Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ լրագրողներն իրենց կյանքն էին վտանգում, դուք ո՞ւր էիք

Հունվար 21,2023 13:30

Արդարադատության նախարարությունը հրապարակել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նախարար Գ. Մինասյանն ասաց, թե օրենքը ընդունվել է դեռեւս 2006-ին, եւ որ 44-օրյա պատերազմից հետո այն «լավարկման» կարիք ունի: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ են արել ԱԱԾ-ն, իրավապահ մարմինները, պաշտպանության նախարարությունն ու ԱԽ-ն՝ երկրի անվտանգության խորհուրդը: Նախարարի տեղեկացմամբ, կարգավորման խնդիր ունի համացանցի հասանելիությունը, սոցցանցերի մատչելիությունը, հատկապես ռազմական դրության պայմաններում: Նա մի միտք ասաց, որով փակվեց լրատվամիջոցների մասնակցությունը օրենքի նախագծին. «Միջգերատեսչական մեդիափորձագետների հետ նախագիծը քննարկվել է, սակայն իմ համոզմամբ պետք է ներգրավված լինեն պաշտպանական գերատեսչության մասնագետները»: Սա առաջին անգամը չէ, երբ տեղեկատվական մատչելիության, սահմանափակումների հարց քննելիս, նախագիծ ներկայացնելիս անտեսվում է գործող լրատվամիջոցների ձայնը, եւ արդյունքում ունենում ենք այսպիսի կարծիքներ, որոնք աղերս չունեն իրականության հետ: Մասնավորապես, նախորդ օրը ԱԺ-ում նախկին սոցապ նախարար Զարուհի Բաթոյանն ասաց. «44-օրյա պատերազմի ժամանակ մենք դեպքերի ականատես եղանք, որ մեդիամասնագետները, լրագրողներն այնպիսի բովանդակություն էին տարածում, որը վտանգավոր էր ոչ միայն քաղաքացիների առողջությանը եւ կյանքի համար, այլ կարող էր պետական անվտանգության խնդիր առաջացնել»: Այլ հարց է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ով որքան վնաս հասցրեց քաղաքացիների առողջությանը, կյանքին, թե ինչ հետեւանքներ առաջացրեց պատերազմի օրերի ստահոդ պաշտոնական տեղեկատվությունը, որի արդյունքում «հաղթանակողները» տարատեսակ ինքնահռչակ կայքերով «թմրեցրին» պատերազմի մասին ողջամիտ տեղեկություններ տարածողներին: Հիշենք նաեւ 2020թ. հոկտեմբերի 1-ը. «Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի կողմից հրետակոծության հետեւանքով տուժել են տեղացի եւ օտարերկրյա լրագրողներ։

Մասնավորապես՝ վիրավորում են ստացել ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրող Ալան Կավալը եւ օպերատոր Ռաֆայել Շառլ Յաղոբզադեն, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, «24news.am» տեղեկատվական կայքի լրագրող Սեւակ Վարդումյանը։ Ռուսական «Дождь» հեռուստաալիքի թղթակից Դմիտրի Ելովսկին նույնպես ադրբեջանական կրակի տակ է ընկել, սակայն կարողացել է թաքնվել ապաստարանում, ինչպես շատ այլ լրագրողներ։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաեւ «Agence France-Presse» (AFP) լրատվական գործակալության աշխատակիցներին տեղափոխող մեքենան»: Դրան հետեւեց 2020 թ. հոկտեմբերի 4-ի հայտարարությունը, երբ լրագրողական տասնյակ կազմակերպություններ իրենց ձայնը բարձրացրին իրենց մասնագիտական պարտքը պատերազմի օրերին կատարող, իրենց կյանքը, առողջությունը վտանգած լրագրողների համար. «Ադրբեջանի մարդատյաց գործողությունների հետեւանքով հոկտեմբերի 1-ին վիրավորվել են երկու արտասահմանցի եւ երկու հայ լրագրողներ, ինչի կապակցությամբ մենք արդեն արտահայտել ենք մեր վրդովմունքը։ Հաջորդ օրը ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հետապնդումից հրաշքով են փրկվել ավտոբուսով տեղափոխվող մի խումբ լրագրողներ։ Այսօր էլ Ստեփանակերտում գրանցվել են լրագրողների կյանքին եւ առողջությանը սպառնացող դեպքեր»: Հիշենք, թե այդ օրերին որքան լրատվամիջոցներ հայտնվեցին վարչական դատարանում, որքանի դռները բացեցին ոստիկանները՝ տուգանելու համար: Միայն մեկը հիշեցնեմ. 2020թ. դեկտեմբերի 2-ի դրությամբ 13 լրատվամիջոց տուգանվեց 700 000-ական դրամի չափով, իսկ 1,5 միլիոն էլ՝ «ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումները խախտելու համար»: Ես հիշում եմ, երբ քննադատության համար գործեր հասան դատարաններ ու հետեւեց 24 լրատվամիջոցների դիմումը նախկին ՄԻՊ-ին: Այս նույն ԱԺ-ն 2020 թ. հոկտեմբերին արտահերթ նիստ գումարեց, օրակարգում «ռազմական դրության իրավական ռեժիմի եւ ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումների եւ սահմանափակումների խախտման համար քրեական եւ վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող օրենքների նախագծեր»: Հոկտեմբերի 9-ին, երբ դեռ մարտեր էին ընթանում, «տուգանք եւ քրեական պատասխանատվություն, խուճապ տարածելու համար», ԱԺ-ն ընդունեց օրենք: Հետաքրքիր է, այսքանից հետո, ոչ իրավաչափ սահմանափակումներից բացի, սրանք ուրիշ պատասխանատվություն չունե՞ն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031