Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ կավարտվի Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը. (Ֆոտոշարք)

Հունվար 20,2023 23:13

Ուրբաթ՝ հունվարի 20-ին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ոլորտի այլ պատասխանատուներ՝ Սյունիքի Նորավան բնակավայրում, քննարկեցին Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման մանրամասները։

17 տարի առաջ՝ 2006 թվականից սկսած Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը դեռ չի ավարտվել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հիշեցնում է, որ աշխատանքները փաստացի սկսվել են 2015-2016թթ.։ «Մինչեւ 2018 թվականի փետրվար-մարտ ամիսների վերակնքումները ընդհանուր ծավալից 1-2 % աշխատանք էր կատարված: Լայն թափով աշխատանքները սկսվել են միայն 2018-ի փետրվար-մարտ ամիսներից։

Այդ ընթացքում կորոնավիրուսի համավարակի, պատերազմի հետեւանքով որոշակի դանդաղումներ եղել են՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, բայց չեմ փորձում արդարացնել, ուղղակի իրականությունը սա է», -լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբ Վարդանյանը:

Կառույցի պատվիրատուն Հայաստանն է, վարկը տրամադրել է Իրանական արտահանման զարգացման բանկը, կապալառուն՝ իրանական «Սամիր» կազմակերպությունն է։ Վերջինիս ֆինանսական վիճակը ժամանակին այնքան էլ բարվոք չէր, խնդիրներ են եղել նաեւ հողերի ձեռքբերումների, անտառհատումների հետ կապված, սակայն Հայաստանի կառավարությունն ամեն ինչ արել է՝ խնդիրները լուծելու համար։ Հայաստանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էլ իր հերթին է վերահաստատում փոխնախարարի խոսքը՝ խնդիրները լուծվել են, աշխատանքները ավելի արագ ու որակով ընթանում են։

«Հայաստանը մեզ համար շատ կարեւոր հարեւան ու բարեկամ երկիր է: Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարեւոր է մեզ համար: Բարեբախտաբար, վերջին շրջանում երկու երկրների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել՝ գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման հետ կապված։ Բնական է, այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են պայմաններ՝ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիա եւ Իրանից դեպի Հայաստան գազի մատակարարելու համար: Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համատեղ համագործակցությունները կարող են օրինակ լինել տարբեր ուղղություններով տարածաշրջանում եռակողմ համագործակցությունների համար»,-նշեց Աբբաս Բադախշան Զոհուրին:

Կողմերը հույս հայտնեցին, որ մինչեւ տարեվերջ կառույցը կհանձնվի շահագործման։

Նորավանում՝ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո փոխհոսքի հնարավորությունները ներկայիս 340 մեգավատի փոխարեն դառնալու են ժամում 1200 մեգավատ: Ըստ ոլորտի պատասխանատուների՝ եթե էլեկտրաէներգետիկական ռեժիմները դասավորվեն ամենաիդելական վիճակում, Հայաստանը տարեկան մինչեւ 7-7.5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն կունենա, իսկ միջինը՝ մինչեւ 5.5-6 մլրդ կվտ/ժ հնարավոր կլինի արտահանել։

Ենթակայանի աշխատանքները քննարկելուց հետո Գնել Սանոսյանը դեսպանին առաջարկեց ծանոթանալ Լծեն-Շամբ եւ Տաթեւ-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը՝ անցնելով կառուցվող ճանապարհով։ Աշխատանքների հիմնական մասն ավարտված է, կառուցվող ճանապարհները կստանան հանրապետական նշանակության ճանապարհի կարգավիճակ:

Հյուրերին միացավ նաեւ «Ա․Ա․Բ Պրոկետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բադալյանը։ Ընկերությունը այս պահին կառուցում է ռազմավարական նշանակություն ունեցող ՝ Լծեն-Շամբ, Տաթեւ-Լծեն, Արցախ-Կոռնիձոր ճանապարհները։

«Լծեն-Շամբ ճանապարհը շուրջ 6 կմ է, Տաթեւ-Լծենը՝ 20 կմ: Շամբ-Լծենում 6 կմ-ից 5 կմ-ն ասֆալտապատ է, 1.2 կմ-ը՝ նախապատրաստակամ փուլում է, առաջիկայում կասֆալտապատենք: Իսկ Տաթեւ-Լծենի 20 կմ-ից շուրջ 19 կմ-ը ասֆալտապատ է, մյուս հատվածներում խիճը տեղադրված է, բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի է։ Ուրախությամբ նշեմ, որ մեր շատ հայրենակիցներ, որոնք տեղյակ են, որ ճանապարհը անցանելի է գրեթե բոլոր մեքենաների համար, երբեմն սկսել են այս հատվածով երթեւեկել» ,- լրագրողների հետ զրույցում նշեց Գնել Սանոսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031