Լրահոս
Օրվա լրահոսը

Թոռնիկ Ալեյանը անհետաձգելի ժողովի էր մասնակցում, դատարան չէր եկել

Հունվար 20,2023 15:40

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստին այսօր պետք է հարցաքննվեր հիմնական վկա Թոռնիկ Ալեյանը: Վերջինս, սակայն, դատարանին ծանուցել էր, որ անհետաձգելի ժողովի է մասնակցում եւ չի կարող ներկայանալ դատարան: Նախապես նիստը նշանակված էր 11.00-ին, դատարանը տեղեկացրեց, որ Թոռնիկ Ալեյանը 11.00-ի նիստին ներկայացել էր, սակայն, տեղեկանալով նիստի՝ ժամը 14.00-ին հետաձգման մասին, փոխանցել է, որ նշանակված ժամին չի կարող գալ: Նիստը հետաձգվել էր դատարանի նախաձեռնությամբ: Մյուս վկան՝ Վարդան Բրուտյանը ևս հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել էր, որ անհետաձգելի ժողովի է մասնակցում, ուստի դատական նիստին չի ներկայանալու:

Հիշեցնենք, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր Ավետիք Չալաբյանի գործով նիստը։ Հիշեցնենք, նաեւ որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար:

Ավետիք Չալաբյանի պաշտպանները հիշեցրին, որ դատարանը այսօր,ժամը 11.00-ին նշանակված նիստի համար (ավելի ուշ, դատարանի նախաձեռնությամբ, նիստը տեղափոխվել էր 14.00), Թոռնիկ Ալեյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել եւ կարծիք հայտնեցին, որ դատարանը պետք է հարկադրանքի մեխանիզմ կիրառի վկայի նկատմամբ, քանի որ արդեն չորրորդ նիստն է կայանում, որին Թոռնիկ Ալեյանը չի ներկայանում, որպեսզի հարցաքննվի:

Ավետիք Չալաբյանի պաշտպանները նաեւ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Հիմքում ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն է, որով որ ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ Մնացական Մարտիրոսյանի որոշումը եւ նախորդ դատական նիստում դատարանի դրսեւորած վարքագիծը, երբ վկա Արմեն Սողոմոնյանի հարցաքննության ժամանակ, ըստ պաշտպանական կողմի, դատարանը փաստացի խոչընդոտեց, որպեսզի վկան հայտնի իրեն հայտնի տեղեկությունները: Չալաբյանի պաշտպանական խումբը ակնհայտ է համարում, որ վկայի՝ թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում տրված ցուցմունքներում առկա են էական հակասություններ, որի պարզաբանման՝ պաշտպանական կողմի ջանքերին, դատարանն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել, այդպիսով փորձելով կանխել վկայի ցուցմունքի՝ հնարավոր անարժանահավատության բացահայտումները:

Միջնորդությունը կքննարկվի արդեն հաջորդ դատական նիստում: Նիստը կկայանա մարտի 2-ին, ժամը 10.00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031