Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը տոն կբերի իր՝ Դպրոցականի ֆիլհարմոնիայով

Հունվար 21,2023 12:30

Դեռեւս 1950-ականների վերջերին կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Դպրոցականի ֆիլհարմոնիան, որն իր գործունեության մոտ 30 տարիների ընթացքում համերգ-դասախոսությունների ու համերգ-հանդիպումների շնորհիվ մեծ դերակատարում ունեցավ դպրոցականների գեղագիտական դաստիարակության գործում։ Հասկանալի պատճառով 1990-ականներին այն դադարեցրեց իր գործունեությունը։ Նշենք, որ կայացած միջոցառումներին սիրով էին մասնակցում հայաստանյան պետական կոլեկտիվները, նաեւ անհատ երաժիշտները։ Հարկ է նշել, որ այդ տարիներին անվանի երաժշտագետ, իր գործի նվիրյալ Արմեն Բուդաղյանի շնորհիվ, բնականաբար՝ ոչ հաճախ, բայց երբեմն կազմակերպվում էին համերգներ դպրոցականների համար։ 2007թ. վերաբացվեց Դպրոցականի ֆիլհարմոնիան՝ դառնալով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կառույցներից մեկը, ընդ որում՝ մասնաճյուղեր ստեղծվեցին Գյումրիում, Կապանում, Եղեգնաձորում եւ Ստեփանակերտում։

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 20-ին կկայանա Դպրոցականի ֆիլհարմոնիա. Երաժշտական ՄարաՏոն ծրագիրը՝ մասնակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի։ Մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ նվագախմբի արխիվի բաժնի պետ եւ կրթամշակութային ծրագրերի համակարգող Ելենա Խոդիկյանը ներկայացրեց համերգային ծրագրում տեղ գտած ստեղծագործությունների ցանկը, նշելով, որ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկը կհնչեցնի դասական երաժշտության հանրամատչելի եւ սիրված գործեր, այդ թվում՝ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային սյուիտը, Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից Վալսը եւ Նոկտյուրնը, նաեւ երեք հատված «Գայանե» բալետից՝ Վարդագույն աղջիկների պարը, Այշեի պարը, Սուսերով պարը։

Հետո էլ՝ կապված Դպրոցականի ֆիլհարմոնիայի հետ, մի փոքր էքսկուրս կատարեց. «Որպեսզի ձեւավորվի ապագայի արվեստասեր, բարձրաճաշակ հանդիսատես, որը քաջածանոթ կլինի ազգային մշակութային արժեքներին, կճանաչի իր ազգի անվանի երաժիշտներին եւ ընդհանրապես տեղյակ լինի համաշխարհային մշակույթին, ֆիլհարմոնիկ նվագախումբն իր գործունեության ընթացքում մշտապես կարեւորել է նաեւ երեխաների համար ծրագրերը։ Ի դեպ, Դպրոցականի ֆիլհարմոնիայի առաջին համերգը կայացել է 1947թ., իսկ առաջին համերգ-դասախոսությունը՝ 1950թ. հունվարի 31-ին, Գլինկայի եւ Դարգոմիժսկու ստեղծագործությունների մասին։ Այդ ավանդույթը շարունակել է ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը՝ տեւական ժամանակ, հարգարժան երաժշտագետ Արմեն Բուդաղյանի մասնակցությամբ, համերգների եւ զրույցների միջոցով բացահայտելով դասական երաժշտության գաղտնիքները»։

Հիշեցրեց նաեւ, որ առանձին ծրագրով 2019-ից «Արամ Խաչատրյան» համերգասրահում (տնօրեն՝ Նորայր Նազարյան) հյուրընկալվում են երեխաները, որոնք զրույցների միջոցով իրենց համար բացահայտում են ետնաբեմը, որտեղ գտնվում է գրադարանը, երաժշտական գործիքների պահոցը եւ այլն, նաեւ բացառության կարգով ներկա են գտնվում ինչպես մաեստրո Թոփչյանի, այնպես էլ նվագախմբի հետ հյուրախաղորդ դիրիժորների ու երաժիշտների փորձերին։ Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ դպրոցականների համար նախատեսված իրենց ծրագիրը անցկացվում է երկու ամիսը մեկ պարբերականությամբ, իսկ արձակուրդ է «մեկնում» ամռանը՝ դպրոցականների հետ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031