«5-րդ ալիքի» եթերում Գեղարքունիքի մարզում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհ-պայթյունի կադրերի հրապարակման առիթով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր՝ հունվարի 21-ին, հետեւյալ գրառումն է արել․ «5-րդ ալիք»-ի եթերում ցուցադրված Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի կարճ տեսանյութը լայն տարածվել է համացանցում եւ խիստ բացասական արձագանքի է արժանացել: Մարդիկ հատկապես զայրացած եւ վրդովված են հնչող հուսահատ, տառապանքով, ցավով լի մարդկանց ճիչերից:
Այո, շատ ծանր է դա լսել, շատ-շատ ծանր… Մի քանի լրատվամիջոց դիմել են ինձ պարզաբանումների համար, սոցցանցերում «ֆլեշմոբի» պես ինչ-որ ակցիա է սկսվել՝ Հանձնաժողովից եւ Հանձնաժողովի նախագահից պահանջում են գնահատական տալ, շտապ նիստ հրավիրել, եթերազրկել հեռուստատեսությունը, «պատժել դավաճաններին» եւ այլն: Արձագանքում եմ: ՀՌՀ համապատասխան բաժիններին երեկ երեկոյան արդեն իջեցված էին հանձնարարականներ մշտադիտարկել «5-րդ ալիք»-ի եթերը, նախապատրաստել իրավական գնահատականը:
Ինձ մոտ հավաքված նախնական տվյալների համաձայն հեռուստատեսության եթերում եղել է միայն հեռվից նկարահանված հրդեհը, ճիչեր, ձայներ չեն հնչել, հրդեհի կադրերը ուղեկցվել են լրագրողի տեքստով հրդեհի մասին: Ձայները հնչել են YouTube-ում, եւ կադրերը ուղեկցվել են գրությունով, թե ով է նկարահանել հեռախոսով, եւ ում ձայներն են հնչում: Նախնական եզրակացությունս, կրկնեմ՝ նախնական, հետեւյալն է:
1.Եթերում ցուցադրվել է հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ողբերգության բաց տեսարաններ, որոնք կարող են սոսկանք, սարսափ առաջացնել, ազդել անչափահասների ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա: Վարչական վարույթ բացելու հիմքեր դեռ չենք տեսնում:
Կարդացեք նաև
2.Օրենքով YouTube-յան հեռարձակումը ՀՌՀ կարգավորումից դուրս է, այս տիրույթում գործառույթ չունենք: Ավելի մանրամասն այս խնդիրը կքննարկվի երկուշաբթի օրը: Նաեւ կարծում եմ, որ ճիշտ կլիներ հենց «5-րդ ալիք»-ն իր պարզաբանումները ներկայացներ, ներողություն հայցեր հանրությունից: Բայց մի կարեւոր հանգամանքի մասին էլ գրեմ: Եթե հասարակ քաղաքացու ցասումը, հուզմունքները հասկանալի են եւ ընդունելի, ապա լրագրողական հանրության ներկայացուցիչների արձագանքը (առանց փաստերը ստուգելու, խնդրի իրավական կողմը հասկանալու) տարօրինակ են եւ մտահոգիչ: Լրագրողը պետք է փաստերով խոսի, այլ ոչ թե ամբոխահաճո կոչեր հնչեցնի՝ եթերազրկել, պատժել, գնդակահարել..․ Այդ ամենը ստեղծում է իմաստազուրկ «տեղեկատվական հեղեղներ», որոնց բացասական ազդեցության մասին ավելորդ է խոսել: Եվ իմ այս խորհուրդը վերաբերվում է հատկապես ազատական գաղափարներ դավանող մեդիահանրությանը»։
Գրառման ներքո «Երեւանի մամուլի ակումբի նախագահ» Բորիս Նավասարդյանը հետեւյալ մեկնաբանությունն է թողել․ «Տիգրան Հակոբյանի գրառման շեշտադրումները ճիշտ են։ Առանց բոլոր հանգամանքների ուսումնասիրման ՀՌՀ-ն իրավունք չունի պատժամիջոցներ կիրառել, իր գործառույթները չի կարելի նույնացնել հանրության անմիջական արձագանքների հետ»։
Ինչ վերաբերում է հեռուստաընկերությանը, ապա «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն իր հերթին հետեւյալ գրառումն է արել․ «Չենք պատրաստվում տեղի տալ հայտնի մանիպուլյատորների բարձրացրած աղմուկին և ամենևին մեր այս պարզաբանումը նրանց համար չէ: Հարգելով մեր հեռուստադիտողին` ընդամենը ցանկանում ենք տեղեկացնել, որ հեռուստաընկերության շուրջ բարձրացված աղմուկը արհեստական է և հետապնդում է քաղաքական և հատկապես թեմայից շեղման նպատակներ»։
Կից Հարություն Հարությունյանը հեռուստաընկերության հետեւյալ պարզաբանումն է տեղադրել․ «Երեկ՝ հունվարի 20-ին, «5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվական ծրագրի հիմնական և ամփոփիչ թողարկումների ժամանակ ցուցադրվել են Ազատ գյուղի զորամասի հրդեհի կադրերը՝ համր, առանց բնական ձայնի զուգորդման: Նույն կադրերը՝ ոչ համր, տեղադրվել են նաև «5-րդ ալիքի» յութուբյան ու ֆեյսբուքյան էջերում՝ հետևյալ ուղեկցող տեքստով. «Հարգելի՛ հետևորդներ, տեսանյութը նկարահանել է գյուղի անչափահաս բնակիչներից մեկը, նրա ավագ եղբայրը եղել է օգնության հասած տղամարդկանց շարքում: Տեսանյութը տրամադրած քաղաքացին հեղինակի ավագ եղբայրն է, նա վստահեցնում է, որ տեսանյութում լսվող ձայները ոչ թե կացարանում գտնվող տղաների ձայներն են, այլ օգնության հասած գյուղացիների խուճապահար բղավոցները»:
Բայց սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր այս հրապարակումը դարձրել են քննարկման թեմա: Մեկնաբանությունների հեղինակների մի մասը, խիստ ազդված տեսածից ու լսածից, սրտաշարժ գրառումներ է արել, մի մասն էլ՝ իշխանության քարոզչական բրիգադից, ազգային ողբերգության այս ծանր պահին առիթն օգտագործել է «5-րդ ալիքի» դեմ մանիպուլյացիոն նոր գրոհ սադրելու և հանրային բանավեճի թիրախը փոխելու համար: Հարկ ենք համարում շեշտել, որ եթե անգամ քննարկվող կադրերը ձայնային ուղեկցությամբ հեռարձակվեին հեռուստաեթերով, դա լրագրողական էթիկայի խախտման հիմք չէր կարող լինել»։