«Անխափան իրականացվում են կենսաթոշակների, նպաստների, սոցիալական այլ վճարների տրամադրումը քաղաքացիներին։ Այս ամսվա վճարումներն ընթացքի մեջ են»,-հունվարի 21-ին Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նորանշանակ նախարար Արմեն Մանգասարյանը։
«40․000 դրամները երեկ փոխանցվել են «ԱրցախԲանկ»-ի շահառուներին, իսկ մյուս բանկերի շահառուների գումարները կփոխանցվեն երկուշաբթի, այդ թվում՝ ՀՀ-ում գտնվող մեր տեղահանված ընտանիքներինը»,-ասել է նա։
Նախարարը նշել է, որ կտրոններով սննդամթերքի բաշխումն իրականացվում է մշակված ծրագրի միջոցով՝ կրկնակի օգտվելը բացառելու նպատակով․ «Շրջաններում համայնքների ղեկավարների միջոցով ստացել եւ մուտքագրել ենք բնակիչների ցանկերը։ Ճիշտ է, եղել են անճշտություններ, որոնց պատճառով շրջաններում դեռ ոչ բոլորն են կտրոններ ստացել, բայց այսօր կամ վաղը այդ հարցը կլուծվի։ Կտրոն չստացած քաղաքացիների կտրոնները լրացուցիչ ցանկով կտրամադրվեն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ