Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զինվորները ոչ թե այրվել են, ծխահարվել են». Ավետիք Չալաբյանը Ազատ գյուղի զորամասի ողբերգության մասին

Հունվար 20,2023 16:37

«ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կարծիքով, նախօրեին տեղի ունեցած ողբերգությունը պետք է ճիշտ գնահատվի եւ ճիշտ հետեւություններ արվեն, որպեսզի իրավիճակի կրկնություններ չլինեն:

Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասում տեղի ունեցածին, ինչի պատճառով ունենք 15 զոհ, երեք վիրավոր, Ավետիք Չալաբյանն ասաց. «Իմ կարծիքով, ճիշտ հետեւությունը հետեւյալն է. մենք ունենք իրավիճակ, երբ մեր զորքերը նահանջել են իրենց ունեցած դիրքերից, ցավոք: Ի դեպ, այդ հատվածում, զորքերը նահանջել են իրենց ունեցած դիրքերից, որովհետեւ քաղաքական ղեկավարությունն է այդպիսի որոշում ընդունել՝ Քարվաճառի շրջանը թղթով հանձնել թշնամուն: Քարվաճառի շրջանում կային նորմալ զորամասեր, մեր երեխաներն էլ ծառայում էին համեմատաբար նորմալ պայմաններում: Այդ քաղաքական որոշումն ընդունելուց հետո, զինվորները նահանջել են, տեղակայվել են Վարդենիսի տարածաշրջանի տարածքներում. հասկանալի է, որ այդտեղ զորամասեր չկան, այն զորամասն էլ, որ կար Սոթքում, ռմբակոծվել է 2021 թվականի սեպտեմբերի 13-ին, ամսի 14-ին, ստիպված, այնտեղից էլ են նահանջել: Այդ պայմաններում, բնականաբար, պետք են ժամանակավոր կացարաններ, բայց խնդիրն այն է, որ չի կարելի զինծառայողներին տեղավորել այդպիսի կացարաններում, որը հրդեհային անվտանգության պայմաններին որեւէ կերպ չի բավարարում: Ըստ ինձ հասած տեղեկությունների, հուսով եմ, որ կլինի քրեական գործ, մանրամասն հետաքննություն եւ բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն, բայց այդ կացարանը չի բավարարում հրդեհային անվտանգության պայմաններին, առնվազն երկու չափանիշով՝ վառարանը հենց դռան դիմաց է դրած, ուստի խանգարում է ելումուտին, եւ երկրորդ՝ պատուհանների վրա ճաղաշարեր են ու երբ ինչ-որ բան է տեղի ունենում, դուք չեք կարող նույնիսկ պատուհաններն օգտագործեք, որպեսզի դուրս գաք: Զինվորները ոչ թե այրվել են, ծխահարվել են: Եթե պատուհանների վրա այդ ճաղաշարերը չլինեին, զինվորները, գոնե մեծ մասը, կկարողանային դուրս գալ»:

Թե ժամանակավոր կացարաններ ընտրելիս ինչո՞ւ հաշվի չեն առնվել մի շարք հանգամանքներ, Ավետիք Չալաբյանը չգիտի, բայց փաստագրում է, որ 2022 թվականին, ՀՀ պետական բյուջեն պաշտպանության մասով թերակատարվել է. 9 ամսվա տվյալներով՝ 16 տոկոսով թերակատարված է, 12 ամսվա տվյալները դեռ հասանելի չեն: Այս թերակատարումն, ըստ Ավետիք Չալաբյանի առնվազն տարօրինակ է, երբ մնացած բոլոր մասերով բյուջեն ոչ միայն չի թերակատարվել, այլ գերակատարվել է, քանի որ 2022-ին բյուջեի եկամուտները գերազանցել են սպասելիքները. «Պարգեւավճարներ բաժանում են, շքեղ ավտոմեքենաներ գնում են, քաղաքը՝ զարդարում են, էլ ինչ ասես՝ անում են, բայց բանակի վրա փող չի հերիքում. ոչ թե չի հերիքում, փողն էլ հատկացված է, բայց չեն ծախսում»: Թե՝ ինչո՞ւ Ավետիք Չալաբյանի կարծիքով, կամ կա միտումնավոր անգործություն, կամ՝ ՊՆ-ի ներսում բյուրոկրատական գործընթացը թույլ չի տալիս ժամանակին գնումներ կատարել: Ամեն դեպքում, նա կարծում է, որ այդ հարցի հասցեատերը կառավարությունն է, վարչապետի աշխատակազմը:

Ավետիք Չալաբյանի համար առնվազն անհասկանալի է ժամանակավոր զորամասերի՝ Իտալիայից գնում կատարելը, այն դեպքում, երբ այդ շինությունները Հայաստանում էլ են արտադրվում՝ մի քանի արտադրողների կողմից: Նա տարակուսած է, որ երբ Երեւանում շինարարությունը եռում է, կառավարությունում գլխի չեն ընկել, որ այդ ժամանակավոր կացարանները կարելի է պատվիրել հայկական շինարարական կազմակերպություններին:

Այս եւ մնացյալ բոլոր հարցերի պատասխանները նա ակնկալում է կառավարությունից, իսկ հանրությանը հորդորում է՝ կտրուկ բարձրացնել անհանդուրժողականությունը գործող կառավարության նկատմամբ:

Ավետիք Չալաբյանն անթույլատրելի է համարում նաեւ բարձրագույն ղեկավարության ջանքերը՝ մեղքերը սպաների վրա բարդել, քանի որ ժամանակավոր կացարանները սպաների գործը չէ, այլ կառավարության ու եթե պատշաճ չի արվել գործը՝ պատասխանատուն կառավարությունն է:

Ավետիք Չալաբյանը նաեւ վտանգավոր եւ անթույլատրելի է համարում միանգամից յոթ բարձրաստիճան սպաների հեռացումը, որոնք պատասխանատու են ամբողջ կորպուսի աշխատանքի համար ու հետեւանքները կարող են շատ ավելի վատ լինել: Իր գնահատմամբ՝ պետք է յուրաքանչյուր սպայի պատասխանատվությունը պարզվեր, ապա նոր պաշտոնանկություններ արվեին. «Պետք չի միայն սպաների վրա նայել, պետք է նայել ՊՆ՝ գնումներն ովքե՞ր էին իրականացնում, կապիտալ շինարարությունն ովքե՞ր էին իրականացնում կամ ո՞վ չի իրականացրել, նախարարը հետեւե՞լ է դրան, փոխնախարարները հետեւե՞լ են, վարչապետը հետեւե՞լ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031