Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական վիճակ՝ Շիրակի դատարանում․ դատավորների տեղափոխման պատճառով՝ կալանավայրում 1 տարվա փոխարեն 5 տարի են մնում

Հունվար 20,2023 22:44

ԲԴԽ-ն երեկ որոշում էր կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործեր քննող բոլոր 4 դատավորներին միանգամից տեղափոխել մայրաքաղաք։

Շիրակի մարզի փաստաբաններն այս որոշումը համարում են անհասկանալի, անլուրջ,աբսուրդ, զուրկ տրամաբանությունից։

Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Թամարա Յայլոյանն ասաց, որ այս պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քրեական գործեր քննող դատավորներ չունի, սակայն նույն ողբերգական վիճակն է քաղաքացիական գործեր քննող դատավորների դեպքում։

«Քաղաքացիական գործերով ևս երեք դատավոր հեռացել են, ճիշտ է՝ նոր նշանակումներ եղել են, բայց իրենք իրենց գործերը հանձնել են, բնականաբար մինչև նոր դատավորները գան, ընդունեն, դատական նիստ նշանակեն, նորից ձգձգումներ կլինեն։

Այսինքն թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով դատական պրոցեսները ձգձգվում են այնքան ժամանակ, որ մարդիկ հիասթափվում են և երբեմն քաղաքացիական գործերի դեպքում ասում են, որ իրենց այլևս այդ դատական պրոցեսը պետք չէ։

Քրեական գործերով էլ բնականաբար կալանավորները չեն կարող նման բան ասել, բայց նրանք այնքան են հոգնել գնալ-գալուց, որ հայտարարում են՝ պատրաստ են դատվելու, որովհետև հոգնել են սպասողական վիճակից։ Անորոշ վիճակում մարդը 3-4-5 տարի սպասում է։

Ամեն անգամ և՛ տուժողը, և՛ մեղադրյալն այդ ամենը վերապրում են, դատական պրոցեսը սկսվում է, գնում են, իրար տեսնում են, ցուցմունքներ և այլ, հասնում է գրեթե վերջին պահը, ասում են՝ գիտեք, դատավորը գնացել է, նոր դատավոր է գալիս։

Նոր դատավորը նորից՝ զրոյից է սկսում այդ ամենը։ Տուժողի կողմից նայենք այս ամենը, տուժողն ամեն անգամ գալիս, ամեն անգամ վերապրում է այս ամենը և նորից իրեն ասում են՝ դատական պրոցեսը չի ավարտվում։ Ասենք, նորից պիտի գա ու իրեն վնաս պատճառած անձին նորից տեսնի, պատմի, ասի։ Եվ քանի որ 4-5 տարի է անցնում, մարդկանց մեծ մասը, վկաները մոռանում են և՛ դեպքերը, և՛ հանգամանքները։ Հետագայում տարակարծության տեղիք է տալիս, որովհետև մյուս կողմի փաստաբանն էլ հայտարարում է, որ տեսեք՝ նախկինում էսպես էր ասում, հիմա էսպես է ասում կամ էս հանգամանքը նշել էր, այս պահին այս հանգամանքը չի նշում։ Բայց մարդն ասում է՝ գիտեք ինչ, ես էլ ի վիճակի չեմ, հետո չեմ էլ կարող վերհիշել, վերապրել այս ամենը։

Վկաներն ասում են՝ 4-5 տարի անցել է, մենք բանուգործ չունենք, որ այս գործի մանրամասները պետք է հիշենք, որպեսզի կարողանանք ճիշտ վերարտադրել»։

Ըստ փաստաբանի, դատավորներ փոխելով, գործի քննությունն ամեն անգամ զրոյից սկսելով՝ անցնում է քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը։

«Ավտովթաների, վրաերթերի գործերը վերցնենք, ենթադրենք մարդը մահացել է, նրա ազգականը սպասում է, որ սոցիալական արդարությունը պիտի վերականգնվի, մեղավոր անձը պիտի պատիժ ստանա, կարևոր չէ այդ պատիժը շատ է, քիչ է, պայմանական է, պայմանական չէ, բայց ամեն դեպքում ինքը պիտի լսի՝ անձը, որը կատարել է հանցանք, պատասխանատվության պիտի ենթարկվի։ Բայց այնքան է ձգվում այդ ժամանակահատվածը, որ դրանից հետո քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն է անցնում, և քանի որ վաղեմության ժամկետն անցնում է, ստացվում է՝ տուժողի իրավունքները ոտնահարվեցին։ Ասենք ծեծ է եղել, մեկը մյուսին թեթև մարմնական վնասվածք պատճառելու գործ է եղել, մեզ համար է գուցե դա թեթև, բայց անձին, որին ցավ են պատճառել, որի նկատմամբ է կատարվել, իր համար իր գործն ամենակարևորն է։ Եվ էդ մարդն ուզում է դատարանում լսված լինել, բայց ինքը չի կարող լսված լինել։ Ես էդպիսի գործ ունեմ, որը մի դատավորից անցավ մյուսին, մյուսից էն մյուսին, երրորդ դատավորը հայտնեց, քանի որ վաղեմության ժամկետը լրացել է, ոչինչ չենք կարող անել։ Մեղադրյալին հարցրեց, թե արդյոք ցանկանում եք վաղեմություն կիրառվի, ասեց՝ այո։

Եվ գնաց, տուժողն ասում է՝ բա ես, ես լսվելու իրավունք ունեմ, ես հարցեր ունեի տալու, վերջապես ինչպես կարող էր էսպես լինել։ Ինչ կարող ես անել, եթե հասարակ մի գործով երեք դատավոր փոխվեց։ Հիմա էլ նորից նույն պատմությունը»,-ասում է փաստաբանը։

Թամարա Յայլոյանը նշում է, որ դատավորների փոփոխությունը գերծանրաբեռնված վիճակ է ստեղծում նաև փաստաբանների մոտ։

«Փաստաբանի տեսանկյունից դիտարկենք, ասենք չորս տարի առաջ գործ ենք վերցրել, հիմա չենք կարող նստել, սպասել, էլ գործ չվերցնենք, չորս տարի առաջվանն ավարտվի, որպեսզի նոր գործ վերցնենք։ Ստիպված ենք, որովհետև էդ գործի գումարը ծախսվել է, մարդուն էլ չես կարող ասել՝ գիտես լրացուցիչ վճար կատարի։ Չի՞ ասի՝ դատական նիստ, երբ է լինում, էդ ինչ արեցիր, գնում ենք, հետաձգում են, ինչ է չորս տարի դրա համար քեզ պիտի վճարե՞մ։

Ստիպված նոր գործեր պիտի վերցնես, ստացվում է, որ իմ մոտ էլ են կուտակումներ, ասենք չորս դատավոր են, չորս դատավորն էլ դատական նիստ են նշանակում, չորսի մոտ էլ գործ ունեմ, ես ո՞ր մեկը պիտի հասցնեմ։

Եվ եթե մի նիստին գնամ, մյուսները չգնամ, մյուսների մոտ դժգոհություն կառաջանա, հաստատ կասեն՝ մինչև էդ դատական նիստեր չէին լինում, մեզ չէին բերում նիստերին, հիմա էլ դուք չեք ներկայանում դատական նիստի, բայց չէ, որ մենք այլ տեղից գումար չենք ստանում, միայն քաղաքացիների վճարներից է։ Ստացվեց, որ այս գործողությամբ ազդեցին նաև մեր հեղինակության վրա։ Բացի դրանից մեղադրյալի՝ ողջամիտ ժամկետում գործի արդար քննության իրավունքը խախտեցին, տուժողի իրավունքները խախտեցին»։

Փաստաբանը բարձրաձայնում է նաև կալանավորներին տեղափոխող մեքենաների հարցը։

«Դա էլ չեն կազմակերպում, ասում են մեքենա չկա կալանավորին բերելու համար, եթե այդ օրը շատ են դատական պրոցեսները, պետք է ընտրություն կատարենք, առավոտվա դատական նիստերին կբերենք, օրվա երկրորդ կեսին չենք կարող բերել ։

Ամբողջ Շիրակի մարզին երկու մեքենա է հատկացված, մեկը դատապարտյալների հիվանդանոցում է, չենք կարող այնտեղից գնալ, բերել, մյուսը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում է, երրորդը՝ Արմավիրի, չենք կարող բերել, որովհետև ունենք այդ երկու մեքենան, դրանք էլ այսօր զբաղված են։ Քանի դատական պրոցեսներ մեքենաների պատճառով հետաձգվել են։ Այսինքն` պետությունն այդքան գումար չունի, որ մի մեքենա, երկու կամ երեք հոգի ուղեկցող անձնակազմ ավելացնի, որպեսզի կարողանա դատական պրոցեսները կազմակերպել»։

Թամարա Յայլոյանը նաև բարձրաձայնում է ծանուցումների խնդիրը։ Ըստ նրա, նախկինում փոստով ծանուցումները 1-2 օրվա ընթացքում տեղ էին հասնում, հիմա շաբաթներ, նույնիսկ ամիսներ են տևում, ամեն անգամ վկաները չեն գալիս, քանի որ ծանուցագրերը ստանալու վերաբերյալ հետդարձի կտրոնը չկա։ Ու քանի որ հավաստում չկա, այդ պատճառով դատական նիստերը հետաձգվում են։

Հետո պարզվում է՝ 1-2 ամիս առաջ են այդ մարդուն ծանուցում ուղարկել։

Ըստ փաստաբանի, կարելի է ծանուցել նաև հեռախոսով, տեխնոլոգիաների դարաշրջան է, աշխարհն առաջ է շարժվում, Հայաստանի վիճակը գնալով վատանում է։

«Քաղաքացիական գործերով դատավորներ կան, ասում են՝ վեց հազար գործ ունենք մեր վարույթում կամ երեք-չորս հազար գործ ունենք, ո՞նց կարող ենք մենք դատական նիստերն արագ նշանակել։ Կամ օրական ամեն դատավոր մի հարյուր հատ գործ է ստանում։ Լավ, եթե պետությունը տեսնում է, որ բավարար չէ դատավորների քանակը քաղաքացիների պահանջները բավարարելու, գործերը լսելու համար, ուրեմն թող դատավորների քանակն ավելացնի։ Ինչ մեխանիզմ մտածում են, ինչ որոշում են, ի վնաս քաղաքացիների է»։

Թամարա Յայլոյանի ասելով՝ այս ամենին ավելանում է նաև դատավորների տեղափոխումը։

Փաստաբանը հարց է բարձրաձայնում՝ մի՞թե չի կարելի Շիրակի մարզ նշանակվող դատավորին նախապես հարցնել ՝ ուզո՞ւմ ես նշանակվել, առաջիկա հինգ տարին պիտի մնաս Շիրակի մարզում, պատրա՞ստ ես։

«Թող ասեն, հիմա ինքդ որոշի, ընտանեկան պայմաններդ, սոցիալական վիճակը, ծախսերը հաշվի առնելով՝ արդյոք կուզենայի՞ր Շիրակի մարզում աշխատել, թե ոչ։ Եթե չես ուզում , մնա ռեզերվում, մինչև որ Երևանում տեղ բացվի։

Նշանակվում են, ազատ տեղ է, հենց հարմար առիթը ստեղծվում է, դիմումը գրում ու տեղափոխվում են Երևան, հա լավ են անում, իրենց բնակության վայրն է, ի սկզբանե չգայիք։ Թող գա այն մարդը, որ ուրախ կլինի և ոչ թե 5, այլ 10 տարի կուզենա աշխատել։

Շիրակի մարզը հանրապետության երկրորդ մարզն է և՛ բնակչության քանակով, և՛ դատարանի ավելի մեծ լինելու առումով, և՛ գործերի քանակով, ո՞նց կարող է նման վերաբերմունք լինել, այսինքն՝ բոլորը տեղափոխվեն Երևան, Երևանում աշխատեն, բա մարզում աշխատողներ պետք չե՞ն, կամ ինչ ասել է ՝ չեմ ուզում այստեղ մնալ, ուզում եմ տեղափոխվել Երևան»։

Մեր զրուցակիցը նշում է՝ այս վիճակը ստեղծվել է 2018 թվականից, սկզբում դատավորները մի քիչ երկար էին մնում Շիրակի մարզում, իսկ վերջերս՝ընդամենը մի քանի ամիս։

Փաստաբանը հարցնում է՝ եթե հրատապ կալանքի հարց առաջ գա, ո՞վ պիտի լուծի այն Շիրակի մարզում, երբ դատավորներ չկան, իրենք այլևս գործող դատավորներ չեն։

«Մարդիկ կան, որոնք արդարացման ակնկալիք ունեն, բայց հինգ տարի է՝ սպասում է դատական պրոցեսին, մինչդեռ այն կարող էր մի քանի ամիս տևել և ենթադրենք արդարացման վճիռ լիներ ու ազատ արձակվեր։

Կյանքն անցնում է արդարադատությանը սպասելիս, լավ, թե վատ, իր համար կարևոր է վերջնական որոշումը ունենալը։ Ամենադաժան բանն անորոշությունն է, երբ քրեակատարողական հիմնարկից իրենց թույլատրում են զանգահարել, զանգում, ասում են՝ ուզում ենք դատական պրոցես լինի։ Ես երբեք չէի պատկերացնում՝ մարդը կարող է էդպես անհամբեր սպասի դատական պրոցեսին»։

Թամարա Յայլոյանը փաստաբան Գայանե Գևորգյանի հետ միասին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ազատությունից զրկված անձանց տեղափոխող տրանսպորտային միջոցների սահմանափակ լինելու հարցով։ Որևէ հստակ պատասխան չեն ստացել․ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացրել են, որ այդ հարցը ներառված է իրենց ամենամյա զեկույցների մեջ (Տես փաստաթուղթը), սակայն որևէ պատասխան դեռ չունեն։

«Զամանում եմ՝ մի՞թե ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող այդքան ազդեցիկ լինել, ասել՝ գիտեք ամեն մարզին մեկ մեքենա ավելացրեք։ Կամ լավ, Շիրակի մարզում շատ են կալանավորվածները, Շիրակի մարզում ավելացրեք, այդ դեպքում ինչի՞ համար են էդ ամենամյա զեկույցները»,-հարցնում է գյումրեցի փաստաբանը։

Թամարա Յայլոյանը դատավորների տեղափոխման հարցը ևս բարձրաձայնել է՝ ահազանգելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Թամարա Յայլոյանը նշել է, որ անձի ողջամիտ ժամկետում արդար քննության իրավունքը խաթարվում է, տուժողի իրավունքները ևս խաթարվում են։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պատասխանել են, որ իրենք դատական գործերի մեջ չեն խառնվում։

«Մենք չենք ասում՝ ասե՛ք դատավորը ճիշտ որոշում է կայացնում, թե սխալ, տեխնիկական հարցեր են, որոնք առաջ են բերում մարդու իրավունքների խախտում։ Ինչպե՞ս կարող է մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով չզբաղվել, երբ էդքան կալանավորներ անիմաստ կալանավորված են։ Այդ դեպքում թող դատարանները փոխեն մարդկանց խափանման միջոցները, թող ազատության մեջ գտնվեն և դատերին մասնակցեն։

Եվ հետո պետական միջոցներ են վատնվում, չէ՞․ եթե մի տարի պիտի պահեիր այս մարդուն իմ՝ հարկատուիս հաշվին, կերակրեիր նրան, ջեռուցում ապահովեիր, այնտեղ բոլոր պայմանները պետք է լավ լինեն, չափանիշներ կան՝ չի կարող ցուրտ լինել, մարդը չի կարող սոված լինել, չի կարող քնելու տեղ չունենալ, մարդիկ կան, իրենց տանն այդպիսի պայմաններում չեն ապրել, հիմա հինգ տարի ես պահում։ Բայց չէ՞ որ հարկատուիս գրպանից է դա դուրս գալիս, բյուջեից է դուրս գալիս չէ, ո՞նց կարող է էսպես լինել։

Դատավորներին տեղափոխում են, կալանավորին տանում-բերում․ եկավ մի դատավոր, մի 10 նիստ արեց, հետո հանձնեց մյուս դատավորին, մի 10 էլ են մյուսն արեց, մի 15 նիստ էլ երրորդն արեց։ 35 անգամ կալանավորին տարան-բերեցին, բայց նա դատական ակտը չստացավ, էդքան էլ բենզին, ռեսուրս ծախսվեց չէ՞,ո՞ւմ հաշվին, ի՞մ», -ասում է Թամարա Յայլոյանը։

Ի դեպ, փաստաբանը տեղեկացրեց, որ իրենք մտադիր են հանդիպել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հետ՝ քննարկելու այս հարցերը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031