Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մոդուլային զորանոցներ պատվիրել իտալացիներից, եթե մեզ մոտ էլ են արտադրում. «Հրապարակ»

Հունվար 21,2023 10:56

Ազատ գյուղի ողբերգությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հրդեհված ինժեներասակրավորային կացարանը, որում տեղակայված են եղել զինծառայողները, եղել է ժամանակավոր։ Թեեւ Քննչական կոմիտեի հաղորդագրությունից իմացանք, որ այն գործում է 2021 թվականի մայիսից սկսած, այսինքն` շուրջ 8 ամիս: ՊՆ-ն նաեւ հաղորդեց, որ այդ եւ մյուս ստորաբաժանումների համար ձեռք են բերվել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ։ Դրանց առաջին խմբաքանակը Հայաստանում է։ Ֆեյսբուքի նիկոլահպատակ հատվածը ցնծությամբ տարածեց այդ իտալական տնակների լուսանկարները։ Իսկ Ազգային ժողովում ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն ունի այն ներուժը, որ իր զինծառայողների համար տեղում կառուցի համապատասխան կացարաններ․ «Նախկինում էլ են մեր շինարարները կառուցել նման կացարաններ»։

Մենք փորձեցինք գտնել, թե որ հայկական ընկերությունները եւ ինչ գնով կարող էին նույն մոդուլային կացարաններն արտադրել, եւ գտանք Արցախի փողոցում գտնվող «Արտկոն» ՓԲԸ-ն։ Պարզվեց՝ այս ընկերությունը ՊՆ-ի հետ աշխատելու փորձ ունի եւ ոչ միայն ՊՆ-ի, նրանց անգամ ռուսներն են պատվերներ իջեցնում։ Նաեւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բակում գտնվող քովիդի բաժանմունքի պատվերներն են կատարել։

«Արտկոն» ՓԲԸ սեփականատեր եւ տնօրեն Թերեզա Կարապետյանը պատմում է, որ  մի քանի անգամ ՊՆ-ին առաջարկել են բանակի համար զինվորական կացարաններ արտադրել եւ մատակարարել։ «Ի տարբերություն արտասահմանյան արտադրության զորանոցների, այս դեպքում տրանսպորտային խնդիր չի առաջանում։ Օգտագործվում է ռուսական մետաղ, մնացած նյութերն արտադրվում են Հայաստանում։ Մենք 40 օրում 20 կոմպլեկտ մոդուլային կացարաններ ենք արտադրել եւ դեկտեմբերի 30-ին հանձնել ենք պաշտպանության նախարարությանը», – ասում է «Արտկոնի» տնօրենը։

– Դուք կարո՞ղ եք նաեւ զորանոցներ արտադրել։ 

– Այո, իհարկե։ Արտադրամասը բավականին մեծ ռեսուրսներ ունի։

– Իսկ ինչո՞ւ են այդ դեպքում զորանոցներ պատվիրել Իտալիայում։

– Չեմ կարող ասել։ Մենք նրանց նման հարցեր չենք տալիս, միայն առաջարկում ենք։ Թե՛ գծագրման, թե՛ արտադրության պահով կարող էինք բոլոր խնդիրներն իրականացնել։

ՀԳ․ Ինչո՞ւ մեր կառավարությունը չի սատարում տեղական արտադրողին, այլ նախընտրում է իտալացիներին օգնել՝ հարցը ոչ մի տրամաբանական բացատրություն չունի։ Չնայած՝ հակապետական գործելակերպը մեզ այլեւս չի զարմացնում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031