Հունվարի 20-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ արտահերթ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ՝ Արազ Պապիկյանն ու Սուրեն Մինասյանը, ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի մասնագետները, ինչպես նաև ՏՄ կառուցվածքային և բոլոր տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից աշխատանքային խորհրդակցության ընթացքում պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվեց հանձնարարական սեղմ ժամկետներում իրականացնել հրդեհատեխնիկական հետազոտություններ և վերահսկողական խիստ գործառույթներ հանրապետության տարածքում գործող քաղաքացիական բոլոր խոշոր օբյեկտներում՝ մասնավորապես՝ առևտրի խոշոր կենտրոններում, փայտամշակման, տպագրական արտադրամասերում, նավթամթերքի պահեստարաններում, ընդհանուր նշանակության պահեստներում, բազաներում և հասարակական նշանակության այն օբյեկտներում, որտեղ կարող է լինել մարդկանց մեծաքանակ կուտակումներ։
Գարեգին Խաչատրյանը նշեց, որ հրդեհատեխնիկական հետազոտության ավարտից հետո Տեսչական մարմնի կողմից կկայացվի գործունեության կասեցման կամ շահագործման դադարեցման որոշումներ բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, որոնց կողմից շահագործվող շենք-շինություններում Տեսչական մարմնի մասնագետները կարձանագրեն հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության ապահովման համար։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին