Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանի համայնքապետի կարգադրություններով ազատված պաշտոնյաների աշխատանքը դատարանի որոշմամբ վերականգնվել է

Հունվար 21,2023 18:12

Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը վերջին մեկ տարում աշխատանքից ազատել է համայնքային ենթակայությամբ գործող որոշ հիմնարկների տնօրենների եւ վարչական ղեկավարների։ Շրջանառվող լուրերի համաձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Հակոբջանյանը 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած համայնքի ավագանու ընտրություններից առաջ ցանկացել է ազատվել իր քաղաքական հայացքները չկիսող աշխատակիցներից։

Այսպես, Հակոբջանյանի 2022 թ․ հունվարի 31-ի կարգադրությամբ «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սամվել Մկրտչյանը ազատվել է աշխատանքից։ Վերջինս հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել էր անորոշ ժամկետով ու պայմանագիրը լուծելու մասին, գործող ընթացակարգով 10 օր առաջ Սիսիանի համայնքապետի պաշտոնակատարը պիտի ծանուցեր Սամվել Մկրտչյանին։ Հենց այս պատճառով էլ, Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էմին Աբգարյանի վճռով Սամվել Մկրտչյանը վերականգնվեց աշխատանքում, իսկ նրա հետ 2017 թ. կնքված աշխատանքային պայմանագիրը համարվել է անորոշ ժամկետով կնքված։ Վճիռն արդեն օրինական ուժ է ստացել։

«Կներեք, ես հիմա զբաղված ու ծանրաբեռնված եմ, ոչ մեկին հարցազրույց չեմ տալիս, դպրոցում՝ հանձնում-ընդունում ենք անում ու փաստաթղթերն եմ նայում»,-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց Սամվել Մկրտչյանը։ Այն հարցին՝ թե արդյո՞ք քաղաքական պատճառներով էին նրան  աշխատանքից ազատել՝ ասաց․ «Ես երբեք ոչ մեկի ցուցակում չեմ լինում, անկուսակցական եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Իմ նպատակն է երեխաներին կրթություն տալը»։

Դարբասի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանին՝ Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը 2022թ. օգոստոսի 8-ին ենթարկել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժի։ Մի քանի օր անց՝ օգոստոսի 19-ին վարչական ղեկավարին ազատել է զբաղեցրած պաշտոնից։ Դատարանի 2023 թվականի հունվարի 18-ի վճռով Սաշա Ստեփանյանն էլ է վերականգնվել իր աշխատանքում։ «Ես ներողություն եմ խնդրում, բայց ես վճիռը չեմ ստացել, ստանամ՝ նոր կպատասխանեմ ձեր հարցերին»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց նա։

Մեր այն դիտարկմանը, թե դատարանի վճիռը արդեն տեղադրված է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում՝ ասաց․ «Գուցե տեղադրված է, բայց ես չեմ ստացել, կստանամ՝ նոր կխոսենք։ Նորից եմ ասում՝ այդպես ավելի ճիշտ է»։

Aravot.am-ը գրավոր հարցում է ուղարկելու Սիսիան համայնքապետարան՝ ճշտելու նաեւ համայնքապետի պաշտոնակատարի տեսակետը։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031