Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոչ մի պաշտոնյա որդու հետ պատահած դժբախտ պատահարից հետո իրենց չի այցելել. այրվածքներից մահացած զինվորի մայր

Հունվար 20,2023 17:23

Հունվարի 26-ին կլրանա ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի մահվան կես տարին: Հիշեցնենք՝ Պալյան Պողոսյանը Սիսիանի դիրքերում 2022 թվականի հուլիսի 17-ին գիշերը քնած ժամանակ վառարանից բռնկված հրդեհից այրվածքներ էր ստացել, ինչի հետևանքով հուլիսի 26-ին մահացել էր։ Դժբախտ պատահարից վեց ամիս անց Պալյանի ծնողների հետ հանդիպման համար ո՛չ ՊՆ նախարարը, ո՛չ վարչապետը ժամանակ չեն գտել:

Գալյա Այվազյանը՝ Պալյան Պողոսյանի մայրը, մեկ անցած տարի հուլիսի 17-ին է տղայի այրվածքների լուրից սարսափ ապրել, մեկ էլ նախօրեին  15 զինծառայողի ողջ-ողջ այրվելու լուրից. «Նույն ձեռագիրն է, լրիվ նույն ձեռագիրը: Ժամն էլ է բռնում, երեխեքի քնած վիճակն էլ: Նույնն է: Այն բոթը, որ նույն պահին Պալյանիս համար եմ լսել, նույնը նախօրեին վերապրել եմ: Տարբեր վարկածներ կարելի է շրջանառել, բայց որ կացարանից ոչ մեկը չի կարողանում դուրս պրծնել, շատ զարմանալի է, էդ ինչ հրդեհ է, էլի…Մարդիկ համբերություն են ինձ մաղթում, ասում են՝ պետք է իրականության հետ հարմարվես, բայց ինչի՞ն հարմարվենք մենք: Ինչի՞ն համբերեմ, իմ երեխեն դատապարտված չէ, որ տասը տարի հետո հետ պիտի գա, ես էլ համբերեմ: 20 տարի երեխա չեմ պահել, մեծացրել, որ ինչ-որ անհայտ, անհասկանալի պայմաններում հօդս ցնդի: Տղաս, որ պիտի զորակոչվեր՝ ինձ հարցրեց՝ մամ ուզո՞ւմ ես, գնամ, ծառայեմ, ես ասացի՝ հա տղես, դու հայրենիքիդ, իմ ու քույրերիդ պաշտպանն ես, մեր զինվորը: Հիմա իր նկարի առաջ կանգնած ինձ մեղավոր եմ զգում, որ ես եմ այդ բառերն իմ երեխուն ասել»:

Գալյա Այվազյանը Aravot.am-ին պատմեց, որ ոչ մի պաշտոնյա որդու հետ պատահած դժբախտ պատահարից հետո առայսօր իրենց չի այցելել, չի ցանկացել հետները հանդիպել: Ըստ նրա՝ ՊՆ-ից նախարարի խոսնակն է միայն մեկ անգամ այցելել իրենց, երբ որդին դեռ հիվանդանոցում էր. պետությունը նույնիսկ որդու համար դեղորայքի կարիքը չի հոգացել, իրենք են իրենց ֆինանսական միջոցներով ամեն ինչ արել. «Մեզ մեր ցավի հետ մենակ թողեցին: Երեխուս մահվան 6 ամիսը մի քանի օրից կլրանա, մի օր մեկը մեր դուռը չի բացել: Մինչեւ այսօր ոչ մի ռեալ պատասխան չկա իրենցից, տեղյակ չենք մահվան հանգեցրած հրդեհի հանգամանքներից: Ասում են՝ սպասում ենք փորձաքննության պատասխանին, կես տարի է՝ սպասում ենք: Նույնիսկ մենք կասկածում ենք, որ դիվերսիոն խումբ է հարձակվել: Ծառայակից ընկերներից ոչ մեկը չի խոսում…Երեխեքը գիշերը ժամը 01-ին պոստը հանձնել, եկել են հանգստանալու, ժամը 02-ին հրդեհը բռնկվել է, տեղեկություն ունեմ, որ չոլի մեջ կանգնած մի անսարք մեքենայից բենզին են տարել, լցրել վառարանի մեջ, ինչից հրդեհ է բռնկվել. էսքանը»:

Մահացած Պալյան Պողոսյանի մայրը վրդովվեց, որ որդու մահից վեց ամիս անց զինվորների կացարաններում դեռ չեն պահպանվում անվտանգության տարրական նորմերը. «Հակահրդեհային անվտանգության կանոններն ընդհանրապես չեն պահպանվում, դեղորայք չկա, խստություն չկա, կարգ ու կանոն չկա, ոչ մի բան չկա.. էս պաշտոններից, որ հեռացնում են, ծիծաղելի է, խնդրի լուծում չէ, պետք է պատասխանատվության ենթարկվի մեղավորը, որ մյուսը նույն սխալը չկրկնի: Մեր երեխեքը հավի ճուտ չեն, որ մի օրում անհասկանալի հանգամանքներում հօդս են ցնդում»:

Գոռ Աբրահամյան

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ Պալյան Պողոսյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել դատահրդեհատեխնիկական, դատաբժշկական և դատանյութագիտական փորձաքննություններ նշանակելու մասին, որոնց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել։ Այդ եզրակացությունները և դրան հաջորդող քննչական ու վարութային գործողություններն են առանցքային նշանակություն ունենալու ենթադրյալ հանցանքի, հանցանք կատարած անձանց առկայությունը պարզելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031