Թյուրքական հատվածի անցած ճանապարհը, ներկան եւ ապագայի դրանց տեսլականներն ու հստակ ռազմավարությունները վկայում են, որ տարածաշրջանում երբեք իրական խաղաղություն չի լինելու։ Պատճառների մասին, կարծում ենք, խոսելու կարիք չկա։ Մենք (Հայաստան եւ Արցախ) խաղաղություն կունենանք միայն այն ժամանակ, երբ թշնամին կտեսնի, որ հակազդելու, դիմագրավելու պատրաստ ենք։
Բայց հիմա թշնամու համար պարարտ ժամանակաշրջան է։ Մեր հանրության գերակշիռ մի հատված չի ընկալում, որ ինքը փաստացի պատերազմի մեջ է։ Այնպես չէ, որ այլ երկրների հանրությունները մերինից լավն են կամ մերինից գիտակից են։ Բոլոր հանրությունները, մի փոքր ավելի կամ պակաս չափով, նույն ձեւաչափով են անցկացված։ Ի վերջո՝ գլոբալացման հաղթարշավի պարտադիր պայմաններից մեկը տարիներ շարունակ հատկապես ազգային երկրներում հասարակ-ություն կերտելն էր եւ է։
Արցախյան առաջին ազատամարտից հետո միջազգային որոշ խաղաքարտեր խառնած հայ ազգը գլոբալացման մամլիչի տեսադաշտից դուրս մնալ չէր կարող, եւ… Օվերտոնի ինչ պատուհան կար-չկար, մեր երկրում բացվեց։ Անբնական, հակազգային ինչ երեւույթ կար, արդարացվեց, պետական ու ազգային անվտանգությանն սպառնացող ինչ տարրեր ու բաղադրիչներ կային, հրապարակ նետվեցին, քննարկվեցին, անունը դրեցին ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւն։ Այս ամենի խորքային սպառնալիքները հասկացողները կոչվեցին «դավադրապաշտներ», «ազգային տգետներ», մարդու ազատությանը սպառնացողներ… Ազգային հատվածը, իհարկե, ախորժելի ոչ մի խայծ կուլ չտվեց, բայց ժողովրդի մի մեծ հատված վերածվեց հասարակ-ության։ Այս շերտին նորից երկրի մասի մտածող ժողովրդի կողմ ուղղելը ի՜նչ ջանքեր կպահանջի, դժվար է ասել։
Բայց փաստն այն է, որ թշնամին ամեն օր իր ուզածին հասնում է ոչ թե քայլերով, այլ՝ լոնքերով։ Իսկ մեր հանրության մեծ մասը չի ընկալում պատերազմի վտանգը։ Ինչպե՜ս ընկալի, երբ քարոզչության ամենատարածված միջոցներից մեկը չի անում իր գործը։ Խոսքը հայկական հեռուստատեսության մասին է։
Հիմա ասում ենք՝ մեր հանրությունը չի հասկանում, որ փաստացի պատերազմի մեջ է եւ, ըստ այդմ, չի ընկալում ռիսկերը, հետեւանքները, ընդհուպ՝ նրան տեղից չի շարժում նույնիսկ մտահոգ հատվածի այն ահազանգը, որ թշնամին մեզ սպառնում է եւս մեկ ցեղասպանությամբ։ Ախր մեր հանրությունն ինչպե՞ս հասկանա իրեն սպառնացող մարտահրավերները, երբ հայկական հեռուստաալիքները երբ միացնես, «սիթքոմ» հորջորջյալ էժանագին հումորներն են, տաշին-տուշին ու սերիալնե՜րը։ Մեկ-երկու բացառություն կա։ Մեր հարգանքները, իհարկե, բայց դա ընդհանուր եղանակը չի փոխում։ Իսկ ընդհանուր հեռուստատեսային քարոզչության համաձայն՝ մենք ուրախ, զարգացող, երջանիկ երկիր ենք։
Քարոզչությունը ուժ է, որից մենք չենք օգտվում, փոխարենը դատարկ տեղը լցնում են շահագրգիռ ուժերը, որոնց պետք է հենց մեր հանրության այսպիսի դիմագիծ, ով պարզապես ապրել է ուզում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: