Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ ուշ չէ (պատմվածք)

Հունվար 22,2023 15:39

Դարչնագույն Թերեքը հոսում էր խուլ հորձանքով։ Ժայռեղեն լեռնակուտակների գոգերի ծառերը հնազանդ ալիքվում էին վարընթաց քամու հեղեղից։ Հողմե խարազանի կոծումից ճերմակ ջրաշիթեր էին պոկվում խոլ ալիքների այտերից ու սփռվում փոշեցիր։ Լայն հեղեղատի բետոնե պատնեշի և երկնակարկառ ժայռերի միջև սեղմված՝ հևում էր Լարսի երակ– մայրուղին։

Ճանապարհի քարայրակերպ անցում-կապանները խցանվել՝ մեքենահեղձ էին եղել։ Հյուսիսի զորաշարժից ահաբեկ` մարդիկ ջանում էին լքել անծիր երկիրը։ Երկկողմանի կաթվածահար երթևեկի անհույս ուրվականը մոլեգնորեն արդեն սկսել էր խարտել ուղևորների պրկված ջղերը։ Մեքենաների կողերին քսվելով` շատերը վեր ու վար էին անում բնավեր զեռունների պես։ Պետքերը հոգալու բաղձանքով ճամփեզրին կեցած պլաստմասե կապույտ, ապական ու գարշահոտ զուգարաններին հասած ոմանք, զուր ջանում էին վրա բերել դռները, որոնք հողմից տարուբեր՝ շառաչով զառնվում էին աջ ու ձախ։ Ռազմա-Վիրական հոգնատանջ ճանապարհի վրացական հատվածներում՝ տեղ-տեղ, կտեսնեք հարյուրներով կայանված հսկա բեռնատարների անհույս տողաններ։

Մի այլ տեղ`վրացական մաքսատան մեքենայաանցակետում, անցորդը չի կարող կարեկցանքով չհայել մանրազնին ստուգվող մարդատար մեքենայի բեռնախցիկից տնտղված խայտաբղետ սփռվածքին։ Կայսերական ճանապարհն ատամնաբաց ապշանքով լեռնաձորերից փախ տալով, ուշակորույս ու խոնջ մեկնվել էր անեզր տափաստանում ու տնքում էր։ Տնքում էր անհամար խառնափնթոր ինքնաշարժերի ու շվար ճամփորդների ավելորդ ծանրությունից։ Կարծես Տունգուսը կրկին շաչել էր ապտակազարկ ալիքով ու ցնցահողմը անեծք էր ցրում։ Մարդակուլ սառցաստանի ապառաժ՝ զոհասուն ոգու որկորը տվայտում էր կարծես հագենալու բաղձանքով։ Վանդակվող բնազդը ոստնել էր, մռլտալով սելավվել դեպի տերունական դարպասները։

Ամենուր խուճապ էր ու շփոթ։ Արևելքի հետ վաղուց տիրված` Վլադիկավկազի ավտոկայարանի մի անկյունում հեզորեն կայանված ուկրաինական համարանիշներով ուղևորատար մեքենաներ կտեսնեք, որոշները՝ վերջին ուղևորին սպասելիս։ Խրախճանում էր օրը սովորական քմայքով։ Խորհրդային քաղաքային մի խորապատկեր մնացորդ, մահվան նինջի մեջ ծույլ ծիկրակում էր հրապարակին։ Մի նպարավաճառ, շիկնակող փքաբլիթը երկու ձեռքերի համերաշխ շարժումով պատռելով ու ցուցանելով, աշխույժ սակարկում էր՝ տարահունչ ու տարաձայն մեղեդու տակ։ Այստեղով է անցնում հարավի տերունական՝ Գրոզնի–Դոնի Ռոստով մեծ ճանապարհը, կնքված արքայիկ– սատրապի անունով։

Երկկողմանի եռաշերտ լայնահուն ուղին պչրուն կոկետուհու պես տրվել էր անծայրածիր հեռուներին։ Ցայգամուտի արյունամած հորիզոնի բոսորագույն հրդեհներում կարծես այրվում էր ռազմի Աստծո պատանված զարմանքը․Կայենն էր հառնել։ Հառնել էր սլավ ցեղի խոտոր ու կոտոր պատուհասված ընդերքում։ Շեղաչ հեղեղը արևմուտքում դեմ չէր առել հաստաբեստ պատի՝ Սլավոնական մեծ պարսպին։ Ու հորդել էր վայրագ դեղին ոգին սպիտակ գենաշխարհ, հաշմել, լլկել ու խեղել անդուլ։ Պղծվել էր ամեն առագաստ՝ իրավունքի բիրտ պարտադրանքով։ Ամեն առաջնեկ խառնածին էր՝ դարե՜ր, դարե՜ր․․․

Կոդ էր ընդհատվել։ Հայրագծային ժառանգման տարերքն ավեր էր սփռել։ Յուրաքանչյուր ընտանիքում ղփչաղական անեծք կար։ Օտար սուբստրատի շառաչուն ապտակի դաղած մատնադրոշմը ցեղի գենետիկ մանկության երեսին կսկծում է դեռ։

Եղավ, որ ահեղ բռնակալների խարխափուն ոգին մոլեգնեց վերանվաճված անափ տափաստանում, զարնվեց հարավի լեռնապարներին, ծովացավ ու լափու տալով խուժեց այսուանդին՝ սփռելով սարսափ։ Խառնածին զանգվածը սանձվեց ճորտական երասանով ու դեռ․․․ լկամ է կրծում։

Իսկ Եզրաշխարհ մղված ցեղի անխառն ոգին հեթմանական մականով մաքառում է դեռ աշխարհակալ քիմեռի դեմ՝ կլանվող սպիտակ եղբոր ահասարսուռ հայացքի առաջ։ Ղողանջե՛ք ուժգին, լեզվանի զանգեր, քանի դեռ ուշ չէ։

 

Վարդան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031