Ինչպես տեղեկացրել ենք, ԲԴԽ-ն երեկ որոշում է կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ բոլոր 4 դատավորներին տեղափոխել մայրաքաղաք։ Սա հարուցել է Շիրակի մարզի փաստաբանների, կալանավորների, քաղաքացիների զայրույթը։
Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց, որ ԲԴԽ-ի այս որոշումն անակնկալ չէ, կանխատեսելի էր, սակայն զայրացնող է,անլուրջ է, տրամաբանությունից դուրս է, ապաշնորհ է ու անհասկանալի։
«Շիրակի մարզում կա չորս դատավորի հաստիք, հունվարի 18-ին որոշում կայացվեց չորսին էլ տեղափոխել Երևան։ ԲԴԽ-ն է որոշում կայացրել, նախագահի հրամանագրերը դեռ չկան, հենց եղան, նրանք լինելու են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ։
Մենք՝ փաստաբաններս, այս խնդիրը բարձրաձայնել ենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործերի քննությունը կոլապսի առաջ է կանգնած։
Կարդացեք նաև
Գործերը կուտակվում են, դատավորները տեղափոխվում են, իրենց վարույթում եղած գործերը տալիս են նոր եկած դատավորներին, և ստիպված ենք զրոյից սկսել գործերի քննությունը։
Գործի քննությունը տևում է տարիներ, որի ընթացքում անձանց նկատմամբ կիրառված են լինում խափանման միջոցներ, անձինք չգիտեն՝ իրենց կյանքը ինչպես պլանավորեն․ ի վերջո դատվելո՞ւ են, չեն դատվելու։ Փաստաբանների մոտ են գործերը կուտակվում, ծանրաբեռնվածություն առաջացնում, մարդիկ զրկվում են իրենց գործը ողջամիտ ժամկետներում քննություն ունենալու իրավունքից։ Դա արդեն իրավունքի խախտում է ՝ անկախ գործի ելքից։
Կարծես դատարանի չորս հաստիքներն էլ համալրվել էին, բայց հիմա չորսն էլ տեղափոխվում են՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ։ Զարմանում եմ՝ Բարձրագույն դատական խորհուրդն ի՞նչ տրամաբանությամբ է կադրերին նշանակում և ի՞նչ տրամաբանությամբ է այս որոշումները կայացնում, Շիրակի մարզի ազգաբնակչությունն արդար դատաքննություն ունենալու իրավունք չունի՞։ Տարիներով քրեական գործեր են քննվում, որոնք արդեն մի քանի անգամ ստիպված ենք եղել զրոյից սկսել», -ասում է Արամայիս Հայրապետյանը։
Փաստաբանը պնդում է, որ պետության փողերը վատնվում են, դատավորին աշխատավարձ են հատկացնում, սակայն նա քրեական գործի քննությունը ընթացքի կեսից թողնում է, տալիս ուրիշ դատավորի։
«Դատավորի ստացած աշխատավարձը, այդ գործի վրա ծախսած միջոցները՝ թուղթ է, ծանուցումները փոշիանում են։ Նյութական իմաստով էլ է աբսուրդ, անտրամաբանական։
Չորս դատավորներից ենթադրենք երկուսը կամ մեկը տեղափոխվում են, մնացածը գործուղվում են, սահմանափակ ժամկետով են բնականաբար գործուղվում և այնքան ժամանակով, մինչև հաստիքները համալրվեն։ Մինչև հաստիքների համալրումը իրենց տալու են գործեր, որոնք դարձյալ քննվելու են զրոյից։ Դա էլ հարցի լուծում չէ, միևնույն է՝ այդ գործերը շրջապտույտի մեջ են լինում։
Տարիներով քննվող քրեական գործեր ունեմ, նախկինում եթե արդարացում էինք ունենում, հաջողություն էինք համարում, հիմա գործն ավարտվում է, հաջողություն ենք համարում,դատվում են, չեն դատվում մարդկանց չի հետաքրքրում։
Մարդիկ նույնիսկ ասում են՝ կհրաժարվենք մեր իրավունքներից, շուտ մեզ դատեք, պրծնենք՝ իմանանք գաղութ ենք գնալու, թե աշխատանք փնտրելու ենք գնալու։
Չեն թողնում մարդիկ ամուսնանան անգամ, պաշտպանյալ ունեմ, ասում է՝ վերջն ամուսնանա՞մ, թե՞ չէ․ տարիներով գործը դատարանում է։ Համոզեցինք, ամուսնացավ, հիմա ասում է՝ գնացի գաղութ, կնոջս դու ես պահելու։ Էս վիճակն են դարձրել, ծիծաղում ենք, բայց ողբերգական վիճակ է։
Սա անլուրջ մոտեցում է, ոնց կարող ես չորս դատավորի միանգամից տեղափոխման որոշում կայացնես, կարևոր չէ, որ պահին իրենք կտեղափոխվեն»։
Արամայիս Հայրապետյանն ասում է, որ շուտով փաստաբաններ էլ ծանրաբեռնվածությունից ելնելով՝ չեն հասցնելու ներկայանալ դատական նիստերին։ Փաստաբանների մոտ էլ գործերի կուտակումներ են ստեղծվել։
«Ես իմ մոտ ունեմ 2018 թվականից մուտքագրված քրեական գործ, որի դատաքննությունը դեռևս չի սկսվել, հիմա այդ մարդն ապրուստի միջոց չունի, իր ապրուստի միջոցն արտագնա աշխատանքն է, նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակված է։
Ինքը մի 4-5 տարի էլ չի կարողանալու գնալ, հոդվածն էլ այնպիսին չէ, որ ասես ծանր է, դժվար քննվող քրեական գործ է, քրեական գործը չի քննվում զուտ դատավորների տեղափոխությունների պատճառով»։
Ըստ փաստաբանի, եթե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ես աշխատանքի ընդունում, գոնե համաձայն պիտի լինի առնվազն 3-4 տարի աշխատելու, ոչ թե 6-7 ամիս աշխատի ու տեղափոխվի։ 6-7 ամսվա ընթացքում նա ոչ թե խնդիր է լուծում, այլ խնդիրներ է ստեղծում։
«Ոլորտը հասարակ ոլորտ չէ, արդարադատություն իրականացնող մարմին է, հիմա ի՞նչ անենք, մենք էլ որոշենք չգնա՞լ դատական նիստերի կամ գործեր չվերցնել ու ժողովրդին ասել՝ մենք ձեզ փաստաբանական ծառայություններ չենք մատուցում, գնացեք, ինչ ուզում եք արեք, դատարան չունենք։
Փաստաբանների աշխատանքի որակն էլ շուտով ընկնելու է, որովհետև իրենք ծանրաբեռնվելու են, այլևս չեն հասցնելու սպասարկել մարզի ազգաբնակչությանը։ Ինչի՞ համար, որովհետև ԲԴԽ-ն անտրամաբանական կերպով որոշել է, որ կարելի է անձին բերել, 6 ամիս ասել՝ դու դատավոր ես ու տանել Երևան։ Ինչի՞ Երևանի ազգաբնակչությունը կարիք ունի դատարանների, Շիրակի մարզի ազգաբնակչությունը չունի՞»։
Արամայիս Հայրապետյանը նշում է, եթե անգամ Շիրակի մարզից կադրեր չկան, որ մարզի դատարանում աշխատանքի ընդունեն, ԲԴԽ-ն դատավորներ նշանակելիս՝ պիտի նախազգուշացնի, որ նախատեսում է առնվազն 3-4 տարի աշխատել այնտեղ, որտեղ ուղարկում են։ Եթե անձը համաձայն չէ, թող չնշանակվի։
«Բայց եթե սա իրենց համար տրամպլին է, որ դատավոր դառնան ու տեղափոխվեն Երևան, դա անհարգալից վերաբերմունք է մեր ազգաբնակչության նկատմամբ»,-ասում է փաստաբանը։
Մեր զրուցակիցը նշում է, որ Շիրակի մարզի կադրերի մեջ կան լավ մասնագետներ, և ինքն ափսոսում է , որ նրանք տեղափոխվելու են Երևան։ Փաստաբանն ասում է, որ այս վիճակը ստեղծվել է 2018 թվականից, Շիրակի մարզում նշանակվում են մայրաքաղաքից, մարդկայնորեն հասկանալի է նրանց տեղափոխումը մայրաքաղաք, սակայն արդյունքում ողջ մարզը չի կարողանում ունենալ դատարանի մատչելիություն, դատաքննությունները դառնում են ձևական, որովհետև այդ գործերը չեն ավարտվելու։
Մեր զրուցակցի փաստմամբ, հարևան Լոռիում այս նույն վիճակը չէ, այնտեղ միայն դատարանի գերծանրաբեռնվածության խնդիր կա։
Մենք թեմայի շուրջ պարզաբանումներ են խնդրել ԲԴԽ-ից, մեզ խոստացան այս մասին խոսել երկուշաբթի։
Ի դեպ, այսօր առիթ ունեցանք անցնելու Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմացով․ դատարանի դռները կարծես փակ լինեին․ ո՛չ մուտքի մոտ, ո՛չ ներսում որևէ քաղաքացի չկար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ