Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ եք տվել օգնությունը». Ավանեսյանը չի տրամադրել անվճար բուժօգնությունից օգտված քաղաքացիների տվյալները. Պատգամավորները պարզաբանում են ուզում

Հունվար 20,2023 16:57

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը առողջապահության հարցերի հանձնաժողովի հետ համատեղ նիստում պարզաբանումներ պահանջեց Հաշվեքննիչ պալատից եւ առողջապահության նախարարությունից:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ծառայությունների, ինչպես նաեւ սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն էր իրականացրել, որի արդյունքներն ու եզրակացությունը կասկածների տեղիք էին տվել:

Անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ հաշվեքննությունը ցույց է տվել, որ նախ սահմանափակ տեղեկատվություն են տվել պալատին, մասնավորապես, նախարարությունը չի տրամադրել ծրագրի ընթացքում ծառայություններից օգտված եւ էլեկտրոնային «Արմեդ» համակարգում արձանագրված դեպքերի, շահառուների նույնականացման, ինչպես նաեւ քաղաքացիներին տրամադրված ուղեգրերի մասին տեղեկատվություն: Նախարարությունը չի ունեցել ծրագրի իրականացման նպատակային ցուցանիշներ, ուստի հնարավոր չէ գնահատել արդյունավետությունն ու արդյունքները:

Հաջորդ էական հարցը վերաբերում է գների ձեւավորմանն ու հաշվարկմանը: Հաշվեքննության ընթացքում պարզվել է, որ նախարարը հայտարարել է անվճար տրամադրվող ծառայությունների գները, բայց թե ինչ մեթոդաբանությամբ են այդ գինը հաշվարկել, որտեղից են վերցրել, տեղեկատվություն չկա:

Պետբյուջեի միջոցների տնտեսման, նպատակային ծախսման նպատակով պիտի լինեն հսկման համակարգեր, բայց նախարարությունում այդ ժամանակահատվածում ներդրված չի եղել ներքին աուդիտի համակարգը եւ լիարժեք չի գործել պայմանագրով նախատեսված ստուգման գործառույթը:

ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված տեղեկատվության չտրամադրումը, ինչպե՞ս են բացատրել նախարարությունից: Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է եղել սկսած անձնական տվյալների գաղտնիությունից, օրենքի սահմանափակումից, մինչեւ «Արմեդ» համակարգից տվյալների արտահանման դժվարությամբ: Այնուամենայնիվ, արդյունքում հնարավոր չի եղել գնահատել ծրագրի նպատակային արդյունավետությունը, ծախսային արդյունավետությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց. «Հաշվետվությունը թերի է, ոչ լիարժեք տեղեկատվության հիման վրա ներկայացված հաշվեքննությունը չի կարող լինել ամբողջական: Առողջապահության նախարարությունը չի տրամադրում տեղեկությունը, չի ասում՝ չեմ ուզում ՝ չեմ տալիս, հիմնավորումներ կարող է բերել բազմաթիվ՝ սկսած նրանից, թե «Արմեդից» գնա հանիր: Ավելի կարեւոր խնդիրը հետեւյալն է՝ ո՞ւմ եք տվել օգնությունը: Կարող է առողջ մարդու փող եք տրամադրել եւ երկրորդը՝ այդ ծառայության արժեքից 5 անգամ, ավելի: Եթե այդ կարեւոր տեղեկությունները չկան, մենք ի՞նչ ենք չափել, դա նույնն է, որ սխալ տոնոմետրով չափես մարդու ճնշում»:

Նարեկ Զեյնալյան

Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ եթե նախարարությունը այդ տվյալները տրամադրեր, օրենք կխախտեր, իրավունք չուներ:

Իսկ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ նոր օրենսդրական փաթեթ է մշակվում, ըստ որի, եթե որեւէ պետական պաշտոնյայի հասանելի է տեղեկատվությունը, այն պետք է տրամադրվի եւ հասանելի լինի նաեւ Հաշվեքննիչ պալատին: Դա հնարավորություն կտա լուծել այդ հարցը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031