Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ Սեյրան Օհանյանը միջնորդության մասին տեղեկացել է իրենցից, իրենք էլ՝ մամուլից. «Դատախազի միջնորդության պատճեն ո՛չ Սեյրան Օհանյանը, ո՛չ էլ խմբակցությունը չի ստացել»:
Թե ինչու են հենց հիմա դա անում՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց.«4 տարի շարունակ այս իշխանության քաղաքականությունն է եղել տարբեր տեսակ քրգործեր հարուցելով, կեղծ տեղեկատվությամբ հասարակության ուշադրությունը շեղելու, մոլորեցնելու, տարբեր մարդկանց թիրախավորելու, ինչպես եղավ երեկ, երբ Գեղարքունիքում տեղի ունեցած աննախադեպ ողբերգության համար միանգամից կարգվեցին մեղավորներ, թիրախավորվեց սպա, կապիտան, ինչպես եղել է տարիներ շարունակ»:
Հարցին՝ խոսում եք այսօր բանակից, այնուամենայնիվ, ՊՆ նախկին նախարարներ, բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ ինչպե՞ս են կարողացել միլիոնավոր դոլարի արժողությամբ դղյակների տեր դառնալ, սա արդյոք չի՞ բնորոշում մեր բանակի այսօրվա անմխիթար վիճակը՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Իհարկե, ցանկացած անօրինական հարստացած մարդ պետք է պատասխան տա: Այսօր ֆեյսբուքը հիշեցրեց, որ 2018-ին ճիշտ այս օրը ես որդուս ճանապարհել եմ բանակ ու առանց որեւէ մտահոգության, առանց որեւէ անհանգստության: Բառացիորեն հրդեհից 1 օր առաջ Սուրեն Պապիկյանին գրություն ենք ուղարկել, որ պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորներին հնարավորություն տա կենտրոնական զորահավաքային կայան գնալու, ծանոթանալու զորակոչին: Այսօր մեկ էլ տեսնում եմ որդուս ճանապարհելու լուսանկարը ու մտածում եմ՝ այսօր զորակոչ է, երեխային բանակ ճանապարհող ծնողն ի՞նչ վիճակում է: Հաճախ մենք մոռանում ենք այն հպարտությունը այսքան հարվածից հետո, այն կազմակերպվածությունը, մոռանում ենք, որ մեր ամբողջ ժողովուրդն ինչ հպարտությամբ էր հրապարակում տեղի ունեցող զորահանդեսներին հետեւում: Ամեն անգամ իշխանության այդ փոքրոգի բանը՝ բա ձեր «կանսերվի բանկեքը», բա ձեր…Մի հատ առաջնագծում ծառայող որեւէ սպայի հարցրեք »կանսերվի բանկեն» ճի՞շտ է, թե՞ չէ: «Կանսերվի բանկով» չի, որ առաջնագիծ է կահավորվել, բայց դա էլ միջոց է: Ապրիլյանի ժամանակ CD էին կամավոր հավաքում, որը եւս միջոց է: Ես չեմ ասում առաջնագծի կահավորման աշխատանքները իդեալական են եղել, բայց նույն առաջնագծի կահավորման աշխատանքին հավելյալ ամեն մեկն իր միջոցներն են օգտագործվել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ