Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Հոսեին Սալամին եվրոպացիներին կոչ է արել չկրկնել անցյալի սխալները, իսկ թույլ տված սխալների համար պատասխան տալ։
«Եվրախորհրդարանի վերջին որոշումը հետեւանքներ է ունենալու։ Առանց իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ամերիկացիների բորբոքած ահաբեկչության կրակը կհասներ եվրոպացիներին եւ կքանդեր նրանց անվտանգությունը»,-Հոսեին Սալամիի խոսքերն է վկայակոչում իրանական «Irna» լրատվական գործակալությունը։
«Նրանք (նկատի ունի Եվրոպան,-հեղինակ) իրանական ժողովրդի եւ մեր արժեքների պաշտպանությունը համարում են ահաբեկչություն՝ միաժամանակ գլուխ գովելով ահաբեկչության դեմ պայքարի համար կամ կոծկելով ահաբեկչությունը։ Եվրոպան երկու անգամ իրեն ներքաշել է համաշխարհային պատերազմի մեջ, եւ նոր Եվրոպան ձեւավորվել է այդ պատերազմի փլատակների վրա։ Այդ Եվրոպան դասեր չքաղեց անցյալի իր սխալներից»։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները` մարդու իրավունքների խախտումների եւ Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մեղադրանքներով։ Առաջարկել են նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։
Կարդացեք նաև
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ