44-օրյա պատերազմի մասնակից, հերոս Էդգար Ջանիբեկյանը սովորում է Հայ-ռուսական համալսարանի 2-րդ կուրսում, նա զորակոչվել է 2022թ. հուլիսի 15-ին: Էդգարը որոշ դրվագներ պատմեց այդ ծանր օրերից:
– Ե՞րբ եւ ինչպե՞ս հասկացաք, որ պատերազմ է սկսվել:
– Կռիվը սկսելուց մոտ 2 ժամ առաջ, հերթափոխս հանձնելուց հետո պառկել էի հանգստանալու, ժամանակից շուտ արթնացա այն պահին, երբ զինակից ընկերներիցս մեկը գոռգոռալով մտավ բունկեր, եւ հայտնեց տագնապ ազդանշանը, չնայած մինչեւ այդ էլ արդեն հակառակորդի հրետանին սկսել էր հարվածել մեր մարտական դիրքին:
– Պատերազմի մասին ձեր պատկերացումները համապատասխանո՞ւմ էին իրականությանը:
– Ո՛չ, նախկինում անգամ չէի էլ մտածում պատերազմի մասին, բայց երբ աչքիս առաջ տեսա մահը, աշխարհայացքս փոխվեց…
– Էդգար, գիտեմ, որ վիրավորում եք ստացել…
– Պատերազմի օրերին կյանքս 3 տարբեր մարդիկ են փրկել։ Ջաբրայիլ, թշնամու զորքերի կողմից դիրքը գրավելուց հետո՝ 11 հոգով չենք հասցնում թողնել դիրքը։ Դիրքից մոտ 200 մետր հեռավորության վրա փոս կար, հավաքվում ենք այդտեղ, որտեղ էր հերոս կապիտան Արթուր Ալավերդյանը։ Թշնամին ամբողջ տեխնիկան դեպի մյուս դիրք ընկած ճանապարհով մեր կողքով էր տեղափոխում, ու այդ ընթացքում կապիտանը մտածում է՝ ինչպես փրկել մեզ։
Մոտ 10-12 ժամ մնացել ենք փոսի մեջ, այդ ընթացքում կապիտանը կապվում է մարտկոցի սպաներից մեկի հետ, ով մինամյոտի կրակային դիրքում էր, որտեղ էլ գտնվում էր ընկերս՝ Մհերյան Էդգարը, որն իմ կյանքը փրկողներից մյուսն էր։ Նրանց միջոցով կապիտանը իրենից հեռու մոտ 3-4 կմ առաջ գտնվող 8 ԲՄՊ ու մեծ քանակի զորք է ոչնչացնում, ու այդ ամբողջն անում է առանց տեխնիկական սարքի՝ աչքաչափով տալիս է թվերը, Էդգարենք կրակում են, ու բացում մեր դիմացը, որ գիշերը մութն ընկնելուն պես դուրս գանք փոսից՝ դեպի մեր հետեւի դիրքը։ 11 հոգուս հաջողվում է անվնաս հասնել այդ դիրք։ Լուսաբացին, երբ կապիտանն ասաց, որ վիրավոր կա, պետք է իջեցնենք բլինդաժ, ես գնացի իջեցնելու, զինակից ընկերներիցս մեկի հետ, եւ այդ ժամանակ ծնկիցս վիրավորվեցի։
Ինձ իջեցրին բլինդաժ՝ վիրակապեցին, ու երբ եկավ պահը, որ ինձ ու մյուս վիրավորներին տեղափոխող մեքենան հասավ, իմ հերոս ընկեր Սասունն առաջինը ոտքի կանգնեց, ինձ գրկեց ու մոտ 2 կմ հրթիռակոծության տակ տարավ հասցրեց մինչեւ շտապօգնության մեքենան։ Ցավոք սրտի, երեքն էլ զոհվեցին կռվի դաշտում։
– Ինչի՞ մասին էիք մտածում պատերազմի ընթացքում:
– Ընտանիքիս:
– Որտե՞ղ էիք, երբ իմացաք պատերազմի ավարտի մասին, ի՞նչ զգացողություններ ունեիք:
– Երեւանի հոսպիտալում էի, մի կողմից ուրախ էի, որ վերջացան այդ դաժան օրերը, բայց պարտության համը դառն էր…
– Արդյոք պատերազմը արժեզրկե՞լ է այն, ինչ արել եք…
– Կռիվ տված եւ պայքարող մարդու արածը ոչինչ չի կարող արժեզրկել:
– Ի՞նչ կասեք, որպես վերջաբան…
– Ուզում եմ մեջ բերել Գ. Նժդեհի խոսքերից. «Պատերազմի՛ր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից»:
Զրույցը՝ Էլեն ՂԱԶԱՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
20.01.2023