«Սա գերակա շահ չէ, գերակա շահույթ է»,-այս կարծիքին է հանրային գերակա շահ ճանաչված Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանը, որի բնակարան էին օրերս ներխուժել հարկադիր կատարողները եւ ուժ կիրառել։
Այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ Սաֆարյանն ասաց, որ իրեն պատկանող գույքը կառուցապատողը ամբողջությամբ չի գնահատում։ Այս տարածքում կառուցապատողը «Սիթի Սենթր Դիվելոմփենթ»-ն, նախատեսվում է կառուցել բնակելի թաղամաս, բիզնես կենտրոններ։
«15 տարի է՝ այս խնդիրը կա։ Հաշվում են միայն 815 քմ հողատարածքը։ Մի ժամանակ Հովիկ Աբրահամյանի տեղակալն եկել է մեր բնակարան, վերջերս էլ Նիկոլ Փաշինյանի ավագ խորհրդականն էլ եկել՝ բանակցությունների, ասում էին՝ երեք հարկանի շենքը չհաշվենք, միայն հողը հաշվենք։ Ես ասել են՝ դուք հիմա իմ տանն եք նստած, բա որ տունը չհաշվեք, բա ես հետո ի՞նչ եմ անելու»,-պատմեց Սաֆարյանը։
Ֆիրդուսի թաղամասի մի շարք բնակիչների ներկայացուցիչ, փաստաբան Հերմինե Ավետիսյանը ներկայացրեց իրավիճակը։ Ասաց՝ «Սիթի Սենթր Դիվելոմփենթ»-ը տվել է դատարան, ներկայացրել է գույքի գնահատման հաշվետվություն, որով գույքը գնահատվել է 408 մլն դրամ․ «Մենք չենք համաձայնել։ Միջնորդություն ենք ներկայացրել, որով հիմնավորել ենք, որ գնահատումը համարժեք չէ։ Դատարանը մեզ հետ համաձայնել է եւ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։ Մենք ներկայացրել ենք մեր թեկնածուին, ու այստեղից էլ սկսվել է խնդիրը։ Դատարանը չի ընդունել փորձագետի մեր թեկնածությունը։ Ընդունել է կառուցապատողի թեկնածուին, ընդ որում, կառուցապատողն իրավունք չուներ թեկնածու ներկայացնելու»։
Կարդացեք նաև
Ըստ փաստաբանի, դատարանն ընտրել է կառուցապատողի թեկնածուին՝ «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Ավետիսյանի խոսքով՝ այս ՊՈԱԿ-ը կայծակնային արագությամբ գործողություններ է իրականացրել, մինչդեռ հասարակ քաղաքացիների դիմումի դեպքում առնվազն երկու տարի տեւում է գործընթացը․ «Դատավորը, ԴԱՀԿ-ն, փորձագետը կայծակնային արագությամբ աշխատեցին։ Նրանք ծառայում են տարածքը ձեռքբերողի շահերին, ամբողջ պետական համակարգը լծված է կառուցապատողի շահերի պաշտպանությանը»։
Հիշեցնենք, հունվարի 13-ին ԴԱՀԿ աշխատակիցները դատարանի որոշմամբ ուժի դիմելով բացեցին Ֆիրդուսի թաղամասում գտնվող Սաֆարյանին պատկանող տան դռները՝ դատաապրանքագիտական փորձաքննության համար։ Սաֆարյանի փաստաբանն ասաց, որ ԴԱՀԿ-ի այդ գործողություններն այժմ վիճարկում են դատական կարգով, նրա կարծիքով՝ անիրավաչափ են եղել ԴԱՀԿ գործողությունները։
«Մենք դեռ վիճարկում ենք դատարանի՝ կոնկրետ փորձագետ նշանակելու որոշումը։ Բողոքարկման գործընթացում դատարանը տվել է կատարողական թերթ՝ փորձաքննությունը կոնկրետ փորձագետների կողմից իրականացնելու մասին։ Դատարանը պետք է սպասեր, մենք մեր բողոքարկման իրավունքն իրացնեինք, եւ այն լիներ ամբողջությամբ ոչ բողոքարկելի ակտ, եւ միայն դրանից հետո ուղարկեր ԴԱՀԿ-ին։ Եվ այս պարագայում բնակիչը չէր առարկի, որ իր բնակարանում գործողություններ իրականացնեին»,-ասաց փաստաբանը։
Սաֆարյաններին պատկանող գույքն ընդհանուր առմամբ 1059.5 քմ հողամաս է, որի վրա կա 770 քմ առեւտրային եւ բնակելի շինություն։ Փաստաբանի խոսքով՝ քանի որ շինությունը համեմատաբար մեծ է, կառուցապատողն ուզում է կոպեկներով շինության տեր դառնալ․ «Կառուցապատողը շուկայական արժեքը գնահատել է 1 քմ-ի դիմաց 710 դոլարին համարժեք դրամ, իսկ կենտրոնում շուկայական արժեքը 2500-5000 դոլար է»։
Մանրամասն՝ տեսանյութում
Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանն էլ ասաց, որ խնդիրը բազմիցս ներկայացել են կառավարությանը, խորհրդարանական լսումներ են եղել, առաջարկներ են ներկայացրել պաշտոնյաներին, սակայն որեւէ արդյունք չի եղել․ «9-ը առաջարկ ենք ներկայացրել եւ պատրաստ էինք քննարկումներին, բոլոր խնդիրներին ինչ-որ լուծում առաջարկում էինք, գործընթացը փակուղի չենք տանում։ Բայց իրենք գնում են զոռբայության ճանապարհով»։
ԴԱՀԿ գործողություններ մասին Աթոյանն ասաց՝ ԴԱՀԿ-ն ուժ գործադրելով ու տուն ներխուժելով վախի մթնոլորտ է սերմանում։
«Մենք մի քանի ամիս առաջ հայտարարել ենք, ասել ենք, որ ակնկալում ենք անձամբ վարչապետի մոտեցումն այս խնդրին։ Իմանանք՝ ի՞նչ է մտածում այս հարցի մասին։ Եթե ինքը այս հարցով մտածում է այնպես, ինչ ԴԱՀԿ-ն ու կառուցապատողն են անում, դա փոխում է մեր պայքարի տրամաբանությունը։ Մեզ մինչեւ հիմա թվում է, որ ներքին օղակներում ինչ-որ գործընթացներ են կատարվում՝ օրենքին ոչ համապատասխան, բայց ներկայացվում է, որ մարդիկ այնտեղ փտած տներ ունեն, մեկին՝ տասը փոխհատուցում են ուզում։ Հասկանանք՝ երկրի ղեկավարն ի՞նչ է մտածում այս մասին։ 115 հատ գույք կա այնտեղ, պիտի գան վտարե՞ն»,-ասաց Աթոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Նշենք, որ քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաեւ «Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Շողիկ Երանյանին, սակայն հրավերը մերժվել է։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի