Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆ նախարարը սափրվել, փողկապը կապել, կոստյումը հագել, իր նոր գնված թանկարժեք բնակարանից եկել էր նիստին, սրանք հասկանո՞ւմ էին ողբերգության ծավալը». Գեղամ Մանուկյան

Հունվար 20,2023 15:25

«Այդ ողբերգությունը եւս մեկ անգամ փաստեց, թե ինչ խայտառակ փնթի վիճակում է այսօր մեր անվտանգային համակարգը, մեր զինված ուժերը, որքան տարբեր են իշխանության հոխորտանքները, սեփական քարոզչության համար գլուխ գովելը, սոցցանցերում տարատեսակ լուրեր, լուսանկարներ հրապարակելով՝ միայն սեփական վարկի ու հեղինակության քարոզչության մասին մտածող իշխանությունը եւ իրականությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությանը, որի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, եւս 3-ը, ըստ ՊՆ տեղեկատվության, տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:

Նա ասաց, որ մեր հայրենակիցները պարզ տեսնում են, թե ինչ է կատարվում սահմանին ու զորամասերում. «Հիմա բոլորը խոսում են Իտալիայից մոդուլային տների մասին: Եթե երեկվա հրդեհը չլիներ, որեւէ մեկը տեղյա՞կ էր Իտալիայից մոդուլային կացարանների մասին: Երկար ժամանակ է՝ այդ տնակները զինված ուժերում կիրառվում են, Սյունիքում արդեն ամիսներ շարունակ կան, Հայաստանում արտադրվում են: Ինչ-որ մեծ բան չէր, բայց պատճառահետեւանքային կապը պետք է տեսնել, ինչո՞ւ էին Ազատ գյուղում այդ հյուղակում տեղակայվել մեր զինվորները՝ մի ամբողջ վաշտ: Թշնամու դիտարկման տակ թերեւս ավելի հարմար է բնակելի տան մեջ պահել, բայց ինչո՞ւ հենց թշնամու դիտարկման տակ, որովհետեւ դրան նախորդում է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ագրեսիան, դրան նախորդում է 2021-ի մայիսի ագրեսիան, դրան նախորդում է 2020-ի նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարությունը, որը, առանց որեւէ ուղեղ աշխատեցնելու, հապշտապ զիջումների գնալով՝ մենք չունեցանք Գեղարքունիքի հատվածում նոր ձեւավորված առաջնագիծ, մարտական հենակետեր»:

Գեղամ Մանուկյանը զարմացած է՝ գիշերով հրդեհ է եղել, ողբերգություն ու դեպքի վայր ՊՆ բարձրաստիճան ղեկավարությունը՝ ՊՆ նախարարի գլխավորությամբ չեն գնացել. «Առավոտը ՊՆ նախարարը սափրվել, փողկապը կապել, կոստյումը հագել ու իր նոր գնված բավականին թանկարժեք բնակարանից եկել հասել էր կառավարության նիստին: Սրանք հասկանո՞ւմ էին ողբերգության ծավալը, հասկանո՞ւմ էին մարդկանց ինչ զայրույթ կարող էին առաջացնել եւ հապշտապ հրաման, հրաման, հրաման ազատեցին, ազատեցին: Բոլորը պատասխանատու են, ոչ մեկին չեմ ուզում արդարացնել: Թող հետո չարդարանան, ասեն՝ բա գիտեք, մենք զեկուցում էինք: Թող ձեռները սեղանին խփեին ու իրավիճակ փոխեին: Թող ձեռները սեղանին խփեին ու տարածքային կառավարման նախարարն ու Նիկոլ Փաշինյանը առաջնագիծ կահավորեին ու նոր կեցավայրեր կառուցեին: Ոչ մեկին չարդարացնելով՝ հապշտապ, առանց ծառայողական քննության, ամբողջությամբ գլխատել նման կարեւոր առաջնագծի անվտանգությունն ապահովող հսկայական զորամա՞ս: Թացն ու չորը միասին, նույնիսկ կարեւոր չի եղել այս իշխանության համար ովքեր են պատասխանատու, նրանց պատասխանատվության ենթարկեին: Երեք տեղակալներից մեկին են ազատել՝ մարտական հերթապահության գծով, որն առաջնագծի համար է պատասխանատու: Ամեն մեկն իր տեղում պատասխանատու է, բայց կա քաղաքական պատասխանատվություն»:

Գեղամ Մանուկյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունները թշնամուն տված բանավոր խոստումների արդյունքում այն ամբողջական աշխատանքները չեն իրականացնում բանակում, որը պետք է անեին ու կարող էին անել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031