Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկակացուցիչների, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանի հետ այսօր ներկա է գտնվել Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի Կարմիր վանքի` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, նոր խաչի օծման արարողությանը։
Խաչն օծվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ, որից հետո հայկաձորցիների ջանքերով այն տեղադրվել է վանքի գմբեթին։
Կարդացեք նաև
Խաչից եկեղեցին զրկվել էր դեռ 2015 թվականին՝ ուժեղ քամու հետևանքով։ Բազմաթիվ փորձություններ տեսած, բայց կանգուն մնացած եկեղեցու գմբեթն ու խաչը վնասվել էին դեռ 1990-ականներին` անկախացման տարիներին, երբ Թուրքիան արդեն հասցրել էր փակել Հայաստանի հետ սահմանը։
Ըստ արձանագրության, եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը: Կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ։
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ