Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես իմ քույրերին եմ տանը կռիվ դարձնելով տարել Վազգեն Սարգսյան, ես պատրաստ եմ, որ իմ աղջիկներն էլ գնան ժամկետային զինծառայության»

Հունվար 23,2023 14:30

Արծրուն Հովհաննիսյանը՝ կանանց ժամկետային զինծառայության մեջ ներգրավելու ՊՆ-ի նախագծի մասին

Պաշտպանության նախարարությունը նախագիծ է մշակում՝ կանանց ժամկետային զինծառայության մեջ ներգրավելու՝ վստահեցնելով, որ դա լինելու է կամավոր: Քանի որ նման նախագիծ ՊՆ-ում արդեն մի քանի անգամ շրջանառվել է, բայց չի ընդունվել, այդ թվում՝ 2016-ին ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ, «Առավոտը» զրուցեց ՊՆ նախկին խոսնակ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Նա ասաց. «Նախ եկեք հասկանանք, թե այդ նախագիծն իրենից ինչ է ներկայացնելու: Եթե կամավոր բառը լինելու է, ապա այդտեղ ժամկետային զինծառայություն չի կարող լինել, որովհետեւ կամավորը պայմանագրային զինծառայողն է, իսկ այդպիսի զինծառայություն կանանց համար արդեն իսկ նախատեսված է մեր զինված ուժերում: Ընդհանրապես այս երեւույթը խորը ուսումնասիրելով՝ մենք 2-3 բազիսային երեւույթների հետ ենք բախվում: Խնդիր համար մեկ՝ ամբողջ աշխարհում կան շատ քիչ թվով պետություններ, որոնք ունեն ժամկետային ծառայություն կանանց համար: Եվ բոլոր այդ պետություններն ունեն իրականում խորքային անվտանգային պրոբլեմներ: Բայց նույնիսկ այս պետություններում այդ ժամկետային պարտադիր ծառայությունը մի քիչ պայմանական է, այսինքն, տղաների համար այդ պարտադիր զինծառայությունն ավելի խիստ է, քան կանանց համար: Օրինակ, չարաբաստիկ Իսրայելի օրինակը կա, բոլորը սիրում են Իսրայելի օրինակը բերել, այնտեղ կինը մեկ բանավոր դիմումով, որ իր արժեքաբանական հիմունքներին դեմ է ծառայությունը, ազատվում է ծառայությունից: Այլ բան է, որ դա հետո սոցիալական մթնոլորտում այլ խնդիրներ է առաջացնում, բայց տղամարդը նույն սկզբունքով, նույն փաստաթղթավորմամբ չի կարող ազատվել: Տարբերությունը հասկանում եք: Ավելին՝ 30-40 տարի, նույնիսկ ավելի Իսրայելն ուներ պարտադիր ժամկետային զինծառայություն կանանց համար, բայց կանանց ծառայության զորատեսակները, լուծվող մարտական խնդիրները ընդհանրապես շատ խիստ սահմանափակվում էին, այսինքն, այդ ամեն ինչը շատ հարաբերական է: Մյուս կողմից՝ ՀՀ զինված ուժերը վաղուց ձեռնարկել է քայլեր, որպեսզի կանանց համար ստեղծվի հավասար հնարավորություն ծառայության մեջ: Դեռ արցախյան առաջին պատերազմից սկսած՝ շատ մասնագիտություններ իրենց համար հասանելի են եղել»:

2014-ի հունիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում եւ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում։ Այն ժամանակ էլ կար տեսակետ, որ կանանց ներգրավվածությունը ՀՀ զինված ուժերում կնպաստի բանակի ընդհանուր մթնոլորտի բարելավմանը եւ կլրացնի ռեսուրսների բազան:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Անձամբ այդ պրոցեսի մեջ ներդրում եմ ունեցել, ընտանիքի անդամ երեխեք են եկել սովորել, որը իմ համար արժեքաբանական խնդիրներ էր նաեւ առաջացրել, որովհետեւ պարզ ասեմ՝ մեր պրոբլեմը նաեւ ազգային ընկալումների մեջ է: Այսօր աշխարհի մակարդակով եթե նայենք, Հայաստանի զինված ուժերը ահագին առաջադեմ լուծումներ ունի կանանց ծառայության համար: Բայց դրա հետ մեկտեղ միշտ քննարկվել եւ միշտ կիսատ է մնացել ժամկետային պարտադիր ծառայության մեջ կանանց ներգրավելը»:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, նման նախագիծ ընդունելուց առաջ նախ հասարակական լայն քննարկում պիտի լինի. «Այստեղ կա ծայրահեղ 2 կարծիք. երկար տարիներ լինելով ԶՈՒ-ում, հետո՝ ՊՆ-ում, միշտ տեսել եմ, որ աղջիկների գերակտիվությունը ծառայության մեջ, ցանկությունը գնալ ծառայության ապշեցուցիչ մակարդակի էր եւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո դա ավելի է մեծացել: 44-օրյան նաեւ նպաստել է ազգային ընկալումների, սահմանափակումների վերացմանը: Մարդիկ ավելի ընկալումով են մոտենում դրան, որովհետեւ այսօր աղջիկները զենք են ձեռք բերում, մարզվում են, գնում են մարզական ակումբներ եւ այլն: Միգուցե ճիշտ ժամանակն է սա լայն քննարկման դնել: Կընդունենք, թե չենք ընդունի՝ ժամանակը ցույց կտա: Բայց ես ինչպես իմ քույրերին եմ ժամանակին, տանը կռիվ դարձնելով, բոլոր դժվարությունները հաղթահարելով տարել Վազգեն Սարգսյան եմ ընդունել ու իրենք այսօր փայլուն սպաներ են երկուսն էլ, ես պատրաստ եմ, որ իմ աղջիկներն էլ գնան ժամկետային զինծառայության: Բայց ոտի վրա դա չընդունենք, հասունացնենք»:

Երբ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը 2016-ին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց կանանց ժամկետային զինծառայության մեջ ներգրավելու գաղափարի մասին, հանրությունը վատ արձագանքեց, դժգոհություն կար, թե դա հարված կհասցնի բանակին, ասում էին՝ բանակը մի՞թե կանանց հույսին է: Վիգեն Սարգսյանը բացատրեց, որ բնակչության 50%-ից ավելին կանայք են ու այդ ռեսուրսը արժե օգտագործել: Այնուամենայնիվ, չարվեց դա, ի՞նչն էր պատճառը՝ Արծրուն Հովհաննիսյանը հարցին պատասխանեց. «Վիգեն Սարգսյանից առաջ էլ են այդ փորձերը եղել՝ տարբեր ձեւերով, այսպես ասած, ստուգելու հանրության ռեակցիան: Մենք իրականում այստեղ ունենք սոցիալ-հոգեբանական խնդիր, քան իրավական: Մի կողմից կա մեր ազգային որոշ ընկալումների խնդիրը, որ բանակը կանանց տեղը չի եւ այլն, մյուս կողմից՝ կան նաեւ խորհրդային ռազմական ընկալումները: Խորհրդային ռազմական դպրոցը չէր ընդունում կանանց հավասար ծառայությունը: Ավելին՝ շատ վատ ասոցացումներ կային կանանց ծառայության հետ: Դարաշրջանները, արժեքները փոխվել են, առաջինը մարտահրավերներն են մեզ կանգնեցրել այդպիսի հարցերի առաջ ու մենք սրան պետք է ըմբռնումով մոտենանք»:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ եթե նույնիսկ վաղը ընդունենք օրենք կանանց ժամկետային զինծառայության մեջ ընդգրկելու մասին, կանանց անմիջապես մարտական ծառայության չեն կարողանալու տանել. «Էլի կան ավանդույթային, արժեքաբանական հարցեր, կամաց-կամաց կհաղթահարվի: Ես երբ իմ քույրերին տարել եմ Վազգեն Սարգսյան համալսարան, որն ինքս եմ ավարտել, այնտեղի շրջանավարտների ու դասախոսների համար, երբ ասում էին՝ աղջիկները պիտի գան ընդունվեն, աղջիկների դասակ պիտի ընդունվի, ասում էին՝ վա՜յ, ինչպե՞ս պիտի անենք, կենցաղի ամենատարրական հարցերից սկսած, վերջացրած իրենց բառամթերքը, լեքսիկոնը, խոսելաձեւը, նիստուկացը, տղաների այդ սանձարձակ վիճակի որոշակի սահմանափակումները՝ առաջին տարիներին եղան պրոբլեմներ, բայց հետո կարգավորվեց: Նույն բանը կար հատուկ նշանակության զորքերում կին դիպուկահարների ներգրավման ժամանակ: Իսկ ո՞վ ասաց, որ ամերիկյան, նորվեգական բանակներում, որտեղ կանանց ներգրավվածությունը բարձր է, այդ խնդիրները չեն եղել: Այսօր ՀՀ զինված ուժերում բազում ծառայություններ կան, որոնք անմիջական հակառակորդի հետ շփման պայմաններում չեն իրականացվում, կանայք կարող են այնտեղ ծառայել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031