Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի վերաբերյալ, քանի որ վերջինիս գործողությունները, ըստ ԿԿՀ-ի, առերեւույթ շահերի բախման են հանգեցրել:
Բանն այն է, որ Ն. Բաղդասարյանը, որը Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թ. նոյեմբերից, ամիսներ անց՝ 2022 թ. ապրիլին, հաստատել է «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմը, որում ընդգրկել է նաեւ իր եղբորը՝ Արման Բաղդասարյանին: Ընդ որում՝ վերջինս խորհրդի անդամ էր առաջադրվել հենց մարզպետի կողմից: Սրա հետեւանքով, ինչպես նշել է ԿԿՀ-ն, շահերի բախման իրավիճակ է ստեղծվել:
Համապատասխան որոշումը հանձնաժողովը կայացրել է 2022 թ. դեկտեմբերի 9-ին, սակայն այն ԿԿՀ կայքում տեղադրվել է վերջերս: «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ այդ ժամանակ գործող իրավակարգավորումների համաձայն (ԿԿՀ-ի այս որոշումից հետո փոփոխություններ են կատարվել օրենքում)՝ «շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»:
Նույն օրենքի համաձայն՝ «պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ իր կամ իր հետ փոխկապակցված անձի … իրավական դրության բարելավմանը, … իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը»։
Կարդացեք նաև
Օրենքի իմաստով եղբայրը եւս համարվում է փոխկապակցված անձ: Ընդ որում՝ օրենքը նշում է. «Պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման հանգեցնող գործողություններից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: