Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պայմանավորվածությունների մասին էր խոսում Սերգեյ Լավրովը

Հունվար 21,2023 14:30

«Սերգեյ Լավրովը հղում է կատարում ինչ-որ պայմանավորվածությունների: Ի՞նչ պայմանավորվածություններ են դրանք: Եվ արդյո՞ք միակ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել նոյեմբերի 10-ին կամ դրանից հետո ու անհայտ են մնացել հասարակության համար»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանը:

-Համացացում երկու օր շրջանառվում էր Արայիկ Հարությունյանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկությունը, ի վերջո, նախօրեին, այդ մասին առավել հստակ տեղեկատվություն ստացանք դարձյալ ՌԴ ԱԳ նախարարից. նա հաստատեց, որ հանդիպում է եղել, փակ միջանցքը բացելու հարցը օրերս կլուծվի: Ավելի ուշ, պաշտոնական Ստեփանակերտից տարածված տեղեկատվությունից պարզ դարձավ, որ ճանապարհը բացելու հարցում առաջընթաց չկա: Ի՞նչ, այսպես ասենք, ստվերային գործընթաց է տեղի ունենում Արցախի շուրջ:

-Ակնհայտ է, որ ՌԴ-ն ակտիվ ջանքեր է գործադրում իրավիճակին հանգուցալուծում տալու համար եւ արագ արդյունքներ է ակնկալում: Այդ կերպ ՌԴ-ն փորձում է ցույց տալ, որ չնայած Լաչինի միջանցքի փակ լինելը նաեւ իր կողմից ստանձնած պարտավորությունների լիարժեք չկատարման հետեւանք է, բայց ինքն ի վիճակի է կարգավորել իրավիճակն ու թույլ չտալ սեփական դիրքերի թուլացում: Եթե ուշադիր լինենք, նախ Սերգեյ Լավրովը կողմերին կոչ արեց փոխադարձ ընդունելի լուծումների գնալ, իսկ հաջորդ օրն արդեն հայտարարեց, որ ՌԴ միջնորդությամբ շփումներ են եղել Արցախի եւ Ադրբեջանի միջեւ եւ կարծիք հայտնեց, որ շուտով միջանցքը կբացվի:

Դժվար է հստակ ասել, թե ի՞նչ արդյունք կտան այս շփումներն ու ի՞նչ արագությամբ, սակայն կան հարցեր, որոնց պատասխաններն ապագայի համար վճռորոշ են լինելու: Հարց է, թե մամուլում շրջանառվող Ադրբեջանի կողմից առաջ քաշվող ո՞ր պահանջներին է պատրաստ լինելու համաձայնվել Արցախը միջանցքը բացելու դիմաց։ Եվ որ կարեւոր է, արդյո՞ք հետագայում այս ձեւաչափով բանակցությունները կվերածվեն միջազգային միջնորդությամբ հակամարտության կարգավորման բանակցությունների, թե՞ Ադրբեջանը կօգտագործի դրանք Հայաստանի հետ երկխոսության օրակարգից Արցախյան հիմնախնդիրը դուրս մղելու համար։

Սա բավական շատ ստորջրյա քարեր ունեցող գործընթաց է, որն էլ ավելի վտանգավոր է դառնում Հայաստանի իշխանությունների՝ իրենց գործընթացից դուրս դնելու որդեգրած ձեռագրի հետեւանքով:

-Համացանցային տիրույթում շրջանառվում է, որ ադրբեջանական կողմը հինգ պահանջ է ներկայացրել Արայիկ Հարությունյանին՝ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկություն, ադրբեջանական հենակետերի տեղադրում Ստեփանակերտի մուտքի մոտ, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեսահսկող եւ ռենտգեն նկարահանող ադրբեջանական անցակետերի տեղակայում, Արցախի ամբողջական զինաթափում, Կաշենի հանքի փակում: Պաշտոնական տեղեկատվություն այս մասին, չկա, ներքին խմորումներն էլ մտահոգությունների տեղիք են տալիս:

– Ձեր թվարկածն Ադրբեջանի անվերջ աճող ախորժակի շատ վառ դրսեւորումն է: Բոլորի համար ակնհայտ է, որ այս պահանջներն ընդամենը ստեղծված իրավիճակից օգտվելու եւ առավելագույնը քաղելու փորձեր են: Բաքվի իրական նպատակը՝ հնարավորինս մեծ ճնշում գործադրելն է ու Արցախի հայաթափմանը հասնելը, այլ կերպ ասած՝ տիրել Արցախին առանց հայերի: Եվ Բաքվի իշխանությունը դա նույնիսկ չի էլ թաքցնում:

Արցախի իշխանությունն արդեն իսկ որոշակի զիջման գնաց Կաշենի հանքի հարցում՝ դադարեցնելով շահագործումը մինչեւ միջազգային դիտորդների հնարավոր այցը, սակայն դա չբավարարեց Բաքվին: Լաչինի միջանցքում սեփական վերահսկողության մեխանիզմը ստեղծելու Բաքվի նկրտումներին իր ասուլիսում մասնակիորեն պատասխանեց Սերգել Լավրովը՝ ընդգծելով, որ դա ռուս խաղաղապահների լիազորությունն է եւ առաջարկելով դրանով բավարարվել:

Ինչ վերաբերում է Արցախի ներքաղաքական կյանքին միջամտելու Բաքվի փորձերին, դրանք Արցախը որպես սեփական տարածք, «մարզ» դիտարկելու, այդ ընկալումը աշխարհին մարսեցնելու փորձ են: Ուստի, ակնհայտ է, թե այդ հարցում զիջումների գնալը ինչ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ:

-«Ադրբեջանցիները ներկայացրել են տվյալներ (հիմա մեր զինվորականներն ուսումնասիրում են դրանք), որ հայկական կողմն այդ միջանցքով փոխադրել է ականներ, հետո, ի հեճուկս եռակողմ պայմանավորվածությունների, այդ ականներն օգտագործվել են ադրբեջանական դիրքերին մոտ գտնվող տարածքներն ականապատելու համար եւ այլն: Այնտեղ բազմաթիվ փոխադարձ մեղադրանքներ կան». ՌԴ ԱԳ նախարարի այս հայտարարությանը պաշտոնական Երեւանից դեռ արձագանք չկա: Ի՞նչ սպասել արդյունքում:

– Սա շատ մեծ ուշադրության արժանի հայտարարություն է: Նախ պետք է  հասկանալ՝ ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը: Եթե ուշադիր ընթերցենք նոյեմբերի 10-ի հայտարարությունը, կտեսնենք, որ այնտեղ որեւէ դրույթ չկա՝ վերաբերող տեղափոխվող բեռների սահմանափակումներին, պարզապես նշված է, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:

Սերգեյ Լավրովը հղում է կատարում ինչ-որ պայմանավորվածությունների: Ի՞նչ պայմանավորվածություններ են դրանք: Եվ արդյո՞ք միակ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել նոյեմբերի 10-ին կամ դրանից հետո ու անհայտ են մնացել հասարակության համար:

Ինչ վերաբերում է Հայաստանից արձագանք լինել-չլինելուն, ապա այս իշխանությունը բացահայտ կերպով խուսափում է Արցախին առնչվող հարցերի համար պատասխանատվություն ստանձնելուց եւ նույն Լաչինի միջանցքի հարցով Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը որեւէ պարտավորություն չունի համատեղ հայտարարության այդ դրույթի կատարման հետ կապված, ինչն, իհարկե, աբսուրդային է: Ուստի, որեւէ արձագանք ակնկալելն էլ անիմաստ է: Այլ հարց է, որ պետք է հարց եւ պահանջ բարձրացվի՝ բացահայտելու բոլոր չհանրայնացված պայմանավորվածությունները, որոնց հետեւանքների հետ պարբերաբար բախվում ենք:

-«Չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, եւ որ [ՀԱՊԿ] առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ տեղակայվի քաղաքացիական դիտորդների առաքելություն: Դա Ադրբեջանի հետ սահմանն է, եւ թերեւս, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է պարզապես հակաարդյունավետ լինել: Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է ստեղծել դիվանագիտական գրգռիչներ»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը, որը պատրաստվում է տեղակայվել երկու տարով՝ արդեն Հայաստանի ողջ տարածքում: Եթե դիվանագիտական բառապաշարից թարգմանենք ՌԴ ԱԳ նախարարի ասածը, ի՞նչ հակադրություն է սպասվում եւ ի՞նչ իրավիճակ կստեղծի այն ՀՀ-ի համար:

-Լավրովի հայտարարությունն արդեն դժվար է նույնիսկ դիվանագիտական բառապաշար անվանել, ՌԴ արտգործնախարարը բաց տեքստով ասում է, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում մտահոգություններ է առաջացնում Մոսկվայում: Առավել եւս այն պարագայում, որ Հայաստանի իշխանությունն անթաքույց ձգձգում, խոչընդոտներ է ստեղծում ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման համար: Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ ԵՄ համար այս առաքելության հիմնական նպատակը ոչ թե տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելն է, միջադեպերը նվազեցնելը, այլ սեփական ներկայությունը եւ ազդեցությունը մեծացնելը: Սա, ըստ էության, Արեւմուտք-ՌԴ պայքարի հերթական դրսեւորումն է, իսկ Հայաստանը դառնում է դրա հերթական հարթակը՝ դրանից բխող բոլոր վտանգներով: Ուկրաինայում տեղի ունեցողն այդ վտանգները շատ ակնառու է դարձնում:

Այսօր ՌԴ-ն է պատասխանատու ՀՀ արտաքին սահմանների պաշտպանության համար: Եվ այս պարագայում մի շարք հարցեր են առաջանում սկսած նրանից, թե ինչպե՞ս են համակցվելու ԵՄ եւ ՌԴ ներկայությունը, մինչեւ այն, թե ինչպե՞ս է մեր մյուս բարեկամը՝ Իրանը, վերաբերվելու իր անմիջական հարեւանությամբ ԵՄ արդեն երկարաժամկետ ներկայությանը՝ թեկուզ ոչ ռազմական:

Արեւմուտքին տարածաշրջան բերելու Հայաստանի իշխանության այս քայլերը Հայաստանը աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ են դարձնում եւ նոր վտանգներ ստեղծում այս առանց այն էլ շատ պայթյունավտանգ իրավիճակում: Իսկ նույն անվտանգային տեսանկյունից ԵՄ առաքելության արդյունավետությունը խիստ ոչ չափելի ու անհասկանալի է՝ հաշվի առնելով, որ երկամսյա առաքելության արդյունքում ոչ զեկույց հրապարակվեց, ոչ էլ որեւէ հայտարարություն արվեց: Եվ այնպես էլ չէ, որ առաքելության ժամանելուց, կամ ժամկետի ավարտվելուց ու հեռանալուց հետո իրավիճակը տեղում փոխվել է:

-Նիկոլ Փաշինյանը նախօրեին, խորհրդարանում հայտարարեց, որ պատրաստ է Պրահայի համաձայնության հիման վրա ստորագրել խաղաղության համաձայնագիրը, մեկ շաբաթ առաջ էլ, ասուլիսում, հայտարարել էր, պատրաստ է ռուսական կողմի առաջարկած տարբերակով ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Մինչդեռ, ինչպես ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր օրերս հաստատել, հայկական կողմի՝ Ադրբեջանին փոխանցած առաջարկները՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, դեռ պատասխանի չեն արժանացել: Իշխանության նման վարքագիծը ի՞նչ է փաստում, ի՞նչ զարգացումների սպասել:

-Այսօր ակնհայտ է Արեւմուտքի ակտիվացումը տարածաշրջանում: Եթե Լաչինի միջանցքի բացվելն իրականություն դառնա, կրկին օրակարգ կգա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններն ակտիվացնելու հարցը, եւ Արեւմուտքը ցանկանում է դա անել իր միջնորդությամբ ու նախորդ տարի ակտիվ զարգացող գործընթացի շրջանակներում: Պատահական չեն ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ, Ադրբեջանի նախագահի հետ զրուցելու մտադրությունը, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի տարածաշրջանային այցը, Եվրախորհրդարանի բանաձեւերում անդրադարձը Արցախյան հակամարտությանն ու Արցախում ստեղծված իրավիճակին եւ այլն: Սակայն, այստեղ մի շատ կարեւոր հանգամանք. եթե Լաչինի միջանցքի փակվելուց ու Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի այս հոգեբանական ու հումանիտար ահաբեկչությունից հետո բանակցությունները վերսկսվեն նույն ադրբեջանական հինգ սկզբունքների ու Արցախյան հակամարտության էջը փակելու օրակարգի հիման վրա, դա կնշանակի, որ Ադրբեջանն այս անգամ էլ է անպատիժ մնում ու մարսում հարկադրանքի իր վարած քաղաքականությունը: Եվ այս պարագայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու առանց որեւէ պայմանների, առանց բանակցային օրակարգը փոխելու անհրաժեշտության մասին խոսելու բանակցային գործընթաց վերադառնալը նշանակում է օգնել Ադրբեջանին այդ հարցում:

Այս ընթացքում բազմիցս ենք խոսել այն մասին, որ Արցախի այս շրջափակումը հնարավորություն է տալիս ցույց տալ աշխարհին, որ Արցախը չունի խաղաղ ապագա Ադրբեջանի կազմում եւ միակ հնարավոր կարգավորման ճանապարհը «անջատում հանուն փրկության» բանաձեւը կյանքի կոչելն է, այն բանակցությունների հիմքում դնելը: Եթե սա այսօր չարվի, վաղը Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ է առաջ քաշելու ու ավելի մեծ բռնության է գնալու իր պահանջների կատարմանը հասնելու համար:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պատմությունը ոչ մեկին ոչինչ չի սովորեցնում բայց պատժում է նրա դասերը չսերտողներին։ հարյուր տարի առաջ«արեվելյան ժողովուրդների համաժողովում»որոշեցին պատժել հայերին անտանտի դաշնակիցը լինելու համար՝մեր տարածքները բաժանեցին թուրքիայի դաշնակիցների՝վրաստանի թուրքիայի ւ ադրբեջանի միջւ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031