ապահովել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031