Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախկինները որ լափել են, գիտենք, բայց գոնե դավաճան չէին․ բայց եթե 18թ․-ին Նիկոլին ընտրեցին վարչապետ, իրենք էլ են դավաճան»

Հունվար 20,2023 17:49

2022թ․-ի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ ոստիկանների կողմից բռնության ենթարկված զոհված զինծառայողների ծնողներն այսօր կրկին ՀՀ քննչական կոմիտեում էին՝ բացատրություններ պահանջելու, թե ինչու մինչեւ հիմա հարուցված քրեական գործով չկան պատասխանատվության ենթարկվածներ։ ՔԿ վարչության պետերից մեկի հետ փակ հանդիպումից հետո ծնողները վրդովված էին, ասացին, որ նույն շրջապտույտի մեջ են․ խոստանում են, թե իբր աշխատում են։

«Երեկ՝ տղաների մահից վեց ժամ անց, Արգիշտին զեկուցում էր, թե ինչ է տեղի ունեցել, թե ամեն ինչ բացահայտվել է։ Զարմանալի է։ Մեր դեպքից հինգ ամիս է անցել, կան փաստեր, լուսանկարներ, տեսանյութեր, պարզ է, թե որ ոստիկաններն էին անողները, բայց մինչեւ հիմա որեւէ կարմիր բերետավորի մեղադրանք չի առաջադրվել։ Երեկվա դեպքը ո՞նց են բացահայտել, եթե հինգ ամսվա դեպքը չեն կարողանում բացահայտել։ Ո՞նց են նման կերպ ստում»,-լրագրողների հետ զրույցում հարցադրում արեց 2020թ․-ի պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

Նա համոզված է, որ քննչական կոմիտեն եւս այն կառույցներից է, որոնք մեղսակից են պատերազմից ի վեր տեղի ունեցող մահաբեր դեպքերին․ «Քանի՞ անգամ ենք գոռացել՝ ծնողներ, ոտքի կանգնեք, սրանք տղա սպանելուց հաճույք են ստանում»։

Դառնալով Գեղարքունիքի մարզում հրդեհի հետեւանքով 15 զինծառայողի մահվան դեպքին՝ Գալեյանը հարցադրում արեց, թե ինչպե՞ս էր հնարավոր ժամեր անց միանգամից կառավարության նիստում վարկած հնչեցնել․ «Ինձ հետաքրքիր է, հենց Արգիշտին դեպքի վայրում եղե՞լ է որպես քննչական կոմիտեի ոչ բարով ղեկավար։ Հնարավոր չէր, որ վեց ժամում վարկածներ ունենային։ Ո՞նց բացահայտեցին։ Բա երեք տարի է գոռում ենք, որ դավաճանության պատճառով 5000 տղա սպանեցին՝ այնպես, ինչպես երեկ, ու մինչեւ հիմա չեն բացահայտել։ Դիտավորյալ են անում, որ բանակը քանդեն, պետությունն էլ հետեւից։ Իմ համար բոլորն էլ պատասխանատու են՝ նախկին, ներկա, եւ այն պատգամավորները, որոնք 2018թ․-ին Նիկոլ Փաշինյանին ընտրեցին վարչապետ։ Իրենք էլ են մեղավոր 5000 տղայի արյան ու այս շարունակական սպանությունների համար»։

Գարիկ Գալեյանը նաեւ հարցադրում արեց․ «Եթե երկրի վարչապետն ասում է, թե թուրք կոչվելուց վատ չի զգում, այս քննչական կոմիտեում բոլորը պատրաստ են դրան ծառայե՞ն։ Անինքնասերներ, չեն հասկանում, որ վաղը թուրքերն իրենց տուն են մտնելու, դրա համար օր առաջ պետք է կալանավորեն այս դավաճան իշխանությանը։ Էս ի՞նչ անտարբերություն է, էս ի՞նչ վիճակ է։ Էն նախկինները որ լափել են, բոլորս գիտենք, բայց գոնե դավաճան չեն եղել, բայց եթե 18թ․-ին Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում ընտրել են վարչապետ, իրենք էլ են դավաճան։ Նրանք էլ են մեղավոր իմ ու մյուս տղաների սպանության մեջ։ Սերժ Սարգսյանին էին մերժում, բա դրանք չէին գիտակցո՞ւմ ուր էինք գնում։ Հետո էլ Նիկոլից պաշտոն վերցրին։ Դավաճանությունը սարքեցին կապիտուլյացիա։ Ամեն օր նման դեպքեր են լինելու։ Երկրում ընդդիմություն չկա, բոլորը նույն դավաճաններն են, էս ի՞նչ վիճակ է»։

Ապա Գալեյանը խոսքն ուղղեց այն զինծառայողների ծնողներին, որոնք խաղաղություն մուրացողի կողքին կանգնեցին ու ընտրեցին վարչապետ՝ անարգելով տղաների արյունն ու շիրիմը․ «Քանի դեռ ձեր տղաները չեն զոհվել, ոտքի կանգնեք, որովհետեւ սա բոլորիդ տներն է մտնելու։ Դուք մեր բախտին եք արժանանալու, եւ չարությունից չէ, որ ես սա ասում են։ Սա ձեր դուռն էլ է հասնելու»։

Ավելի ուշ քննչական կոմիտեի վարչության պետերից մեկի հետ փակ հանդիպումից Գարիկ Գալեյանը վրդովված դուրս եկավ, ասաց, որ համբերությունը չհերիքեց. «Բառախաղով են զբաղված»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031