Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթագիտակցորեն միշտ իմացել եմ, որ բժիշկ եմ լինելու»

Հունվար 23,2023 12:00

Մարիա Առաքելյանը ԵՊԲՀ ուսանողուհի է, անչափ սիրում է այն մասնագիտությունը, որ ինքն է ընտրել, փորձում է միշտ ոգեւորության աղբյուրներ գտնել եւ կախվածություն չունենալ որեւէ բացասականից կամ, օրինակ, տրամադրությունը գցել վատ եղանակից: Մարիան նաեւ արվեստի հանդեպ մեծ սեր ունի ու բազմաթիվ հետաքրքրություններ: Մի փոքր զրուցել ենք նրա հետ:

– Փոքր տարքից հաճախել եք նկարչության, երաժշտական դպրոց, այնուհետեւ պարի ու մինչեւ օրս շարունակում եք հաճախել, այժմ սովորում եք Երեւանի պետական բժշկական համալսարանում, ինչպե՞ս որոշեցիք մշակույթից անցում կատարել դեպի բժշկություն։

– Փոքրուց ունեցել եմ տարբեր նախասիրություններ, ինչպես նշեցիք՝ հաճախել եմ տարբեր խմբակների, արվեստի դպրոցներ, որոնք բոլորը ձեւավորել են ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ այսօր։ Եվ մինչ օրս էլ կարող եմ ասել, որ արվեստը իմ կյանքի անքակտելի մասն է, իսկ ինչ վերաբերում է բժշկությունը՝ որպես մասնագիտություն ընտրելուն, կարծես ենթագիտակցորեն միշտ իմացել եմ՝ բժիշկ եմ լինելու եւ օգնելու եմ մարդկանց։ Ես սիրում եմ իմ ընտրած մասնագիտությունը եւ ընդհանրապես կյանքը՝ իր բոլոր գույներով։ Իմ առաքելությունը տեսնում եմ մարդկանց օգնելու, օգտակար լինելու մեջ։

– 44-օրյա պատերազմի օրերին հերթապահում էիք հիվանդանոցներում, օգնում փորձառու բժիշկներին։ Արդյոք պատրաստ էի՞ք այդ ամենին…

– Ծանր շրջան էր բոլորիս համար։ Հիմա հետ նայելով հասկանում եմ, որ գուցե հոգեպես պատրաստ չէի, բայց այդ ժամանակ չէի զգում: Այդուհանդերձ, եթե, Աստված մի արասցե, ընտրություն ունենայի նորից գնալ ու այդ ամենի միջով անցնել, միանշանակ նույն կերպ կվարվեի:

– Երբ տեսնում էիք ծանր վիճակում գտնվող զինվորներին, ինչպե՞ս էիք թաքցնում հույզերը…

– Դժվար էր, բայց աշխատում էի ցույց չտալ հույզերս, փորձում էի ինչ-ինչ դրական կետեր գտնել եւ դրանցից պինդ բռնվել: Զինվորներն էլ էին անընդհատ փորձում կատակել ու դրականի վրա կենտրոնանալով՝ հաղթահարել մղձավանջը։

– Եթե չընտրեիք բժշկությունը, որտե՞ղ կտեսնեինք Մարիային։

– Չնայած բժշկությունից զատ ոչ մի տեղ չեմ պատկերացնում ինձ, բայց գուցե ինչ-որ կազմակերպության մարքեթինգային գովազդային արշավներ ղեկավարեի:

– Որտե՞ղ եք պատկերացնում ձեր կյանքը, եթե ոչ Հայաստանում։

– Ավելի խորը մասնագիտական գիտելիքներ ստանալու նպատակով կուզեի մեկնել արտասահման, բայց նաեւ կուզենամ՝ այնպես դասավորվի կյանքս, որ ստիպված չլինեմ ընդմիշտ լքել հայրենիքս…

Զրույցը՝ Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031