Ամեն իրավիճակին նայելու երկու ձև կա՝ աշխարհիկ և հոգևոր: Ես առաջարկում եմ հիմա հոգևորի մասին մտածել: Նույնիսկ եթե դուք Քրիստոնյա չէք, գոնե մի պահ հարցրեք, միգուցե Աստված գործ է անում մեր կյանքում, մեր ազգի հետ և ուրիշ ելք է ցույց տալիս: Աշխարհիկն այն է, ինչ որ դուք տեսնում էք ձեր շուրջը՝ հեռուստատեսությամբ, մամուլով, թերթերում, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, Արցախը շրջապատված է, իշխանությունները լավը չեն, առաջնորդ չկա, չորս կողմը կոռուպցիա, պատահարներ, գողություն ու թալան… Մի խոսքով՝ չի ստացվում:
Իսկ այս ամենին հոգևոր հայացքով նայող մարդիկ հարցնում են մեկ հարց՝ իսկ ինչո՞ւ է Աստված այս ամենը թույլ տալիս: Ոչ մեկդ չէք հավատում չէ՞, որ Աստված չի կարողանում մի բան անել: Ուրեմն մնում է այդ նույն հարցը՝ Քրիստոնյա ժողովուրդ, դուք որ ասում էք իմ Աստվածն իմ մեջ ա, բա ո՞ւր ա, ինչո՞ւ չի տալիս հաղթանակ, ինչո՞ւ է թույլ տալիս այս վիճակը: Ո՞ւր է Աստծո ուժը:
Երբ ուշադիր կարդում էս Աստվածաշունչը և նայում ազգերի պատմությանը՝ այսպես է եղել բոլոր ազգերի հետ, ովքեր մեջքով են դարձել Աստծուն, ովքեր ապրել են ամբարիշտ կյանքով: Ամբարիշտ նշանակում է առանց պաշտամունքի՝ այսինքն սեփական ցանկություններով: Սիրելի ժողովուրդ, կընդունեք, թե ոչ, դուք գիտեք, բայց այս վիճակից միակ ելքը ապաշխարելն է: Եթե չգիտեք, թե դա ինչ է նշանակում, ուրեմն ավելի վատ է մեր վիճակը: Պետք է նստել ու սովորել, թե ինչ է նշանակում ապաշխարել:
Ապաշխարել չի նշանակում պարզապես զղջալ սխալ բան անելու համար: Ապաշխարություն նշանակում է մեր սրտերում զգալ մեր մեղքերի խելագարությունն ու մեղքը: Թե ինչ վատ բան է ապրել մեղքերով: Դա նշանակում է ընդունել ու ներողություն խնդրել նրանցից, ում նկատմամբ անարդար ու սխալ ենք եղել՝ համ մարդկանցից, համ Աստծուց: Թե չէ հիմա դուք աղոթում էք, թե Տեր օգնի, այս արա, այն արա, սրանից ազատի, սրան պատժի, իսկ Տերը նայում է ու ասում, դու հրաժարվում ե՞ս քո գործած անօրենություններից, դու հրաժարվում ե՞ս իմ երկիրը կեղտոտելուց, դու հրաժարվում ե՞ս աբորտ անելուց, դու հրաժարվում ե՞ս մարդկանց նկատմամբ անտարբեր լինելուց, դու խոստովանում ե՞ս քո մեղքերը, դու զղջում ե՞ս քո մեղքերի համար, դու Կիրակի օրը Պատարագի մասնակցելու ե՞ս, որ Ինձ հետ հաղորդվես ու Ինձ հետ հավիտենական կյանք ունենա՞ս, թե՞ քեզ պարզապես փող ա պետք ու եկել ես անառակ որդու պես բաժին ուզես:
Կարդացեք նաև
Մենք ամեն մեկս կարող ենք իրար օգնել: Արցախի շրջափակումը բացելն էլ Տիրոջ ձեռքին է: Եթե կամենա, հենց հիմա կբացի: Հավատո՞ւմ էք: Միգուցե Աստված մի բան է ասում մեր ազգին: Եթե լսես ու կատարես, ապա դուռը բաց է, եթե ոչ, ապա դու այդ ելքը չես տեսնի:
Խնդրում եմ թողեք ձեր մեղքերը: Լսեք Քրիստոսին: Չորս Ավետարանները կարդացեք ու արեք այն, ինչ ասում է Քրիստոսը: Սկսեք գոնե փոքր քայլերից: Մի կեղտոտեք երկիրը: Ցույց տվեք ինքներդ ձեզ ու Աստծուն, որ սիրում էք այս ազգին ու Սրբազան Հայաստանը: Տեսեք, երբ մարդը թողնում է իր մեղքերը և վերադառնում Աստծուն, նրա ապաշխարությունը վերածնում է նրան և ամբողջովին նորոգում նրան: Այս նորոգումը մեր մեջ վերականգնում է Աստծո պատկերը. ոչ թե այն պատճառով, որ մենք կատարյալ ենք դարձել, այլ որովհետև խոնարհաբար խոստովանելով մեր մեղքերը և ետ դառնալով դրանցից՝ այս կյանքի ընթացքում Աստծո շնորհով մենք վերագտնում ենք մեր իսկական շքեղությունը:
Խնդրում եմ, սովորեք, թե ինչ բան է մեղքը և հրաժարվեք դրանից, որպեսզի ձեր մեջ վերականգնվի Աստծո պատկերը և իրական շքեղությունը: Եթե հասկանում եք այս բաները, խնդրում եմ, դուք էլ խոսեք այս մասին, մամուլով, հեռուստատեսությամբ, տանը, աշխատանքի վայրում, որպեսզի մեր ազգը հասկանա: Ու շատ աղոթեք, որ Աստված մեր ազգին ապաշխարության հոգի տա: Իսկ Նա դա անում է: Այս տառապանքները վկա, որովհետև ցավոք շատ հաճախ մարդը միայն տառապանքի մեջ է, որ սկսում է լրջանալ, ճիշտ հարցեր տալ ու ապաշխարել: Եվ Աստված լսում է այդ աղաղակը:
Արմեն ՀԱՐԵՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ
This is a test