Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնող կա՝ ուզում է տղան բանտ նստի, մենակ թե բանակ չգնա․ ժողովուրդ, ոտքի ելեք, բանտերին էլ է սա հասնելու»

Հունվար 20,2023 17:59

2022թ․-ի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ ոստիկանների կողմից բռնության ենթարկված զոհված զինծառայողների ծնողներն այսօր կրկին ՀՀ քննչական կոմիտեում էին՝ բացատրություններ պահանջելու, թե ինչու մինչեւ հիմա հարուցված քրեական գործով չկան պատասխանատվության ենթարկվածներ։ ՔԿ վարչության պետերից մեկի հետ փակ հանդիպումից հետո ծնողները վրդովված էին, ասացին, որ նույն շրջապտույտի մեջ են․ խոստանում են, թե իբր աշխատում են։

«Առերեսվել եմ, ոստիկանը ներողություն է խնդրել, հետեւաբար՝ հասկանում է, որ ծնողի հանդեպ սխալ քայլ է արել։ Առերեսումները կասեցված են, դրա համար եկել ենք այստեղ՝ հասկանալու, թե ինչ են արել։ Մինչդեռ վաղուց մի քանի հոգու պետք է պատժված տեսնեինք։ Ասում են, թե Խուդինյան Արթուրն է հրահանգել, բայց հրամանը եկել է վերեւներից, նա չէր կարող ինքնուրույն նման բան որոշել: Մեզ հոգեպես շատ է ճնշել 15 տղաների մահը, եւ իրենց հարգելով՝ այստեղ այսօր ուրիշ գործողություններ չենք անում։ Առաջինը պետք է պատժվի Նիկոլը»,-լրագրողների հետ զրույցում ասաց 2020թ․-ի պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը:

Ապա նա դիմեց հասարակությանը․ «Կարող է հոգնել եք մեր դեմքերից ու պայքարից, բայց երեկվա 15 տղաները, դրանից առաջ սպանվածները, ամեն ինչը մատնված է անտարբերության։ Բանակում համակարգ չունենք, ամեն ինչ թուլացած է։ Եկեք հավաքվենք, որ վերջ տանք այս ամենին։ Ծնող կա՝ ուզում է տղան բանտ նստի, մենակ թե բանակ չգնա։ Ժողովուրդ, բանտերին էլ է սա հասնելու… Հասկանում եմ, որ մեր ցավը մենակ մենք ենք զգում, բայց հասկացեք, որ այդ ցավը ձեր տուն էլ է մտնելու։ Իմ տղան զոհվել է, իմ ճակատը պարզ է։ Վաղը մյուս օրն անգամ հպարտանալու առիթ չեք ունենալու։ Թուրքը շատ մոտ է։ Դուք գիտե՞ք, որ Ալիեւը հայտարարել է, որ իրենց բանակի օրը շնորհավորելու է Երեւանից։ Հասկանո՞ւմ եք դա ինչ է նշանակում, մենակ մե՞նք պետք է մտածենք երկրի ապագայի մասին»։

2020թ․-ի պատերազմում զոհված Մխիթար Գալեյանը մայրը՝ Աստղիկ Գալեյանն էլ իր հերթին դիմեց հանրությանը․ «Երեկ մի գրառում տեսա, որ զոհվածների ծնողներն առաջինը պետք է ոտքի կանգնեն։ Մենք ապրիլից ոտքի կանգնած ենք։ Թեկուզ ուշ, բայց կանգնած ենք, քանի՞ քաղաքացի է եկել մեր կողքը։ Իմ պատկերացմամբ՝ երեկ հրապարակը մարդկանց բազմությունից պետք է պայթեր, բայց անտարբերություն է։ Մեր ցավի հետ մեկտեղ մենք պայքարում ենք։ Ժողովուրդ, եկեք ու միացեք ծնողներին, այլապես ունեցածն էլ ենք կորցնելու»։

Մայրերը նշեցին, որ երեկվա ողբերգական դեպքն անպատժելիության, ամենաթողության հետեւանք է․ եթե նախորդ դեպքերի մեղավորները պատժվեին, չէր լինի դրանց շարունակությունը։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031