Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. Իշխանությունը ինքնախաբեության մեջ է և չի արտացոլում ՀՀ շահերը, միայն ներքին դաշտում ռեպրեսիաներ անելու ուղղության մեջ է ուժեղ. «Փաստ»

Հունվար 21,2023 10:42

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ զրուցել ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվող քաղաքականության, Արցախի շրջափակման, երկրի առջև ծառացած սպառնալիքների ու դրանց հնարավոր լուծումների մասին: Ռուբեն Մելքոնյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ մեր դեմ մղվող պատերազմը գլոբալ թուրքական պատերազմ է, և թուրք-ադրբեջանական տանդեմը վաղուց արդեն որպես մեկ ամբողջություն է հանդես գալիս:

«Հատկապես «Շուշիի հռչակագրից» հետո այդ երկու պետությունների բանակները, նրանց իրականացրած ագրեսիան արդեն դե յուրե ընդհանուր են ու միասնական: Թուրքիան չի էլ թաքցնում իր մասնակցությունն Արցախի շրջափակմանը. ակնհայտ է, որ սա թուրքական ձեռագրի բացահայտ դրսևորում է: Այսինքն, մենք պետք է գիտակցենք, որ և՛ 2020-ին, և՛ հիմա մեր դեմ պայքարում են թուրք-ադրբեջանական միասնական բանակը, ուժն ու պետությունը:

Այս պայմաններում կիսաջայլամային քաղաքականություն վարելը, Թուրքիայի հետ բանակցելը, օդային բեռնափոխադրումների բացմամբ ուրախանալը ու դա մեծ ձեռքբերում համարելն ուղղակի ինքնախաբեություն է: Նաև ինքնախաբեություն է չտեսնել, որ էկոահաբեկիչների կազմակերպիչները Թուրքիան և Ադրբեջանն են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, այս իշխանությունները ՀՀ շահերը ևս չեն կարողանում ներկայացնել. նույն Ադրբեջանը, բացահայտ արհամարհանք դրսևորելով, անգամ այսպիսի իշխանության հետ չի ուզում մեկ սեղանի շուրջ հավասարը հավասարի հետ բանակցել: Եթե դիտարկենք Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուսների հայտարարությունները, կտեսնենք այդ բացահայտ արհամարհանքը. ՀՀ-ին առնչվող հարցերը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի խնդիրն ավելի շատ երրորդ երկրների հետ են քննարկում:

Այնպես որ, այս իշխանությունը ինքնախաբեության մեջ է, լիովին տապալված է և չի արտացոլում Հայաստանի շահերը: Այս իշխանությունը միայն ներքին դաշտում ռեպրեսիաներ, հալածանքներ ու տարատեսակ այլ քայլեր անելու ուղղության մեջ է ուժեղ: Մեկ էլ խիստ հայացքով, իրենց երազած քաղաքական գործչի տեղը դնելով ելույթներ ունենալու հարցում են ուժեղ: Մնացած բոլոր ոլորտներում տապալված են»,-հավելեց թուրքագետը: Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ, իշխանությունը շարունակում է նաև պարզունակ մանիպուլյացիաների դիմել, որի վառ դրսևորումն այն հայտարարությունն էր, թե «աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս»։

Ռուբեն Մելքոնյանը ստեղծված իրավիճակում մի քանի լուծումներ է տեսնում:

«Լուծումներից մեկի հիմքում այն գաղափարն է, որ պետականությունը գերակա արժեք է: IQ-ի զրոյական մակարդակ ունեցողները պետք է զրկվեն ընտրելու իրավունքից, իրական քաղաքացիները, իրական ժողովուրդը պետք է իրացնի իր իրավունքը՝ իշխանությունը վերադարձնելով երկրի շահերը ներկայացնող ուժերին, մարդկանց, անհատներին, պրոֆեսիոնալներին:Այն խոսքերը, որ լսում ենք համակարգում մնացած դիվանագետներից, տարբեր պաշտոնյաներից, թե «իրենց գործն են անում, քաղաքականացված չեն», ինքնախաբեություն է: Պարոնա՛յք դիվանագետներ, դուք ո՞ւմ իշխանության ներքո եք ձեր գործն անում: Այն իշխանության, որ Հայաստանի շահերը ստորադասում ու սիստեմատիկ տապալո՞ւմ է, այն իշխանության, որի ներկայացուցիչներն ԱԺ-ում հայտարարում են, որ Թուրքիան մեզ համար սպառնալի՞ք չէ, կամ որ Արցախի հարցը լուծվե՞լ է:

Իսկ թե ինչ կլինի, եթե իր մատնանշած լուծումները չիրագործվեն, Ռուբեն Մելքոնյանը նշեց. «Չեմ ուզում վատատես լինել այդ հարցում, բայց եթե ամեն ինչ գնաց այսօրվա սցենարով, եթե այս իշխանությունները շարունակեն մնալ, շարունակեն իրենց կործանարար քաղաքականությունը, ապա Հայաստան պետությունը կկանգնի բուտաֆորիկ պետություն դառնալու ճանապարհին: Այդ նախանշաններն, ի դեպ, կան: Օրինակ՝ Բաղրամյան 26-ում նստած մի անձ դաշնամուր է նվագում, տարատեսակ այցելություններ է անում և որևիցե կապ չունի Հայաստանի Հանրապետության շահերի, առավել ևս՝ նախագահի կոչման հետ: Նմանատիպ այլ իրադարձություններ ու շատ այլ նշաններ կան, բայց յուրաքանչյուր ազգ, ի վերջո, ինքնապաշտպանական բնազդ ունի: Այդ բնազդը կարող է լինել միայն 5, 10 կամ 15 տոկոսի մոտ, բայց այն, միևնույնն է, հաղթելու է, պարզապես ձեռքբերումների մեծ մասը, որոնք որպես պետություն ունեինք, փոշիացած է: Ու եթե անգամ բնազդը հաղթի, ու մենք վերականգնենք մեր պետականությունը, շատ հարցերում պետք է սկսենք զրոյից, որովհետև այս ավերիչ իշխանությունը կործանել ու շարունակում է կործանել գրեթե բոլոր ոլորտները»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031