«Ամերիկայի ձայն». Իրանը չի ճանաչում Ղրիմի և Ուկրաինայի չորս այլ շրջանների անեքսիան, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք ճանաչում ենք երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգային օրենքների շրջանակներում, հետևաբար, չնայած Թեհրանի և Մոսկվայի միջև հիանալի հարաբերություններին, մենք չճանաչեցինք Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի շրջանների անջատումն Ուկրաինայից», – ասել է Աբդոլլահյանը։
Նա նաև ասել է, որ Իրանի իշխանությունները պնդում են արտաքին քաղաքականության մեջ իրենց «հետևողական սկզբունքը»։
«Երբ մենք ասում ենք, որ ուկրաինական հակամարտությունը լուծում չէ, մենք հավատում ենք մեր դիրքորոշմանը որպես հիմնարար քաղաքական սկզբունքի», – հավելել է նախարարը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրներին, բազմիցս հայտնել էին, որ Իրանը Ռուսաստանին մատակարարում է անօդաչու սարքեր, որոնք օգտագործվում են ուկրաինական պատերազմում։ Կիևը Մոսկվային մեղադրել է իրանական անօդաչու թռչող սարքերի միջոցով քաղաքացիական օբյեկտների վրա հարձակվելու մեջ։
2022 թվականի նոյեմբերին Իրանն առաջին անգամ խոստովանեց անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստան, սակայն պնդեց, որ դրանք ուղարկվել են ուկրաինական պատերազմի սկսվելուց առաջ։ Ռուսաստանը հերքում է իրանական զենք օգտագործելու մեղադրանքները:
Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Իրանը կստանա ռուսական Սու-35 կործանիչներ, որոնք կդառնան երկրի բանակի ամենաժամանակակից ինքնաթիռը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն ավելի վաղ լրագրողներին ասել են, որ ռուս-իրանական ռազմական համագործակցությունը հասել է «աննախադեպ մակարդակի»։