Լրահոս
Օրվա լրահոսը

Ակադեմիկոս Բունիաթյանի դուստրը SOS է հնչեցնում՝ առկա քայլերը տանում են Բունիաթյանի անվան ինստիտուտի ոչնչացմանը

Հունվար 21,2023 13:00

ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ճակատագիրը մշուշոտ է

Կառավարությունը որոշել է  ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքն ու դրա տարածքի մի մասը հետ վերցնել, իսկ ավելի կոնկրետ՝ հատկացնել «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին: Սա բուռն դժգոհությունների տեղիք է տվել գիտնականների շրջանում։

Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն Ալվարդ Անտոնյանը, որ ընդամենն 8 ամիս է՝ ղեկավարում է ինստիտուտը, «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ երկու անգամ ստացել էին այդ մասին  նախագիծը, առաջարկել շենքի  1/3-ի չափով տարածք տրամադրել Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնին։ Ավելի ուշ ստացել են կառավարության որոշումը, ըստ  որի՝ ինստիտուտի ավելի քան 3300 քմ-ն պետք է տրամադրվի հիդրոօդերեւութաբաններին։ Ու այդ ամենի արդյունքում՝ կենսաքիմիկոսներին 7 հարկանի շենքից մնում է ընդամենը 2 հարկ եւ շենքի մի հատվածը։

Ալվարդ Անտոնյան

Տիկին Անտոնյանն ասում է, որ Պետգույքի կառավարման կոմիտեի հետ բանակցությունների մեջ են, նամակներ են ուղարկել, որ այդ ձեւով «բաժանումը»  կխոչընդոտի իրենց կենսագործունեությանն ու հետագա զարգացմանը. «Նախ այդ տեղափոխությունները մեզ ամբողջովին ռելսերից կգցեն, մյուս տեսակետից էլ, եթե հետագայում դրամաշնորհներ ունենանք, զարգացման հնարավորություն չի լինի»։ Նա տեղեկացրեց, որ ինչպես մյուս ինստիտուտների, այնպես էլ իրենց պարագայում տարիների ընթացքում կրճատումներ են եղել, որոշ սենյակներ թափուր են մնացել, ու Պետգույքի կառավարման կոմիտեից անընդհատ եկել-գնացել, տեսել են, որ չօգտագործվող սենյակներ են, ուրեմն պետք է օտարել։ Նա ընդգծում է, որ այլեւս կառավարության որոշման դեմ ոչինչ անել չեն կարող, բայց բանակցությունների մեջ են որոշակի փոփոխությունների շուրջ. «Այն թեւը, որ տալիս են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնին, ստացվում է՝ 6 հարկը վերցնում են, 7-րդ հարկի մի հատվածը  մեզ են թողնում, բայց եթե դռները դրվեն, փակվեն, այդ հատվածից չենք կարող օգտվել»։

Հրաչյա Բունիաթյանը Վիկտոր Համբարձումյանի հետ

Հրաչյա Բունիաթյանը Կենսաքիմիայի ինստիտուտի աշխատակիցների հետ

Ակադեմիկոս Բունիաթյանի դուստրը՝ Գայանե Բունիաթյանը, որ ավելի քան 30 տարի աշխատում է Թյուբինգենի համալսարանում,  ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանին անցյալ տարի գրած նամակում նշել էր, որ իր հայրը մահից առաջ վստահ է եղել, որ իր հիմնադրած կենսաքիմիայի ինստիտուտը կանգուն կմնա շնորհիվ կենսաքիմիկոսների սերնդի (16 դոկտոր, պրոֆեսոր եւ 50 գիտությունների թեկնածու) եւ միջազգային հեղինակության: «Ես ցավով եմ հետեւում Կենսաքիմիայի ինստիտուտի շենքի ներկա վիճակին ու կոլեկտիվի ընկճվածությանը։ Փաստում եմ, որ ներկայումս երբեմնի օրինակելի ինստիտուտը ամբողջովին աղքատացել, դատարկվել է, աշխատակիցները լքել են այն, եւ դրա լուծարման մասին համառ խոսակցությունների արդյունքում եմ գրում այս նամակը»։

Տիկին Բունիաթյանը վստահ է, որ ինստիտուտի քայքայման գործընթացը դեռ կարելի է կասեցնել, իսկ դրամաշնորհների միջոցով եւ երիտասարդ, տաղանդավոր ու էներգիայով լեցուն գիտնականների ջանքերով ինստիտուտում գիտությունը բարձրացնել պատշաճ մակարդակի։

Գայանե Բունիաթյանը, որ ինստիտուտի վիճակի մասին տեղեկանալով Գերմանիայից, որտեղ ապրում եւ աշխատում է, անմիջապես Հայաստան է եկել: «Առավոտի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ կառավարությունը պետք է կենսաքիմիայի ինստիտուտին ֆինանսական աջակցություն տրամադրի շենքը վերանորոգելու համար, ինչը չի արվել  40 տարի՝ ակադեմիկոս Բունիաթյանի մահից հետո։ Նա անհեթեթ է համարում Կենսաքիմիայի ինստիտուտի շենքը  Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի հետ կիսելը, նշում է, որ ինստիտուտի շենքը չի ջեռուցվում, աշխատակիցները ստիպված հավաքվում են մի քանի ջեռուցվող սենյակներում։ Հաջորդ խնդիրը նա համարում է Կենսաքիմիայի ինստիտուտի միավորումը Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի հետ՝ առանց անկախ բյուջեի իրավունքի։ Ի թիվս այլնի, Գայանե Բունիաթյանը նշում է, որ այսօրվա գործընթացները տանում են Հայաստանին փառք բերած գիտական կենտրոնի՝ բոլոր առումներով ճնշման եւ Բունիաթյանի անվան մոռացության։

Տիկին Բունիաթյանը կոլեկտիվի հետ շփումներից ու զրույցներից հետո եկել է  եզրակացության, որ կառավարությունը եւ ԳԱԱ-ն առանց կոլեկտվի համաձայնության արել են քայլեր, որոնք կհանգեցնեն Բունիաթյանի անվան ինստիտուտի ոչնչացմանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ԳԱԱ նախագահն իրեն չի ընդունել, ոչ մի կերպ չի կարողացել հանդիպման հնարավորություն ստանալ վարչապետի մոտ՝ չնայած բազմաթիվ նամակներին ու առցանց գրանցումներին։ Նա անտրամաբանական է համարում Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տեղավորելուն ինստիտուտի շենքում, այն դեպքում, երբ «տան տերերին» փոքր հատված է բաժին հասնում։ Տիկին Բունիաթյանը տարակուսանք  է հայտնում, որ Հայաստանին հետխորհրդային տարածքում ու աշխարհում փառք բերած ինստիտուտի վերանորոգման հարցը կախված է Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի հետ ադմինիստրատիվ միավորումից։

Հավելենք, որ թեմայի վերաբերյալ  ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը «Հետքին» ասել էր, որ ԳԱԱ համակարգում առաջիկա 5 տարում ինստիտուտների միավորման կամ դրանց մեջ մասնագիտությունների վերադասավորման միջոցով ստեղծվելու է 9 գիտահետազոտական, գիտաարտադրական կենտրոն, իսկ ակադեմիական շուրջ 30 ինստիտուտների փոխարեն լինելու է  ընդամենը 20-ը։

Գլխավոր լուսանկարում՝ Գայանե Բունիաթյանը

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031