«Առաջին մեղավորը ոչ թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, այլ նրան նշանակողը»,-Հանրապետության հրապարակում այսօր Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հանրային ձայն» կուսակցության փոխնախագահ Կարեն Եմենջյանը։ Նա նշեց, որ Հայաստանը հիմա չունի ծրագիր է, թե ուր է գնալու եւ ինչ է անելու, եւ սա անթույլատրելի իրավիճակ է․ «Մինչեւ ե՞րբ պետք է այսպես լռենք ու նայենք, թե ամեն օր ում են սպանում։ Բավական չէ՞ վախով ապրել»։
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզում հրդեհ-պայթյունի հետեւանքով 15 զինծառայողի մահվան դեպքին, նշեց․ «Ես Սովետական Միության ծնունդ եմ եւ հիշում եմ, որ երբ մահվան լուր էինք լսում, ողջ թաղամասը սգի մեջ էր։ Էլ չասեմ, երբ սպանության մասին էինք լսում։ Այսօր դա դառել է սովորական։ Սովորական է դարձել նաեւ թմրանյութը, երեխայի կողմից մոր սպանությունը, եւ սա հնարավոր է դարձել վերջին 4-5 տարում։ Խնդիրը միայն Սուրեն Պապիկյանի հրաժարականի հարցը չի, դա առաջին քայլն է։ Նրա հրաժարականը պահանջելով՝ փորձում ենք արձանագրել, որ այն, ինչ արել է կամ չի արել նա, թույլ է տվել, որովհետեւ այդպես է ցանկացել վարչապետի աթոռը զբաղեցնողը։ 15 զոհի դեպքում անգամ նա նկատողություն չի ստացել»։
Արտակ Գալստյանը, դառնալով միջադեպին, նշեց․ «Շատ կուզեի հասկանալ՝ ի՞նչ փայտից էր այն աթոռը, որ հրդեհի մեջ կարողացել է այդպես մնալ։ Կամ գազի վառարանը։ Ո՞ւր են գնում մեր զինվորները։ Այդ տնակը «զորամաս» է կոչվել։ Ենթադրենք, այդտեղ էին, որովհետեւ զորամասը ռմբակոծվել էր։ Եթե իշխանությունն իր օլիգարխներով Երեւանի կենտրոնում շենք է կառուցում, ինչո՞ւ չեն տեղադրվել 15 000 դոլարանոց մոդուլներ զինվորների համար։ Ստացվում է, որ ամեն ինչի համար գումար կա, բացի բանակից։ Ծրագիր են իրականացնում, որ ՀՀ-ն բանակ չպետք է ունենա։ Այդ դեպքը տեսած ծնողներն ամեն ինչ անելու են, որ իրենց տղաները բանակ չգնան։ Կարտագաղթեն։ Հենց դրա համար է իշխանության եկել Նիկոլ Փաշինյանը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ