Գեղարքունիքի մարզի N զորամասի հրդեհի հետեւանքով մահացած զինվորներից 2-ը Տավուշի մարզից են։ Նրանցից մեկը՝ Գոռ Մարտիրոսյանը Դիլիջան քաղաքից էր, 19 տարեկան, տաղանդավոր նկարիչ։ Գոռը սովորել է Դիլիջանի «ՀՈՎՀ.ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ում, ապա Երևանում ընդունվել գեղարվեստի պետական քոլեջ։
Գոռ Մարտիրոսյանի հարազատներն Aravot.am-ի հետ զրույցում նշեցին, որ չեն կարողացել ճանաչել նրա մարմինը և դեռևս սպասում են ԴՆԹ հետազոտության արդյունքին։ Հրդեհից մահացած մյուս ժամկետային զինծառայողը Պավլիկ Աբազյանն է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից։ Նա կյոկուշինկայ կարատեի Հայաստանի եռակի չեմպիոն էր։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող։